Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյանը՝ Տեր-Պետրոսյանի լռության մասին. «Կբացահայտվեն շատ ու շատ հարցեր»

Նոյեմբեր 23,2012 20:18

ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ի հարցին՝ Ձեզ համար ընդունելի՞ է, որ այսօր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը, առաջադրվել-չառաջադրվելը եւ շատ հարցեր քաղաքական դաշտում կախված է ԲՀԿ-ից՝ պատասխանեց. «Գիտեք, լռություն կա, որ ոսկե խոսք արժի: Հիմա այդ տարբերակն է: Լռությունը տալիս է հնարավորություն ավելի ճիշտ որոշում կայացնել: Կարծում եմ, լռությունից հետո կգա խոսելու ժամանակ եւ այդ ժամանակ կբացահայտվեն շատ ու շատ հարցեր»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք է՞լ եք սպասում փոթորիկների՝ ՀԱԿ-ի կողմից: Նա պատասխանեց. «Ես փոթորիկի չեմ սպասում: Հիմա եթե թեւավոր մի խոսք ասվել է, չարժե դրա վրա կանգ առնել ու դա դարձնել մատի փաթաթան: Նորմալ է, բառ է՝ արտասանվել է»: Հիշեցնենք, որ փոթորիկի մասին լրագրողներին տեղեկացրել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Տիկին Թադեւոսյանը նաեւ նշեց. «Հաճախ կա հնարավորություն խնդիրը լուծելու դեպքում թողնել որոշ քայլեր անեն նրանք, ում համար այդ խնդիրը լուծվելու է: Խնդիրը շատ կարեւոր խնդիր է: Մեկ-երկու տասնյակ մարդիկ չեն կարող այդ խնդիրը լուծել»: Մեր հարցին ի պատասխան՝ կարո՞ղ է հետո պարզվի, որ դրանք զուտ անձնական խնդիրներ են եղել՝ Զոյա Թադեւոսյանը հերքեց. «Ոչ, երբեք: Ես երբեք մեր հանրապետության հիմնադիր նախագահին անձնական խնդիրների լուծման մեջ չեմ կասկածել եւ չեմ էլ կասկածում»:

Զոյա Թադեւոսյանը երեկ միացել էր ՀԱԿ ակտիվիստների՝ ԱԺ-ի մոտ կազմակերպած ակցիային: «Դա ավազակապետերին բնորոշ վարքագիծ է»,- ՀՀԿ-ի կողմից արտահերթ նիստը տապալելու մասին ասաց տիկին Թադեւոսյանը,- «Եթե նրանք իրականում շահագրգռված են այս երկրում քիչ թե շատ բարեփոխումներ իրականացնելու եւ միասնաբար երկիրը կործանումից ուղղակի մի փոքր դեպի կայունացման տեղաշարժելու, նրանք պարտավոր են միասնաբար աշխատել: Ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնող պատգամավորների առաջարկը ռացիոնալ առաջարկ է: Եվ եթե ժողովրդի կողմից սիրված եք՝ որպես կուսակցություն, եթե հայտարարում եք, որ ո՞վ է կասկածում, որ Սերժ Սարգսյանը նորից կվերընտրվի, եկեք ապացուցեք, որ դուք ճիշտ եք: Ունեք մեծ հնարավորություն դա անելու: Ինչո՞ւ չեք անում, որովհետեւ վախենում եք: Նրանք վախենում են օրինական ընտրություններից: Ես կարող եմ փաստել, որ այս իշխանությունները Սահմանադրությունը խախտում են ճիշտ այնպես, ինչպես ճանապարհային երթեւեկության կանոնները: Կարմիր լույսի տակ անցնելը նրանց համար դարձել է սովորական վարքագիծ»:

Զոյա Թադեւոսյանը, անդրադառնալով նրան, թե ԲՀԿ-ի օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու հարցը՝ ասաց, որ մեր երկրի հանդեպ քիչ թե շատ մտահոգ ցանկացած քաղաքացու եւ ցանկացած կուսակցության առջեւ այդ հարցը պետք է դրված լինի. «Եթե ունի գիտակցություն, կտեսնենք առաջիկայում: Ես կարծիք չեմ ուզում հայտնել: Ես ուզում եմ ուղղակի սպասել եւ տեսնել, թե առաջիկայում ինչ քայլեր են կատարելու այդ կուսակցության կարկառուն դեմքերը, եւ ինչպիսի որոշում է կայացնելու ընդհանրապես կուսակցությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930