Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՎ օրենսգրքի դրույթները հերթով առոչինչ են դառնում

Նոյեմբեր 23,2012 17:59

ՀՀ սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Պաշտպանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննության առնել 1985 թ. ընդունված և մինչ օրս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ պարբերության և 262-րդ հոդվածի 2-րդ պարբերության համապատասխանության հարցը ՀՀ Սահմանադրությանը:

Դիմողը հիմնավորել էր, որ նշված օրենքի դրույթները չեն կարող կիրառելի լինել, քանի որ պարունակում են այլևս գոյություն չունեցող պետության իրավական խնդիրների կարգավորումներ, որոնք շատ դեպքերում հակասում են անկախ Հայաստանի վերջին 20 տարիներին ընդունած օրենքներին, Սահմանադրությանն ու Միջազգային համաձայնագրերին:

Այսօր` նոյեմբերի 23-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննության առնելով ՎԻՎ օրենսգրքի վերոնշյալ դրույթները, ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց՝

• Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի` «Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան» դրույթը ճանաչել ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր,

• ՎԻՎ օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ դրույթները ճանաչել ՀՀ սահմանադրության 16-րդ և 103-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներին հակասող և անվավեր,

• ՎԻՎ օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդմասի դրույթների համակարգային առումով փոխկապակցված օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները ճանաչել ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:

ՍԴ որոշման կապակցությամբ «Pastinfo.am»-ի թղթակիցը զրուցեց դիմող կողմի ներկայացուցիչ՝ ՄԻՊ-ի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ, Արամ Վարդևանյանի հետ:

«Զարմանալի էր այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային ժողովը, չնայած իր առաջնային ելույթում, բացատրություններում, դիրքորոշման մեջ նշել էր, որ 262-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն այսօր ի վերջո ՍԴ-ն նույնպես այդ երկու հոդվածները ճանաչեց հակասահմանադրական: Այսինքն՝ ընդունեց ՄԻՊ-ի դիրքորոշումը»:

Ըստ նրա` օրենքում առկա ԽՍՀՄ և այլ դրույթները խոչընդոտ չէին, որպեսզի նորմը համարվեր գործող:

«Այս որոշումն այնքանով է կարևոր, որ գոյություն ունեին դրույթներ, որոնք չէին համապատասխանում ՀՀ բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթին, սակայն այսօրվանից կարելի է հայտարարել, որ այդ նորմերը հակասող են ՀՀ Սահմանադրությանը և ալևս չեն գործում»,- նշեց ՄԻՊ ներկայացուցիչը:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930