Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կհաղթահարի՞ խանդն ու կպաշտպանի՞ Գագիկ Ծառուկյանին

Նոյեմբեր 23,2012 17:06

Գագիկ Ծառուկյանի ու նրա խորհրդավոր որոշման շուրջ քննարկումները չեն դադարում: Ենթադրություններ, կանխատեսումներ և սպասումներ. այսպես կարելի է բնութագրել այն իրավիճակը, որ այժմ ձևավորվել է ներքաղաքական մթնոլորտում նշված հարցի առիթով:

Aravot.am-ը մի շարք քաղաքագետների խնդրեց՝ հաշվի առնելով վերջին զարգացումներն ու գնահատելով ներկայիս քաղաքական իրավիճակը, կանխատեսել, արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին և արդյոք ՀԱԿ-ը այդ դեպքում կպաշտպանի՞ նրա թեկնածությունը: Քաղաքագետների մեծամասնության կարծիքով՝ Գ. Ծառուկյանը կառաջադրվի:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մանրամասնեց. «Ինտիրիգը խորհրդարանական փաթեթի հարցում է: ԲՀԿ-ն ներդրեց այն ու փորձեց դաշտը բևեռացնել ու գեներացնել դրա շուրջ: Գագիկ Ծառուկյանն առաջադրվելու է, իսկ ՀԱԿ-ն իմ ենթադրությամբ կպաշտպանի նրա թեկնածությունը: Ախր մենք շատ էլ խորքը չգիտենք, թե ինչ է կատարվում, միայն արտաքին մակերեսով գիտենք: Իրենց հարաբերություններից ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ ՀԱԿ-ը կպաշտպանի Ծառուկյանին, քանի որ նրանք ուզում են ռեժիմի փոփոխություն: Բայց Ծառուկյանը գործարար աշխարհի մարդ է, իսկ ՀՀ-ի իրավիճակը գիտեք: Մնում է տեսնենք, թե ՀԱԿ-ը կհաղթահարի՞ իրեն այդ խանդի տեսարանում: Բայց, եթե նկատի ունենան երկրի շահերը, պիտի որ համաձայնեն: Հայաստանի համար արդիականացման խնդիր կա, ինչը հին կռվանների վրա չի կարող տեղի ունենալ: Իսկ թե Լևոն Տեր-Պետրոսյան, Վարդան Օսկանյան, թե Գագիկ Ծառուկյան, խոսքը այդտեղ երկրորդականի և կոմպրոմիսի մասին է: Գուցե ներկայիս նախագահը կմնա, բայց պառլամենտարիզմի զարգացման շանսը կգա Հայաստան»:

Պարոն Շիրինյանը զրույցի ավարտին հիշեցրեց Ռուզվելտի` «աշխատանք, հույս և վստահություն» սկզբունքները և ՀՀ քաղաքական գործիչներին կոչ արեց «հեռու մնալ խարդավանքներից ու մուտիլովկաներից»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն առաջարկում է սպասել ևս տասը օր, և ամեն ինչ պարզ կդառնա: Բայց նաև կանխատեսում է. «Այն վարկածը, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի և ՀԱԿ-ը նրա թեկնածությունը կպաշտպանի, մեծ հավանականություն ունի»:

Մեր այն դիտարկմանը, թե անգամ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական քաղաքապետը հայտարարեց, թե Գյումրիում պաշտպանում է ՀՀԿ-ական թեկնածուին, կամ ԱԺ արտահերթ նիստին 8 ԲՀԿ-ական պատգամավորներ չներկայացան, ՀԱԿ-ը կպաշտպանի՞ ԲՀԿ առաջնորդին, պարոն Բոզոյանը պատասխանեց «Վճռորոշ դեր չի կատարել այդ մի քանի հոգու բացակայելը: Իսկ Գյումրին կարծես թե իսկապես հուզող հարց է, այստեղ կար հին պատմություն և անձնական գործոններ, որոնք բերում են որոշակի պրոցեսների: Բայց նաև կարծում եմ, որ դրանցից լուրջ հետևություններ անել չարժե»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930