Այսօր ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հորդորի հետ կապված. «Պարզաբանում 1-ին՝ ես Լ. Զուրաբյանին գիտեմ 90-ականների սկզբից եւ արդեն մոտ 2 տասնամյակ համակրում եմ նրան՝ որպես ուսյալ, բարեկիրթ եւ բարոյական նկարագրով քաղաքական գործիչ: Ինձ երբեւէ քաղաքական ֆիգուր չհամարելով, լինելով պարզապես քաղաքացի եւ իրավապաշտպան, ինձ համարում եմ նրա համախոհը եւ թիմակիցը:
Պարզաբանում 2-րդ՝ ով ` ով, բայց Լ. Զուրաբյանը, Ա. Մանուկյանը, Ն. Փաշինյանը եւ առհասարակ իմ բոլոր մարտընկերները իրավասու են այս կամ այն հարցում ինձ հորդորել, եւ երբեւէ իմ ինքնասիրությունը չի պակասում դրանից:
Պարզաբանում 3-րդ՝ վերոհիշյալով ես երբեւէ չեմ հերքում կամ հաստատում Լ. Զուրաբյանի հասցեին արվող քննադատությունները, ամեն ոք թող ինքը հիմնավորի իր քննադատությունը: Ոչ էլ ես ցանկանում եմ Լ. Զուրաբյանին անթերի անձնավորություն ներկայացնել:
Պարզաբանում 4-րդ՝ ես 88 – ից ի վեր ինձ համարում եմ այն քաղաքական թիմի համախոհը, որը ներկայացնում է Լ. Զուրաբյանը: Մասնավորապես, ինձ պատասխանատու եմ համարում մեր իշխանության տարիներին թույլ տրված սխալների եւ բացթողումների համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի