Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, քաղաքական հնարավոր զարգացումները, այդ երկրում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու, նրանց վերադարձը հայրենիք հնարավորինս դյուրացնելու համար։
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ներկայացմամբ Գործադիրը որոշել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար 65 հազար դրամ պետտուրքից ազատել ազգությամբ հայ օտարերկրյա այն քաղաքացիներին կամ ՀՀ քաղաքացիներին, ում մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը։
Մինչև այդ ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում տալու վերաբերյալ:
Գործադիրի որոշմամբ Հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց տրվում է ՀՀ մուտքի վիզա՝ հիմնականում մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով, և հաշվի առնելով, որ տվյալ պարագայում սիրիահայերը, իրենց համար չծրագրված, շարունակեցին իրենց կեցությունը Հայաստանում, առաջացավ նրանց տրված վիզաները երկարաձգելու, ինչպես նաև կացության կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14.1. հոդվածի համաձայն՝ մուտքի արտոնագրի երկարաձգելու յուրաքանչյուր օրվա համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի 50 տոկոսի չափով, իսկ ըստ 14-րդ հոդվածի 8-րդ կետի՝ ՀՀ կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար բազային տուրքի 105-150-ապատիկի չափով: Բնականաբար, նյութական ծանր պայմաններում
Կարդացեք նաև
հայտնված սիրիահայերի պարագայում մուտքի արտոնագիրը երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի գանձումը խնդրահարույց է: Ուստի՝ որոշմամբ սահմանվել է, որ ազգությամբ այն հայ օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ կազատվեն ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության իրավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիբանանի Հանրապետությունում և Սիրիայի Արաբական Հանրապետությունում բնակվող հայերի համար մեծ խնդիրներ են առաջանում Հայաստան գալու և ՀՀ անձնագիրը մեր երկրում ստանալու հարցում, ՀՀ սփյուռքի նախարարության մշակմամբ և ներկայացմամբ Կառավարությունը որոշում ընդունեց ազատել ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից:
Մեկ այլ որոշմամբ լրացումներ են արվել այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները ՀՀ քաղաքացու անձնագիր կարող են ստանալ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:
Նշված որոշումների ընդունմամբ փաստորեն Սիրիայի մեր հայրենակիցների յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն է ունենում տնտեսել շուրջ 5000 ԱՄՆ դոլար՝ կրճատելով անձնագիր ստանալու համար Հայաստան այցելությունների համար ծախսերն ու ազատվելով պետական տուրքի վճարումից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ