Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը ԿԸՀ և ԸԸՀ կդիմի նոյեմբերի 26-ին

Նոյեմբեր 23,2012 18:53

Երևանի թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը մտադիր է նոյեմբերի 26-ին դիմել Կենտրոնական և թ. 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը չեղյալ ճանաչելու պահանջով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ս. Սաֆարյանը:

Նշենք, որ «Ժառանգության» թեկնածուն նախօրեին կայացած ասուլիսում հայտնել էր իր մտադրության մասին` չհստակեցնելով դիմում ներկայացնելու ժամկետները: Նա, ներկայացնելով իր թիմի կողմից արձանագրված մի շարք խախտումներ, մասնավորապես, նշել էր, որ Ռ. Սարգսյանի շտաբերի թիվը գերազանցում է Ընտրական օրենսգրքով թույլատրվող առավելագույն 35-ը: Բացի այդ, նշվել էր, որ իրենց կողմից նկարահանվել են մի շարք տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնց տարածքում տեղակայված են ՀՀԿ-ի թեկնածուի ընտրական շտաբեր, ինչը ևս ԸՕ-ի խախտում է: Արձանագրված խախտումների թվում է նաև այն, որ Ռ. Սարգսյանի, ով, ի դեպ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, քարոզչական նյութերը բաժանում են նաև համատիրության աշխատողները:

Ի պատասխան «Փաստինֆո»-ի թղթակցի հարցի, թ.1 ԸԸՀ-ի նախագահ Գեղամ Հայրապետյանը հայտնեց, որ ընտրատարածքում գրանցված թեկնածուներից որևէ մեկը, այդ թվում` Ս. Սաֆարյանը, դժգոհությունների մասին հանձնաժողովին տեղյակ չի պահել: «Հանձնաժողովի կազմը շրջագայում է և ընթացքում անընդհատ վերահսկել է ու խախտում չի հայտնաբերել: Այստեղ պարզապես շփոթմունք կա. կուսակցության շտաբերն ու քարոզարշավի համար նախատեսված շտաբերը շփոթում են իրար հետ: Եթե այնտեղ չկա փակցված թեկնածուի նախընտրական պաստառ, դա շտաբ չի հաշվվում»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

«Ես չգիտեմ, թե իրենք թիվն ինչպես են հաշվել, մենք մեր թվաբանությունն ունենք, առավել ևս, որ խնդիրը միայն դա չէ. իրական ծախսերի և նախընտրական հիմնադրամի միջոցների անհամապատասխանության խնդիր կա: Անգամ 35 շտաբի դեպքում, եթե ընդունենք, որ դրանք 35-ն են, միևնույն է այդ թեկնածուի կողմից կատարված ծախսերը չեն համապատասխանում նրա հիմնադրամի մեծությանը և չեն համապատասխանելու երբե’ք: Շտաբերը բացել են նոյեմբերի 4-ից առաջ, հիմնադրամում ունենալով 2,5 մլն դրամ, բայց ամբողջ ընտրատարածքը հեղեղված է քարոզչական մեծ վահանակներով, որոնք, ի դեպ, շատ թանկ են, նաև այդքան շտաբերով»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ թ.1 ընտրատարածքում պատգամավորական մանդատին հավակնում է երեք թեկնածու` Ստյոպա Սաֆարյանը, Ռոբերտ Սարգսյանը և ինքնաառաջադրված, Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Էդուարդ Պետրոսյանը: Գրանցված չորրորդ թեկնածուն` Հայաստանի Կանաչների (Սոցիալ-էկոլոգիական) կուսակցության կողմից առաջադրված նույն կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, նախօրեին` ինքնաբացարկ հայտնելու ժամկետի վերջին օրը, հրաժարվել է ընտրապայքարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930