Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» մատուցողը ագրեսիվ էր իր հարցերով

Նոյեմբեր 23,2012 20:00

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության, նրա ընկերներին ծեծի ենթարկելու գործով այսօր ամբաստանյալների պաշտպաններ Ավագ Լալայանը, Սերգեյ Մկրտչյանը, Երեմ Սարգսյանը,Միհրան Պողոսյանը հարցաքննեցին տուժող Գարիկ Սողոմոնյանին:

Նշենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաննրի ընդհանուր իրավասության դատարանում Գարիկ Սողոմոնյանը երկրորդ տուժողն է, որը մինչ օրս ցուցմունք է տվել: Դատական երեք նիստ պահանջվեց, որպեսզի ցուցմունք տա եւ հարցաքննվի բժիշկ Արտակ Բայադյանը, երկու նիստ է հարցաքննվում է Գարիկ Սողոմոնյանը, եւ այն դարձյալ չավարտվեց, քանի որ ամբաստանյալներից երկուսը՝ Արման Խաչատրյանն ու Արթուր Բաբլոյանը չհասցրեցին հարցեր տալ:

Պաշտպանական կողմի հարցերը գրեթե նույնն էին, ինչ տրվել էր նախորդ տուժողին:

Նրանց հետաքրքրում էր, թե ինչպես են բժիշկները հայտնվել «Հարսնաքարում», ով է նրանց դիմավորել, ով ում կողքն էր նստել ռեստորանում նախապես պատվիրված սեղանի շուրջ, բազմոցին միայն Վահեն ու Դիաննան են նստած եղել, թե նրանց ընկերներից որեւէ մեկն էլ, ով ում է հարվածել, երբ պարզաբանումների համար դուրս են եկել ռեստորանային համալիրի ավտոկայանատեղի, արդյոք բժիշկները հայհոյե՞լ են, զգուշացվե՞լ են այլ սեղանակիցների կողմից:

Եղան հարցեր էլ, մասնավորապես, ռեստորանի մատուցող Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի կողմից: Խոսքը Վահեին հոսպիտալ տեղափոխելուն էր վերաբերում. ով է դրել նրան մեքենա, ինչ դիրքով է տեղափոխվել, մարմնի որ մասն ով է բռնել, արդյոք պատշաճ է եղել նրա ընկերների օգնությունը: «Չե՞ք վատացրել այդ առումով Վահեի առանց այն էլ ծանր վիճակը, բավական ծանր քաշ ունեցողին ինչպես եք տեղափոխել»:

Ամբաստանյալ, ռեստորանի մատուցող Դավիթ Ադամյանին հետաքրքրում էր, թե իրեն բժիշկները հայհոյե՞լ են, եթե ոչ, ապա ինչո՞ւ չեն ցանկացել, որ նրանց սեղանը ինքը սպասարկի:

Տուժողը չհիշեց, թե իրենց առաջինն ո՞վ է դիմավորել «Հարսնաքարում», իսկ մատուցողը հարցրեց. «Ես չե՞մ դիմավորել Ձեզ»: Ամբաստանյալի հարցադրման մեջ ագրեսիվ տոն կար, երբ մանավանդ հետեւեց հաջորդ ոչ այն է հարցը, ոչ այն է ռեպլիկը. «Հայհոյանքներով է Վահեն հաշիվը փակել»:

Նրան հետաքրքրեց, թե ո՞վ է երկրորդ անգամ իրեն կանչել եւ ինչո՞ւ:

Տուժողին հարցեր տալու պահանջ ներկայացրեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպանը՝ հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը: Դատավոր Դավիթ Հարությունյանը նրան չտվեց այդ հնարավորությունը, պատճառաբանելով, թե պաշտպանը մեկ անգամ արդեն իսկ օգտվել է հարցեր տալու իրավունքից: Պաշտպանն ասաց, որ դատարանի կողմից հնարավոր սանկցիայից անկախ, ինքը չի լքի դատական նիստերի դահլիճը:

Դատավորն այս «սպառնալիքին» ի պատասխան ակնարկեց, որ դատարանը միջոցներ կձեռնարկի այլ պաշտպանով Թովմասյանին փոխարինելու համար:

Պաշտպանական կողմն այսօր ստացել էր դատարանի կողմից ոչ պաշտոնական ծանուցում «նկատի ունեցեք» հղումով: Այնտեղ պաշտպանական կողմին առաջարկվել էր գալիք դատական նիստերի ժամանակացույցը: Հիմա էլ դա դարձավ առանձին քննարկման առարկա: Պաշտպան Մ.Պողոսյանը գտնում էր, որ դատական նիստի օրը որոշումով է լինում, իսկ պաշտպան Ա.Խաչատրյանն էլ դատավորին խնդրում էր ասել, թե քրդատօրենսգրքի ո՞ր հոդվածով է նիստի օրը որոշվել:

Դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930