Այսօր Վանաձորում «Սոցիալական ցանցերը` որպես բրենդի առաջխաղացման գործիք» խորագիրը կրող աշխատաժողովով սկիզբ դրվեց «ArmNet 2012» նախագծի մասնագիտական քննարկումների մարզային միջոցառումներին:
«Մեզ համար շատ կարեւոր է նախագծի շրջանակները ընդլայնելը, եւ քանի որ Վանաձորը մեր խոշոր քաղաքներից մեկն է, մենք նկատել ենք, որ Վանաձորը համացանցում ակտիվ է, ուստի որոշեցինք մարզային առաջին հանդիպումը կազմակերպել հենց Վանաձորում»,- ասաց «ArmNet» նախագծի կազմակերպիչ, բրենդինգային գործակալության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը:
Ըստ Հայկուհի Տաքսիլդարյանի` նման հանդիպումները միտում ունեն զարգացնելու ոլորտը, ծրագրում ընդգրկելու նաեւ մարզային նախագծեր:
«Երեք տարի է` ինչ կա նախագիծը, ընդլայնումը հեղինակության աճի հետ է կապված: Նման հանդիպումներ կազմակերպելու ենք ՀՀ այլ քաղաքներում եւս, որպեսզի հետագայում մարզային նախագծերը եւս մասնակցեն եւ ինչու չէ՝ նաեւ շահեն»:
Հայկուհի Տաքսիլդարյանը նշում է, որ իրենց հիմնական նպատակը ոչ միայն ոլորտի զարգացումն է, այլեւ բազայի ամրապնդումն ու ստեղծումը եւ մայրաքաղաքում, եւ մարզերում:
«Շատ կարեւոր է նաեւ մասնագետների մասնագիտական շփումները միմյանց հետ»:
Մասնագիտական քննարկման ժամանակ վանաձորցիներին իրենց փորձը փոխանցեցին տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, «Hayland.am» սոցիալական ցանցի ղեկավար Արտաշես Մկրտչյանը, «Instid Russia» փորձագետ Անտոն Մերկուրովը, ՏՏ տեխնոլոգիաների փորձագետ, գործարար Վահե Տոռոզյանը, «Maeutica» ընկերության հատուկ նախագծերի ղեկավար Սուրեն Ազատյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ