Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարը հաստատում է գերմանացիների կապը 1915-ի ցեղասպանության հետ

Նոյեմբեր 24,2012 09:37

Նորահայտ մի լուսանկար ցույց է տալիս կայզերական սպաներին թուրքական վայրագությունը ապացուցող տեսարանի առաջ, գրում է «Ինդիփենդենտ» թերթի Միջին Արեւելքի մշտական թղթակից Ռոբերտ Ֆիսքը: Ստորեւ նրա հոդվածը թարգմանաբար:

Ցարդ անտիպ մի լուսանկար, որ հավանաբար կատարվել է 1915-ին, ցույց է տալիս ավազի վրա սփռված մարդկային գանգերՙ մնացորդները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից սպանված հայերի: Գանգերի հետեւում լուսանկարվելու համար հատուկ կեցվածք են ընդունել երեք թուրք սպաներ բարձր, փափուկ գլխարկներով եւ աջ կողմումՙ մի փոքր հեռվում մի քուրդ: Մյուս երկուսը գերմանացիներ են կայզեր Ռայխ Շիրիՙ գերմանական բանակի զինվորական տափակ գլխարկներով, գոտիներով եւ բաճկոններով: Դա գազանությունը պատկերող լուսանկար է նման այն լուսանկարներին, որ նացիստներն էին հանում քառորդ դար անց իրենց զինվորներին կանգնեցնելով ողջակիզման ենթարկված հրեա զոհերի առաջ:

Գերմանացիները մասնակցե՞լ են 1915-ին քրիստոնյա հայերի զանգվածային կոտորածներին: Սա իր տեսակի մեջ միակ լուսանկարը չէ, բայց մինչ օրս գերմանացիները մեծ մասամբ իրենց պատասխանատու չեն համարում մարդկության դեմ գործված 20-րդ դարի առաջին ողջակիզման համար: Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքական նահանգներում գործող գերմանացի դիվանագետները սոսկումով եւ դատապարտելով են արձանագրել բռնի տեղահանություններն ու զանգվածային սպանությունները 1,5 միլիոն հայ քաղաքացիներիՙ թուրք ոճրագործներին «տականք» անվանելով: Գերմանացի խորհրդարանականները Ռայխսթագում դատապարտել են կոտորածները:

Գերմանական բանակի սանիտարական կազմի անդամ Արմին Վեգները, վտանգելով իր կյանքը, վշտալի լուսանկարներ է արել ցեղասպանության ժամանակ մահացած եւ մահացող հայերի: 1933-ին գերմանացի հրեաների անունից դիմել է Հիտլերին, հարցնելով նրան, թե ի՞նչ է պատուհասելու Գերմանիային, եթե նա շարունակի իր հետապնդումները: Բանտարկվել է եւ կտտանքների ենթարկվել գեստապոյի կողմից: Այսօր նա իր պատվավոր տեղն է զբաղեցնում Իսրայելի «Յադ Վաշեմ» հրեական ողջակիզման թանգարանում եւ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ հանգչում է նրա աճյունի մի մասը:

Հայկական այս հաստատությունը եւ նրա ժրաջան տնօրեն Հայկ Դեմոյանն են հայտնաբերել այս նորագույն լուսանկարը: Այն այլ նմանօրինակ լուսանկարների հետ կցված է եղել մի վերապրողի երկար ժամանակ կորած համարվող վկայությանը: Բոլոր լուսանկարներն էլ հանված են Երզնկա կոչվող տեղանքում, քաղաք, որի բնակչության մեծ մասը սպանվեց Էրզրումի ճանապարհին: Էրզինջանը կարճ ժամանակ գրավվեց (1916-ի հունիսին) թուրքական 3-րդ բանակի ձեռքից ռուս գեներալ Նիկոլայ Յուդենիչի կողմից, եւ հայերը, որոնք կռվում էին ռուսական կողմից, կարողացան լուսանկարչական եւ փաստագրական հարուստ վկայություններ հավաքել նախորդ տարի իրենց պատուհասած ցեղասպանության վերաբերյալ: Ռուսական թերթերը (Երեւանի թանգարանի արխիվներում) տպագրեցին այդ լուսանկարները: Հետո ռուսները ստիպված եղան նահանջել:

Վեգներին հաջողվեց նաեւ տեսարաններ լուսանկարել տեղահանության վերջին փուլի վերաբերյալ այն վայրերում, որ այսօր Հյուսիսային Սիրիայի սահմաններում են, որտեղ տասնյակհազարավոր հայեր մահացան ճամբարներում խոլերայից եւ արնալուծից: Երեւանի (Ցեղասպանության) թանգարանը վերջերս Ռակկայում եւ Ռաս էլ Այնում, հավանաբար վերապրողների կողմից գաղտնաբար հանված, մեծ թվով լուսանկարներ է ձեռք բերել: Դրանցից մեկի տակ հայերենով գրված է «Հայ գաղթականների քարավանը – Ռաս էլ Այն»: Լուսանկարը, որտեղ վրաններ եւ գաղթականներ են պատկերված, հավանաբար հանված է ճամբարին նայող մի պատշգամբից:

Մեկ ուրիշի վրա գերմաներեն գրված է «Հայկական ճամբար Ռակկայում»: Լուսանկարը հավանաբար արված է Վեգների զինվորական գործընկերներից մեկի կողմից եւ պատկերում է գորշ վրանների առաջ կանգնած մի խումբ տղամարդկանց ու կանանց: Դժբախտաբար բոլոր այն հայերը, որոնք 1915-ի տարագրությանը դիմացել էին, սպանվեցին հաջորդ տարի, երբ օսմանցի թուրքերը հասան նրանց հետեւից:

Գերմանացի որոշ հյուպատոսներ արտահայտվեցին Թուրքիայի դեմ: Ամերիկահայ գրող Պիտեր Բալաքյանը նկարագրել է, թե ինչպես գերմանացի բողոքականների մի հայցՙ ուղղված Բեռլին, նշում էր, որ Անատոլիայի բոլոր վիլայեթներից եւ Կիլիկիայից… հայերի տեղահանությունը հրահանգված է եղել: Քանի որ «Դոյչե բանկն» էր ֆինանսավորում Բաղդադ-Բեռլին երկաթգծի շահագործումը, բանկի աշխատակիցները սարսափով են լցվելՙ տեսնելով, որ վագոններով հայ տղամարդկանց տեղափոխում են դեպի մահ:

Բալաքյանը եւ այլ պատմաբաններ գրել են նաեւ, թե ինչպես հայկական ողջակիզման գերմանացի ականատեսներ հետագայում դեր են ունեցել նացիստական վարչակարգում: Կոնստանտին Ֆրեյհեր ֆոն Նոյրաթն, օրինակ, 1915-ին կցված էր թուրքական 4-րդ բանակին եւ հրահանգված էր հետեւել հայերի դեմ իրականացվող «գործողություններին»: Նա հետագայում դարձավ Հիտլերի արտգործնախարարը եւ «Բոհեմիայի եւ Մորավիայի պրոտեկտորը» Չեխոսլովակիայում (Ռեյնհարդ Հեյդրիխի իշխանության օրերին): Մեկ ուրիշըՙ Ֆրիդրիխ Վերներ ֆոն դեր Շուլենբերգը 1915-16 թվերին հյուպատոս էր Էրզրումում, իսկ հետագայում դարձավ դեսպան Մոսկվայում: Ռուդոլֆ Հեսը գերմանական բանակի կապիտան էր Թուրքիայում 1916-ին: 1940-43 թվականներին նա Օսվենցիմի ճամբարի պարետն էր: Իսկ հետագայում համակենտրոնացման ճամբարների ՍՍ-ի գլխավոր շտաբի վերակացուի տեղակալ: 1947-ին նրան մեղավոր ճանաչեցին եւ կախաղան բարձրացրին Օսվենցիմում: Սակայն երեւի մենք երբեք էլ չենք իմանա այդքան անփույթ, անտարբեր տեսքովՙ երզնկացիների գանգերի առաջ կանգնած գերմանացի երկու սպաների ինքնությունը:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930