Երբ «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից, սպասելի էր, որ ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկվեն, ակտիվություն պետք է լինի, իսկ այս պասիվությունն ինչո՞վ է բացատրվում: Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը պատասխանեց. «Այո, չեղավ այդ ակտիվությունը: Ասեմ ավելին, ես այսօր կուսակցության համագումարին ընդառաջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-22-ի հատվածում, հանդիպումներ եմ անում տեղերում, հասարակության հետ՝ համագումարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու առումով: Այն խնդիրները, որ ես տեսնում եմ, դա երկրի այսօրվա իրավիճակի արդյունքն է: Այսօր էլ ակտիվությունը նախաձեռնելը, ակտիվություն անելը բազմաթիվ խնդիրներից ելնելով՝ դարձել է անհնարին: Այստեղ ոչ միայն իշխանությունն է մեղավոր, մեղավոր է նաեւ ընդդիմությունը: Ասեմ ավելին՝ ջրերը շատ–շատ պղտոր են: Բայց դա չի նշանակում, որ այն չի զուլալելու: Դա բացարձակ չի նշանակում, որ մենք չենք ակտիվանալու»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ նորից միանաք Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ աջակցեք նրան՝ առաջիկա նախագահական ընտրություններում՝ նա պատասխանեց. «Նախ, դրա համար առաջին հերթին պիտի Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը դնի, որ ես էլ ասեմ՝ դա հնարավոր է, թե հնարավոր չէ: Նման խնդիր չի քննարկվել մեր մոտ: Այսօր ՀԱԿ-ը շարունակում է այն քաղաքականությունը, ինչը ինքը գտնում է ճիշտ, մենք էլ շարունակում ենք մեր գործն ազնիվ կատարել՝ պահելով մեր դեմքը, հասարակությանն ասելով այն, ինչ մտածում ենք, պայքարելով թե՛ «Բարգավաճի», թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի դեմ: Ես կատեգորիկ դեմ եմ այն մոտեցումներին, որ այս երկրում բաժանեցին՝ եթե դու մեր հետ չես ու մեր հետ միասին չես գալիս ԲՀԿ-ին պաշտպանելու, ուրեմն դու Սերժ Սարգսյանի հետ ես: Այսօր քաղաքական դաշտի դժբախտությունը դրանում է: Ես երկուսին էլ դեմ եմ: Ես այդ երկուսի մեջ տարբերություն չեմ գտնում ու չեմ տեսնում, որ այդ երկուսից ինչ-որ մեկի հետ պիտի համագործակցեմ: Ովքեր փորձում են ինչ-որ մեկի միջոցով մյուսին հաղթեն՝ թող փորձեն: Ես այդ հաղթանակը իմ համար հաղթանակ չեմ համարում»:
Մենք Արամ Սարգսյանին հիշեցրեցինք, որ իր նախկին հարցազրույցներում՝ 2008-ին, միշտ շեշտել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իմաստուն է, եթե նա քայլ է անում, նա գիտի՝ ինչի համար է դա անում: Ուստի մեր հարցին՝ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանին իմաստուն չե՞ք համարում այլեւս, գուցե ԲՀԿ-ի հետ համագործակցությունը հենց այդ իմաստուն քայլերից մեկն է՝ նա պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին նախագահն է: Իր նախագահության շրջանում Հայաստանն ունեցել է հաղթանակ, ապահովել է Ղարաբաղի՝ որպես պետության կայացումը, ապահովել է խաղաղություն, Ղարաբաղի բնակչության համար ստեղծել է անվտանգության երաշխիք: Առանց իմաստության, նման արդյունքներ գրանցելն անհնարին էր: Ես հարգում եմ ՀՀ առաջին նախագահին: Լեւոն Տեր-Պետրոսյանը ինձ հետ կապված խնդրում մի նախադասություն է ասել՝ ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ: Ես ամբողջությամբ կիսում եմ իր մոտեցումը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ