Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկքաղաքացին դատապարտվել է, կներկայացվի վերաքննիչ բողոք

Նոյեմբեր 24,2012 12:38

ԱՄՆ և ՀՀ քաղաքացի Ալֆրեդ Հարությունյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը բողոք կներկայացնի ընդդեմ ԱՄՆ-ից մաքսանենգությամբ գործարանային արտադրության ռազմամթերք ՀՀ տեղափոխելու գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի երեկ կայացրած դատավճռի: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ռ.Սիրեկանյանը:

Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Ա.Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Մաքսանենգությունը, և դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով:

Երկքաղաքացի, 1982թ.-ից ԱՄՆ-ի, իսկ 2010թ.-ից Հայաստանի որսորդ միությունների անդամ Ալֆրեդ Հարությունյանը 2009թ.-ին որոշել է մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում ու այդ նպատակով ԱՄՆ-ում եղած իր անձնական իրերը տեղափոխել է ՀՀ։ 2011թ-ի սեպտեմբերին վերադարձել է ՀՀ՝ իր հետ բերելով անձնական իրերի մի մասը, այդ թվում՝ երեք որսորդական հրացաններ, որոնց տեղափոխման և մաքսազերծման համար ՀՀ ոստիկանությունից ստացել է համապատասխան թույլտվություն։ Անձնական իրերի մնացած մասը փաթեթավորել և ՀՀ է ուղարկել բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության միջոցով։

2011թ-ի դեկտեմբերին տեղեկացել է, որ ՀՀ են հասել նաև ուղարկված անձնական իրերի մնացած մասը, 2012թ-ի դեկտեմբերի 12-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակցի կողմից բեռում հայտնաբերվել են մաքսանենգությամբ` ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված գործարանային արտադրության ռազմամթերք հանդիսացող թվով 175 հատ 7.62մմ տրամաչափի ակոսավոր որսորդական հրացանների և կարաբինների համար նախատեսված փամփուշտներ, 58 հատ 12 տրամաչափի որսորդական փամփուշտներ, 14 հատ 5.6մմ տրամաչափի օղակային բռնկման, սպորտային հրացանների, ատրճանակների և ռեվոլվերների համար նախատեսված նշանառու փամփուշտներ և 3 հատ սառը զենք հանդիսացող ծալովի դանակներ, ինչպես նաև սառը զենք չհանդիսացող 7 հատ տարբեր տեսակի դանակներ, ռազմամթերք չհանդիսացող 15 հատ 12 տրամաչափի պարկուճ, 1 հատ 5.6մմ տրամաչափի պարկուճ, 3 տուփ 5.5մմ տրամաչափի գնդակներ, 1 տուփ 4.5մմ տրամաչափի գնդակներ, 2 հատ ռադիոկապի միջոց, 1 հատ հրացանի խզակոթ, 1 հատ փողակալ, 1 հատ զենքերի օպտիկական սարքի ուղղորդիչ, 2 հատ գայլիկոն, 1 հատ պարուրակահան, 3 հատ հեղյուս, 1 հատ տափօղակ, 1 հատ հրացանի փակաղակի բռնակ, 1 հատ ռետինե առարկա և 2 հատ մետաղական բալոնով նյութ, որոնք վերցվել են և կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել՝ նշելով, մասնավորապես, որ որևէ դիտավորություն չի ունեցել ապրանքները չհայտարարագրելու կամ թաքցնելու: Պարզապես ԱՄՆ-ում երկար ժամանակ առաջ է իր իրերը դասավորել ու փաթեթավորել և մոռացել է, թե որ ապրանքը որ փաթեթում է տեղադրել, հակառակ դեպքում՝ օրենքով սահմանված կարգով դրանք կհայտարարագրեր: «Դրանց չհայտարարագրելը իմ կողմից որևէ իմաստ չուներ, ինչպես նշել եմ՝ ես ազատված էի մաքսային վճարներից», – նշել է ամբաստանյալը: Ըստ Ա.Հարությունյանի լրացուցիչ բացատրության, ինքը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն և ստացել ակոսավոր և ողորկափող հրացանների փամփուշտների 300 WIN MAG տրամաչափի 175, 12 տրամաչափի 60 հատ փամփուշտների և օդաճնշիչ զենքի 5.5մմ 1000 հատ, 4.5մմ 250 հատ մանրագնդակների և թվով 10 դանակների ներկրելու թույլտվություն: «Ինձ ոչ ոք չի ասել, որ պետք է հայտարարագրեի այդ ապրանքները, ես որևէ տեղ չեմ կարդացել այդ մասին, հակառակ դեպքում անպայման կհայտարարագրեի»,- իր դատաքննական ցուցմունքում նշել է ամբաստանյալը:

Ըստ պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանի, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցների վերլուծությունից պարզ է դառնում, որ Ա.Հարությունյանը ԱՄՆ-ից ՀՀ է ներկրել քաղաքացիական զենք, որի համար որպես օտարերկրյա քաղաքացի դիմել է ՀՀ ոստիկանությանը և ստացել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությունը մեղադրանքի հիմքում տեղ գտած ապրանքները ՀՀ ներկրելու վերաբերյալ:

Պաշտպանը գտնում է, որ հիշյալ ապրանքների չհայտարարագրելը կարող է առաջացնել միայն վարչական պատասխանատվություն, ուստի Ա.Հարությունյանը չպետք է քրեական պատասխանատվություն կրի և պետք է արդարացվի:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930