Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը կարող է և «երկրագնդի մարդ» հռչակվել, բայց դա չի նշանակում, որ նա կարող է նախագահ լինել»

Նոյեմբեր 23,2012 21:47

Aravot.am-ը հոգեբան, ՀՅԴ-ական Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեց, թե իր կանխատեսմամբ քանի՞ նախագահի թեկնածու կունենա Հայաստանը, որին ի պատասխան նա այսպիսի մտահոգություն հայտնեց. «Ես մի մտավախություն ունեմ, ու Աստված չանի իրականանա. կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հանրապետականի հետ փոխհամաձայնության գալով, նպատակ ունի քաղաքական ընդդիմությունը ընդհանրապես վերացնելու: Համենայնդեպս մինչև հիմա , իմ տպավորությամբ, ջլատում են առանց այն էլ գոյություն չունեցող ընդդիմությունը: Մենք հիմա արդեն չունենք ընդդիմություն, կներեք արտահատությանս, էդ սուտի-մուտի խորհրդակցությունները թոզփչոցի են: Եթե մտավախությունս ճիշտ է , ուրեմն մենք բավական պարզունակ վիճակ կունենանք նախագահական ընտրությունների ժամանակ, և ինչքան էլ թեկնածուներ լինեն, շանսերը գնալով զրոյի են հավասարվում: Այլ հարց է եթե «Բարգավաճ»-ը հստակեցնի իր քայլերը ու ասի` վերջնական նպատակը որն է, մտնի իրոք ազնիվ պայքարի մեջ` հանուն նախագահական պորտֆելի: Եթե ինքն է վերցնում ամբողջ պատասխանատվությունը, սա ուրիշ վիճակ է, սա կարելի է ողջունել, վերջապես քաղաքական ուժը վերցնում է պատասխանատվություն այսպիսի թոհուբոհի մեջ, բայց չեմ կարծում»:

Մեր այն դիտարկմանը, թե կարծես արդեն կա մտադրություն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, այստեղ էլ մեր զրուցակիցը չհավանեց թեկնածուին: «Ես ամենաքիչը գոնե չունեմ անձնական համակրանք այս անձի նկատմամբ, ես այս քաղաքական գործչի մեջ չեմ տեսնում այն պոտենցիալը, որը իմ երկիրը և քաղաքական համակարգը այս վիճակում կկարողանա կարգի բերել, կկարողանա քաղաքական հարաբերությունները կանոնակարգել, առավել ևս եթե «Բարգավաճ Հայաստանին» կամ ցանկացած մի գործող քաղաքական ուժի քննարկենեք, իրենք, ըստ էության, իրենց մեջ, իրենց խոհանոցում իրենց քաղաքական գաղափարը չեն հստակեցրել: Ես կարող եմ հարց տալ ասենք Հանրապետական կուսակցությանը` ո՞րն է ձեր քաղաքական դիրքորոշումը, ձեր քաղաքական ծրագիրը, դեպի ո՞ւր եք գնում:Ինչքան ես եմ հասկանում, այս կուսակցությունը գոնե հիմնադրման պահին ազգային պահպանողական էր, բա հիմա ո՞ւր է ազգային պահպանողական գաղափարախոսությունը: Եթե մեր երկրում իշխում է ազգային-պահպանողական գաղափարաբանությամբ կուսակցություն ու մենք այսպիսի հիվանդ վիճակ ունենք, դա չի կարող պատահել: Այսինքն ազգային –պահպանողական քաղաքական ուժը լիբերալ քայլեր է կատարում, դա անհարիր է , հետևաբար նույնը կարող եմ ասել «Բարգավաճ Հայաստանին», ցույց տվեք ձեր գաղափարական հենքը, ազատականությո՞ւնն է: Ազատականությունը փայլուն գաղափար է, բայց ազատական մոտեցմամբ մենք չենք կարողանա ազգային պետության նավին ճիշտ ուղենիշ տալ, մենք մեր առագաստները ուղղակի սխալ տեղ ենք պարզել, սխալ քամու առջև, հետևաբար և կայմը կոտրել ենք արդեն, և նավը մնացել է բեկյալ»:

Մեր զրուցակցի կարծիքով , Գագիկ Ծառուկյանը կարող է ոչ միայն «Տարվա մարդ», այլ «Երկրագնդի մարդ» տիտղոսն էլ ստանալ, բայց դա դեռ չի նշանակում, թե նա կարող է նախագահ լինել: «Նախագահը այս իրավիճակում պետք է խտացնի իր մեջ քաղաքական գաղափարը, մատուցի հասարակությանը և բոլոր քաղաքական ուժերին` թե ընդդիմադիր դաշտում և թե դիմադիր` բոլոր բոլորին, բոլոր ինստիտուցիոնալ կառույցները ինքը պետք է կարողանա դնել օրինաչափ,արդյունավետ , համաչափ զարգացման հունի մեջ: Իսկ մեզանում ամեն ինչ ձևախեղված է , նախագահի ինստիտուտը պետք է կարողանա կիրառել այս ամբողջը`այս ամենը նորմալ հունի մեջ բերելու համար, իսկ ես չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժը դա կարող է անել»:

Ըստ մեր զրուցակցի, Գագիկ Ծառուկյանը լավ բիզնեսմեն է, բայց ոչ քաղաքական գործիչ: «Մեր բիզնեսմենները պիտի հասկանան, որ միայն կապիտալ կուտակելով չէ, ասենք կապիտալը կուտակվեց, բայց ի վերջո հարց է առաջանում, կապիտալը, որ մենք կուտակեցինք հետագայում պահպանելու ու բազմապատկելու խնդիր է առաջանում, իսկ ինչպե՞ս մենք դա պետք է անեն, չենք կարողանա որևէ կերպ, եթե չունենք քաղաքական կայունություն: Բնական մղում է, եթե մարդը ունի հարստություն, այդ հարստությունը իրեն մղում է իշխանության, որպեսզի կարողանա այդ հարստությունը ապահովագրել, պաշտպանել: Եթե դուք չեք վստահում քաղաքական իշխանությանը , պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին, որոնք գաղափարի կրողն են, այսինքն մարդիկ, ովքեր ծառայողի աշխատավարձով պետք է ծառայեն քաղաքական գաղափարի իրագործմանը, այսինքն համակարգը պետք է սարքեն, եթե չկա այդ պետական համակարգը, ձեր բոլորի հարստությունը վտանգված է: Գոնե Հայաստանի հանրապետությունում չեք կարող վայելել այն պարզ պատճառով, որ սգո տանը չեն պարում, իսկ մեր հասարակությունը սգի մեջ է, ո՞նց եք վայելելու, ուղղակի հարևաններիդ կամ ձեզ ուղեկցողների նախանձից մի օր կպայթեք»:

Աշոտ Հակոբյանի ասելով, պետությունը սարքելու գործը պետք է տալ պրոֆեսիոնալ քաղաքական գործչին, իսկ լուրջ պետական գործիչներ կան Հայաստանում, սակայն նրանք տեսանելի դաշտում չեն, քանի որ նրանց շանս տվող չի եղել:Իսկ պատճառը, մեր զրուցակցի կարծիքով, այն է , որ մոնոպոլ են դարձրել նաև քաղաքական դաշտն ու քաղաքական հարաբերությունները: «Նայեք բոլոր կուսակցությունների քաղաքական դեմքերին, 20 տարվա մեջ ոչ մի փոփոխոթյուն չկա, ոչ մի:Դուք էլ եք անընդհատ վերարտադրվում, տղերք, չկան նոր դեմքեր, նոր գաղափարներ», -ասում է դաշնակցական հոգեբանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930