Գենադի Զյուգանովը կոչ է անում ադրբեջանցիներին համբերատար լինել եւ շարունակել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս մասին Ռուսաստանի կոմկուսի առաջնորդը հայտարարել է Բաքվում` Vesti.az կայքի թղթակցի հետ զրույցում:
«Առանց Ռուսաստանի մասնակցության Կովկասում խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Սա ծանր խնդիր է եւ հարկավոր է այն լուծել բանակցությունների սեղանի շուրջ, այդ բանակցություններն իրենց հերթին պետք է լինեն հավասարակշռված ու խելամիտ», – նշել է Զյուգանովը:
Ռուսական կոմկուսի ղեկավարը Բաքվում է գտնվում Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովին մասնակցելու նպատակով:
Խոսելով Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին` Զյուգանովը նշել է. – «Նախագահի առումով Ադրբեջանի բախտը բերել է: Իլհամ Ալիեւը ունակ գործիչ է: Ինձ հատկապես դուր է գալիս, որ նավթի արդյունահանումից ստացվող շահույթը ադրբեջանական կառավարությունն ուղղում է սոցիալական ծրագրերի իրագործմանը»։
«Ազատություն» ռադիոկայան