Դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կանցկացվի Մանկական եվրատեսիլ-2012-ը: Հայաստանից մասնակցելու է «Compass band» խումբը: Վերջինիս անդամները չորսն են` Աբրահամ, Դավիթ, Արշավիր, Արամ: Նրանք կատարելու են «Sweety baby» ստեղծագործությունը:
Մանկական եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երկուշաբթի առավոտյան իրենք արդեն Ամստերդամ են մեկնելու եւ մասնակցելու են նախապես անցկացվող նկարահանումներին:
«Կնկարահանվեն տեսաբացիկները: Այս տարի շոուի կոնցեպտը փոխվել է. լինելու են դոկումնետալ պահեր: Նկարահանվելու է մասնակիցների շարժը, փորձերը եւ այդ ամենը ցուցադրվելու է Մանկական եվրատեսիլի ժամանակ»,- նշեց Գասպարյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ նոյեմբերի 30-ին կլինի գլխավոր փորձը ու պետք է այդ օրն էլ լավ ելույթ ունենան, որպեսզի գրավեն ժյուրիի հավանությունը:
Կարդացեք նաև
Ըստ նրա` Աբրահամը, Դավիթը, Արշավիրը եւ Արամը ստեղծագործող տղաներ են: Ինչպես ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավարը` տղաները ունեն մեկ նպատակ` գերել աղջիկների ժպիտները:
«Compass band» խմբի անդամներն էլ լրագրողներին պատմեցին իրենց թիմի առաջացման մասին. «Թիմը ձեւավորվել է այն դպրոցի խնջույքներից մեկի ժամանակ, որտեղ մենք ենք սովորում: «Compass» ենք կոչել, քանի որ ամեն մեկս մեզ համարում ենք աշխարհի չորս կողմերը»:
Երեխաները հանդես են գալու Beatles խմբի ոճով: Ասում են` իրենք չենք կրկնօրինակելու նրանց, այլ փորձելու են նմանվել այդ խմբին: «Մենք ուզում ենք ցույց տալ, թե որքան ենք սիրում Beatles-ին»,- ասացին մասնակիցները:
Մանկական եվրատեսիլի այս տարվա նշանաբանն է` «Կոտրիր սառույցը»: Գոհար Գասպարյանի խոսքով, բեմի դեկորացիաները լինելու են սառույցի նման, իսկ երեխաները, իրենց թեժ կատարումներով փորձելու են կոտրել այդ սառույցը:
«Մեծ պատասխանատվություն է, որ մեր երկիրը ներկայացնում ենք նման մեծ մրցույթում: Մեզ համար մրցակից ենք համարում Իսրայելին, Հոլանդիային, Ռուսաստանին, սակայն կարեւորը` մենք հաճույք ստանանք մեր կատարումից»,- ասացին «Compass band» խմբի երեխաները:
Մանկական եվրատեսիլ-2012-ի ժամանակ լինելու է մի երգ, որտեղ բոլոր մասնակիցներն են հանդես գալու: Այն նվիրված կլինի երեխաների իրավունքների պաշտպանությանը:
Նշենք, որ եթերում է Compass band խմբի «Sweety baby» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ