Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանից պահանջեցին չխախտել ԱԺ կանոնակարգը եւ մարդկանց հարցերին շատ հասկանալի պատասխանել

Նոյեմբեր 23,2012 16:30


Այսօր Ազգային ժողովում սերմերի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների շուրջ հրավիրված լսումները, որին մասնակցում էր նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, բավականին բուռն ընթացան:

Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, վկայակոչելով հարյուրավոր գյուղատնտեսների դժգոհությունները, կառավարության հատկացրած ցորենի սերմացուի վերաբերյալ, ասաց, որ դա ոչ թե աջակցություն էր գյուղացուն, այլ` «հարյուր տոկոսանոց բիզնես է»: Ըստ նրա. «Գյումրիում, օրերս, սելեկցիոն կայանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ֆերմերները բազմաթիվ հարցեր են բարձրացրել, բայց բավարար պատասխաններ չեն ստացել իրենց հարցերին»:

Ի պատասխան՝ Սերգո Կարապետյանն ասաց. «Դա բիզնես չէ, լուրջ պետական ծրագիր է: Գյուղացիներին սերմը տալիս ենք ձրի, այդ սերմը հանրապետությունում գրանցված է եւ փորձարկումներ է անցել, եւ տեղայնացված է: Անցյալ տարի բարձր բերք ենք ստացել, այս տարի կլիմայական պայմաններով պայմանավորված՝ գյուղացիները խնդիրներ են ունեցել»:

Գյուղնախարարը, տեսնելով, որ քննարկման թեման միայն ցորենի չհաջողված սերմացուն է, սպառնաց հարցերին չպատասխանել եւ հեռանալ լսումներից, եթե շարունակեն ցորենից խոսել: Նիստը վարող Մարտուն Գրիգորյանն արձագանքեց. «Չեք ուզում մասնակցել, ձեր խնդիրն է, բայց ցորենի հարցն անմիջական կապ ունի այս թեմայի հետ»:

Նշենք, որ քննարկման բուն թեման «Սերմերի մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխություններն էին, ըստ որոնց նախատեսվում է սերմերի ներմուծման սահմանափակումները վերացնել եւ սերմերի շուկան ազատականացնել: Սերգո Կարապետյանը 2 ձեռքով կողմ էր շուկայի ազատականացմանը` համոզմունք հայտնելով, որ այդ պարագայում միայն գյուղատնտեսությունը կզարգանա:

«Ո՞վ պետք է վերահսկի այդ շուկան եւ որեւէ մեկը պատասխանատվության ենթակվել կամ ենթարկվելո՞ւ է, որ այդ ներկրած սերմերից գյուղացին տուժի»,-նախարարին հարց ուղղեց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը. «Ինչ երաշխիք կա, գյուղացին չի կարող տասը կիլո սերմի համար մտնի դատարան»:

Նախարարը որեւէ երաշխիք չտվեց. «Ներկրված սերմերը ոչ ոք չի կարող վերահսկել:

Ազատ տնտեսական շուկայական հարաբերություններ են, եւ վաճառողը, եւ գնորդը իրենք են հարաբերվում եւ պետք է պայմանագրային հարաբերություններ ունենան: Գյուղատնտեսը խնդիր ունենալիս պետք է համապատասխան օրգաններին դիմի: Այո, պետք է վերահսկողությունն ուժեղացնել»:

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի համար անհասկանալի էր, թե այդ դեպքում «գյուղատնտեսության նախարարության դերը ո՞րն է»: «Քաղաքականություն իրականացնելը»,-մեկնաբանեց Սերգո Կարապետյանը:

Բնապահպան Կարինե Դանիելյանի հարցին էլ, թե գիտե՞ք, որ սերմերի պահով էկոլոգիան, առողջապահական եւ անգամ ազգային անվտանգության խնդիր կա, պարոն նախարարը պատասխանեց`այո, խնդիր կա:
Նախարարի այս կարճ պատասխանից հետո, ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Սերգո Կարապետյանին կոչ արեց` «Չխախտել ԱԺ կանոնակարգը եւ մարդկանց հարցերին շատ հասկանալի պատասխան տալ»:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչյա Բերբերյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սերմերի շուկայի ազատականցումը լավ գաղափար է, միայն թե վերահսկողությունն այդ դաշտում պետք է ուժեղացնել. «Գործող օրենքով մեկ ֆերմերին թույլատրվում էր մեկ հեկտարի չափով սորտափորձարկում անցկացնել: Բայց կարող է լինել ոչ թե մեկ, այլ յոթ, տասը հեկտար, որը չի ազդի իրավիճակի վրա, կորուստ կլինի՝ իրենը կլինի, օգուտ կլինի՝ էլի իրենը կլինի: Շուկան ազատականացնելուց հետո միգուցե հարկավոր է օրենքում փոփոխություններ մտցնել, եւ այն ընկերությունները`միջազգային, թե տեղական, նրանց նկատմամբ պատասխանատվությունն ուժեղացնեն, որ եթե գյուղացին այդ սերմից բերք չունենա, ներկրողը պատասխանատվություն կրի: Այսօր մենք չունեք գյուղմթերք արտադրողի մասին օրենք, միգուցե այս օրենքի փոփոխություններից առաջ այդ օրե՞նքը գրանցվեր: Պետք է ազատականացվի նաեւ պարարտանյութի եւ թունաքիմիկատների շուկան եւ հետեւողական պետք է լինենք, որ բարեխիղճ գործարարներ լինեն այդ շուկայում»:

Լուսինեե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930