Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր մնացած պաշտոնին 3 հոգի է հավակնում: Թե ինչպես է նրանցից մեկը՝ Գաբրիել Պողոսյանը, հանձնում իր քննությունը՝ դրա մասին համացանցում կա տեսագրություն, եւ բոլորը կարող են ծանոթանալ նրա մտավոր մակարդակին եւ գրագիտությանը: (Ի դեպ, վատ չէր լինի, որ նախագահի թեկնածուներն էլ նման հրապարակային քննություն հանձնեին՝ ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնար): Երեկ իրենց ասուլիսում բնապահպանները հայտարարեցին, որ պարոն Պողոսյանը միջնակարգ կրթություն ունի եւ ժամանակին մեղադրվել է որսագողության մեջ: Բայց չեմ կարծում, որ մնացած թեկնածուները, եթե նույնիսկ բարձրագույն կրթության դիպլոմ ունեն, այս մի հավակնորդից որեւէ բանով տարբերվում են: Եվ մրցույթն էլ ձեւականություն է. իրականում ամեն ինչ կանխորոշված է, ինչպես հիմա ընդունված է ասել՝ «կոռուպցիոն ռիսկերով»: Իսկ եթե խուսափենք այդ այլասացությունից եւ արտահայտվենք ավելի պարզ, ապա կարող ենք ասել, որ Խոսրովի արգելոցի տնօրենը նշանակվելու է փողով, կաշառքով եւ իր հետագա գործունեության ընթացքում փող է աշխատելու՝ այդ անտառում կազմակերպելով օլիգարխների եւ բարձրաստիճան պաշտոնյաների որսը, խնջույքներն ու խրախճանքները: Այդպես կլինի ոչ միայն այս երեքի, այլեւ ցանկացած այլ դեպքում, եթե տվյալ պաշտոնին նշանակվի «համակարգում փորձ ունեցող» որեւէ անձնավորություն: Ես կհավատամ, որ գործընթացը տեղի է ունեցել առանց կաշառքի այն դեպքում, եթե արգելոցի տնօրեն նշանակվի Մարիամ Սուխուդյանը կամ որեւէ մեկը նրա խմբից: Իհարկե, դա բացառված է, բայց եթե նույնիսկ զուտ տեսականորեն ընդունենք նման հնարավորությունը, ապա պետք է արձանագրենք. նման «սուխուդյանական» մարդու նշանակելն էլ է քիչ, որովհետեւ մեկ տարի աշխատելուց հետո նա, շատ հնարավոր է, ոչնչով չտարբերվի Գաբրիել Պողոսյանից եւ մնացած «համակարգում փորձ ունեցողներից», որովհետեւ փորձը, ինչպես հայտնի է, ձեռք է բերվում ժամանակի հետ:
Այնուամենայնիվ, մի դրական պահ կա. գոյություն ունեն հասարակական ակտիվիստներ, որոնց, իմ կարծիքով, կարելի է վստահել: Դրանով են նրանք տարբերվում քաղաքական գործիչներից, որոնք այսօր սրա հետ են, վաղը նրա հետ, այսօր «հորդորում են» մեկին փնովել, վաղը նույն մարդուն գովաբանել եւ այլն: Եվ դա նորմալ է, այդպիսին է քաղաքականությունը: Բայց բացի այդ «մարտավարական» խաղերից՝ պետք է լինի հասարակության ապաքաղաքական դիմադրություն ցանկացած չարիքին: Չարիք է քաղաքական նպատակներով մարդկանց հետապնդելը: Զվարճանալու համար կենդանիներ սպանելը նույնպես չարիք է, արյան տեսքից խանդավառվելը պաթոլոգիա է: Փողով պաշտոնի նշանակելը՝ նույնպես:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ