Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի մարտական ընկերը սովի ու դեպրեսիայի մեջ է

Նոյեմբեր 23,2012 19:40

Գյումրեցի 55-ամյա ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը, որին դատում են` մեղադրելով «ակնհայտ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու ու օգտագործելու և 2006-ից մինչև 2011 թվականի մարտ ամիսը շահադիտական նպատակով զինվորական կենսաթոշակ ստանալու համար», այժմ փող չունենալու պատճառով ուժասպառ է եղել: Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը:

Ըստ փաստաբանի, ազատամարտիկը չի կարող ներկայանալ դատական նիստերի, քանի որ սոված է, վատ է զգում իրեն, արդեն երկրորդ տարին է` նրան զրկել են թոշակից, և այս ամենի հետ մեկտեղ էլ հիվանդ է ու կալանք է դրված նրան հասանելիք դեղերի վրա:

« Նրան թոշակ չեն տրամադրում`նշում են, որ դու 2-րդ խմբի հաշմանդամ չես, այս պատճառով մարդը հյուծվել է, ցանկանում է անվճար բուժօգնություն ստանալ, բայց չի կարողանում, իսկ վճարովի ինքը հնարավորություն չունի, այդ պատճառով էլ երեկ չկարողացավ դատական նիստին ներկայանալ: Դատարանը պահանջեց, որպեսզի համապատասխան բժշկական փաստաթուղթ ներկայացնենք այն մասին, որ ինքը վատառողջ է, ես էլ ասել եմ Հովհաննես Բաղդասարյանին` դիմի բոլոր բժշկական հիմնարկներին, որտեղ քեզ անվճար կընդունեն, գնա բուժվի: Եթե չեն ընդունի` թող գրավոր պատասխան տան, որ անվճար բուժօգնություն չեն տրամադրում: Մենք էլ պատասխանը բերենք-ներկայացնենք դատարանին: Նա եղել է Երևանի «Սթրես» կենտրոնում, այնտեղից հայտնել են, որ մեր մոտ միայն հաշմանդամության կարգ ունեցողները կարող են անվճար բուժօգնություն ստանալ, դուք չեք կարող»:

Ըստ փաստաբանի, ազատամարտիկը այժմ պառկած է տանը: «Մարդը այնքան վատ կենցաղային պայմաններում է ապրում, այնքան սոված է ապրում, որ նշում է, թե ավելի ձեռնտու կլիներ գտնվել քրեակատարողական հիմնարկում, քան թե լինել ազատության մեջ, քանի որ ազատության մեջ նրան զրկել են ապրելու տարրական պայմաններից»,- ասում է Թամարա Յայլոյանը:

Նախորդ դատական նիստի ընթացքում հիվանդ ազատամարտիկը, ասելով, որ իրեն շատ վատ է զգում, դատախազ Հարություն Հարությունյանին խնդրում էր միջնորդել, որպեսզի իրեն ընդունեն հիվանդանոց, գնա մի քիչ բուժվի` նոր սկսեն դատել:

Փաստաբան Թամարա Յայլոյանը ազատամարտիկի խնդրանքը այսպես մեկնաբանեց. «Պետմեղադրողը իրավասություն չունի նման բան անելու, այսինքն չի կարող որևէ հիմնարկի գրավոր գրություն ուղարկել ու ասել, թե անվճար բուժօգնություն տրամադրեք; Սակայն ինչո՞ւ է ազատամարտիկի խնդրանքը ուղղվում հենց պետմեղադրողին, որովհետև այսօր իրենք են նրան մեղադրանք առաջադրել: Անկախ այն բանից, թողնենք մի կողմ մարդը հանցանք կատարել է, թե չէ, բայց մեր օրենսդրությունը նշում է, որ պատիժը, քրեական պատասխանատվությունը ոչ թե անձի արժանապատվությունը նսեմացնելու համար է, այլ նրա համար, որ մարդը ուղղվի, իր կատարած հանցանքը գիտակցի: Իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ նրան առաջադրված մեղադրանքը նրա պատիվը, արժանապատվությունը, մարդկային ապրելու` կենցաղային պայամանները վերացնում է և նսեմացնում է նրա արժանապատվությունը: Բնականաբար ինքն էլ ո՞ւմ պետք է դիմի, ասում է` մեղադրանք ես առաջադրել,կասեցրել ես թոշակիս տրամադրումը, 2-րդ խմբի հաշմանդամ ինձ չեն համարում, աշխատանք չունեմ, ոչ մի տեղ ինձ աշխատանք չեն տրամադրում, անվճար բուժօգնություն չեն տրամադրում, հետևաբար և նա իր խոսքը ուղղում է դատախազին: Անկախ այն հանգամանքից` տվյալ անձը հանցանք կատարե՞լ է, թե՞ ոչ, արդյոք պետությունը իրավունք ունի՞ նրան դնել այդ վիճակի մեջ»:

Թամարա Յայոլյանը նաև նշեց, որ խախտվել է Հովհաննես Բաղդասարյանի անմեղության կանխավարկածը, նա պետք է համարվի 2-րդ կարգի հաշմանդամ: «Մեղադրական եզրակացության մեջ ևս նշված է, որ նա 2-րդ խմբի հաշմանդամ է, սակայն ուր որ դիմում է, ասում են՝ դուք հաշմանդամ չեք, ձեր հաշմանդամության կարգը կասեցվել է»:

Փաստաբանի ներկայացմամբ, դատի ընթացքում նույնիսկ դատաձեռագրական փորձաքննություն չեն նշանակել: «Բերում, ցույց են տալիս բժշկին, ասում են հարգելի բժիշկ, սա ձեր ստորագրությո՞ւնն է, նա էլ պատասախանում է` իմը չէ, բերում ցույց են տալիս Տիտանյանի որդուն, հարցնում են` սա ձեր հոր ստորագրությո՞ւնն է, ասում է `չէ, այդ ո՞ր օրվանից անձի սուբյեկտիվ կարծիքը փոխարինվում է փորձագետի եզրակացությամբ: Բժիշկը եկել է դատարան ասում է` էպիկրիզը անգրագետ է գրված, սրանից պետք է հետևություն անել, որ սա կեղծ փաստաթուղթ է: Ես էլ ասում եմ` այդ էպիկրիզը ներկայացվել է ռազմական կենտրոնական բժշկական հանձնաժողովին, և էդ հանձնաժողովի նախագահն որ կարդաց կամ հանձնաժողովի մյուս բժիշկները ներկայացման պահին չհասկացա՞ն, որ անգրագետ է: Եթե բժշկական տերմինոլոգիա օգտագործված չէ, չէի՞ն կարող ժամանակին զանգահարել այդ բժշկին ու ասել` ձեր ստորագրությամբ փաստաթուղթ են բերել, որը բժշկության հետ կապ չունեցող բան է, այդ պահին այդ մարդն էլ կասեր` կներեք, ես չեմ ստորագրել, նման էպիկրիզ չեմ տվել ու ամեն հարց կվերջանար: Բայց եթե ընդունել են, գտել են, որ այդ գրածը ճիշտ է, ուրեմն թող հետ գնան այն մարդկանց, ովքեր այդ բոլոր փաստաթղթերը վերցրել են ու այդ անգրագիտությունը չեն տեսել: Թող նրանց մասնագիտական –բժշկական գիտելիքների վերաբերյալ մի հատ քննություն կատարեն ու պարզեն` իրականում նրանք գիտելիք ունեի՞ն, թե իրականում չեն ուզում տեսնել` իրականում ճիշտ է գրված, բայց այսօր ուզում են ներկայացնել, որ սխալ է գրված», -հարցնում է փաստաբանը:

Նշենք, որ տարբեր հուշամեդալներով պարգևատրված ու չորս տարի շարունակ`1993-1994 թվականները ԼՂՀ-ում կռված ազատամարտիկը գեներալ Մանվելի զորախմբից եղել, նա նաև Սերժ Սարգսյանի կուսակիցն է` ՀՀԿ-ական, և այսօր դատարանում վիճարկվում է պատերազմի դաշտում նրա կոնտուզիա ստանալ-չստանալու հարցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930