Լրահոս
Օրվա լրահոսը

Որո՞նք էին 1995-ին Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբվելու դրդապատճառները

Նոյեմբեր 23,2012 18:23

Նախագահական ընտրություններից առաջ կրկին քաղաքական դաշտ նետված՝ ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարը զարմացրել է ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանին: Նա դա համարում է հայաստանյան քաղաքական դաշտի չկայացվածության ուղիղ ապացույցը. «Եթե քաղաքական համակարգը կայացած լիներ, կայացած ուժերն իրենց թեկնածուներով կմասնակցեին, մյուսներն էլ՝ կսատարեին, որեւէ վերաբերմունք ցույց կտային եւ դա որեւէ կերպ ոչ միայն չէր ազդի, այլ վճռական նշանակություն չէր ունենա հետագա քաղաքական գործընթացների համար»:

Վերհիշելով անցյալի ընտրությունները, մեր զրուցակիցը փաստում է, որ մինչ օրս հայաստանյան ընդդիմությանն այդպես էլ չի հաջողվել իրագործել այդ գաղափարը. «1995 թվականի որոշումը՝ Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբվելու, կայացվել է վերջին պահին եւ, մինչեւ օրս էլ բացահայտված չէ, թե որոնք էին իրական դրդապատճառները՝ Վ. Մանուկյանի շուրջ համախմբվելու: Կային, քաղաքական ուժեր, որոնք տվյալ իրավիճակից ելնելով որոշում կայացրեցին, բայց կային շատ խորքային պատճառներ, որոնց մասին չեն խոսում. տեղյակ չեն կամ չեն ցանկանում խոսել: 1998-ին մենք վաղուց պատրաստվում էինք առաջադրել Կարեն Դեմիճյանին, Քոչարյանի առաջադրումն անակնկալ էր: 1997-ին ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Քոչարյանը կգա Հայաստան եւ հետո կառաջադրվի նախագահի թեկնածու: Այդ ժամանակ առաջին փուլում մասնակցեցին 12-13 թեկնածուներ, որոնք երկրորդ փուլում հիմնականում պաշտպանեցին Քոչարյանին, ում չես կարող ասել, որ ընդդիմության թեկնածու է եղել: 2003-ին ընդդիմությանը նույնպես չհաջողվեց միասնական հանդես գալ: 2008-ին, ճիշտ է 17-18 կուսակցություններ պաշտպանեցին Տեր-Պետրոսյանին, բայց ընդդիմադիր հայացքներ ունեցող շատերն էլ լոյալ մնացին»:

Այս իրականության մեջ, մեր զրուցակիցը սխալ է համարում իշխանությանն այլընտրանք հանդիսացող թեկնածուի հաղթանակը պայմանավորել ընդդիմադիր դաշտի համախմբմամբ: Կարծում է, որ ընտրապայքարի մեջ մտնող թեկնածուն պետք է գնա սեփական թիմով, շատ ինքնուրույն եւ հստակ քայլերով: Այդ դեպքում, արդեն, համախմբումը, մեր զրուցակցի կարծիքով, բավականին ինքնաբերաբար կընթանա:

Ապա համեմատելով 20-ամյա մեր ընտրական գործընթացները, ՀԱՍԿ նախագահը չի հիշում որեւէ դեպք, երբ գործընթացներն այսքան ուշացած գնային: Ներկայիս զարգացումները նրան հիշեցնում են արտահերթ նախագահական ընտրությունների ռեժիմ, քանի որ հերթականի դեպքում քաղաքական ուժերը վաղուց պետք է հստակեցրած լինեին իրենց դիրքորոշումները: Հաշվի առնելով նաեւ ամանորյա տոնակատարությունները, Շահվերդյանը համարում է, որ ընթացող գործընթացներն ուշացած են. «Մենք մոտենում ենք խաղի վերջնական մասին՝ ինչ-որ անորոշություններով եւ շատ հնարավոր է, որ ցայտնոտային իրավիճակ ստեղծվի այս ընտրությունների ընթացքում»:

Եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը, ՀԱՍԿ-ը «դրական տրամադրվածությամբ» հանդես կգա, քանի որ խորհրդարանական ընտրությունների շրջանում համագործակցության ինչ-ինչ տարրեր եղան: «Նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումը որեւէ մեկի կողմից շատ պատասխանատու է, քանի որ պետության եւ ժողովրդի ճակատագրի հարց է: Անձի ու հաճույքի, շահերի խնդիր չէ: Եթե Գագիկ Ծառուկյանը նման որոշում կայացնի, դա միայն պետք է ողջունել: Դրանից հետո շատ հարցեր կառաջանան, քննարկումներ եւ գնահատականներ կլինեն, բայց միայն այն, որ նման բարդ իրավիճակում նա իր վրա վերցնի նման պատասխանատվությունը, որը իմ խորին համոզմամբ ձեւական չի լինելու, դա ողջունելի է եւ մենք ամեն ինչ կանենք նրան օգնելու համար»:

Aravot.am-ի այն դիտարկմանը՝ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, արդյոք, Ծառուկյանն այն անձն է, ով կարող է իր վրա նման պատասխանատվություն վերցնել, Շահվերդյանը պատասխանեց. «Հասկանում եմ հարցի ենթատեքստն էլ, իմաստն էլ: Ֆրանսիացի հայտնի մտածող Ֆորբախը մի առիթով ասել է՝ «Եթե պատմական իրավիճակը պահանջում է առաջնորդ եւ այդ առաջնորդը իրականում չկա, ապա թեկուզ կավից պետք է պատրաստել այդ առաջնորդին եւ տալ ժողովրդին»: Թող ներեն կոպիտ համեմատության համար, բայց այսօր ծայրահեղ բարդ իրավիճակ է ստեղծված երկրի եւ ժողովրդի համար: Որեւէ մեկը պետք է պատասխանատվություն դրսեւորի եւ վերցնի պայքարի դրոշակը: Այսօր, իսկապես, պայքարի գործ կա: Եթե չեն արել, թող այլեւս չհամարձակվեն անողներին անուններ կպցնել: Նախագահական ընտրությունները չպետք է չարության մթնոլորտում լինեն եւ չպետք է անձնավորել թեկնածուներին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930