Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստի բուհը ղեկավարում է ոչ արվեստագետ մեկը». Գեւորգ Պողոսյան

Նոյեմբեր 23,2012 17:57

«Անհանգստություն կա, թե ուսանողների կողմից, թե դասախոսների: Ինչ չափանիշներով  է տնօրեն նշանակվում, հաշվի է առնվում արդյոք ուսանողների խոսքը, նման շատ խնդիրներ կան: Նախաձեռնող խմբի նպատակն է այդ խնդիրները լուծել»,-այսօր  Նկարիչների միությունում «Թերլեմեզյանի խնդրի» լուծման լավագույն ճանապարհները գտնելու նպատակով կազմակերպած հավաք-քննարկման ժամանակ ասաց նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Պողոսյանը:

Գեւորգ Պողոսյանի խոսքով «Թերլեմեզյանը» պետք է բերել այն վիճակին, որտեղ ուսանողները լավագույն ձեւով կկարողանան սովորել, մթնոլորտն էլ կլինի հանգիստ եւ արվեստի հետ կապված.

«Տնօրենը այդ շղթայի մի մասն է: Արվեստի բուհը ղեկավարում է ոչ արվեստագետ մեկը, ով իրականում պետք է լինի արվեստագետ եւ գլուխ հանի իր գործից: Հետեւաբար մենք առաջադրել ենք նոր տնօրենի, որը քոլեջի 20 տարվա դասախոս Դավիթ Դավթյանն է»:

Նախաձեռնող խումբը ցավով է ուզում տեղեկացնել, որ հեղինակավոր կրթօջախի տնօրենի պաշտոնը սկսել է ժառանգաբար փոխանցվել, եւ այս անգամ արվեստագետների նոր սերնդի «ապագան կերտելու» հերթը հասել է կիբեռնետիկ ժառանգորդի:

Աննա Մնացականյանը, որը մասնագիտությամբ կիբեռնետիկ է, պլանավորում է զբաղեցնել տնօրենի պաշտոնը: Ստեղծված դրությունը բողոքի ալիք է բարձրացրել կրթօջախի ուսանողության, դասախոսական, ինչպես նաեւ արվեստագետների ու արվեստասերների մի շրջանակում:

Դեկտեմբերի 14-ին կայանալու է քոլեջի տնօրենի մրցույթը, նախաձեռնող խումբը ցանկանում է, որ մրցույթն անցկացվի արդար ու թափանցիկ:

Նամակ է ուղղվել ԿԳ նախարարին՝ Արմեն Աշոտյանին, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի դասախոս Դավիթ Դավթյանը պնդում է, որ հարազատ օջախում նա կրթվել, աշխատել եւ ապրել է.

«Նախաձեռնող խմբի ծրագրերին համաձայն եմ: Եթե ուրիշ տնօրեն լինի, ապա այն կքանդվի: Լինելով մանկավարժ, ծրագրային փոփոխություններ կանեմ, վերապատրաստման խնդիրը կլուծեմ, կապ կստեղծեմ արվեստի այլ կրթօջախների հետ, որպեսզի ավելի որակական կրթություն ստանան ուսանողները»:

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի հիմնախնդիրն է կերպարվեստի ոլորտում ստեղծագործական ներուժի պահպանումը, զարգացումը եւ մշակութային դաշտում բարձորակ մասնագետների սերնդափոխության եւ շարունակականության ապահովումը:

Գեղարվեստի կրթօջախի խնդիրն է կիրթ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող արվեստագետների պատրաստումը: Աստիճանաբար մասնագիտական գիտելիքներին տիրապետելու մակարդակը ստեղծագործողի համար առավել մեծ նշանակություն է ստանում: Մերօրյա արվեստագետը չի կարող սահմանափակվել կերպարվեստի նեղ ոլորտում գործելով, այն ժամանակ, երբ տեղական ուսումնական հաստատություններում դասավանդումը սահմանափակվում է կերպարվեստի նեղ, առավելապես հաստոցային գեղանկարչության շուրջ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930