Մարտի 1-ի զոհերի գործով Եվրոպական դատարանում հանդես եկող «Իրավունքի գերակայություն» հկ-ի իրավաբան Արտակ Զեյնալյանն այսօր «Անպատժելիության համակարգային դրսեւորումները եւ դրանց ազդեցություններն իրավունքի գերակայության վրա Հայաստանում» քննարկման ժամանակ ներկայացրեց հենց մարտի 1-ի զոհերի հարցը: «Կա զինատեսակ, որը ոստիկանները չպետք է օգտագործեն՝ դա նռնակ է, որը կրակում են հրացանից: Այն ունի կիրառման նշանակություն: Մարտի 1-ի 10-ի զոհերից 3-ը զոհվել են հենց այդ նռնակի կրակներից: Այդ հրացանը օգտագործել են 4 ոստիկաններ: Գուցե հնարավոր չէ պարզել, թե այդ 4 ոստիկաններից ո՞ր մեկն է իրականացրել սպանությունը, բայց այդ զենքի օտագործման հրահանգը տվողն է հայտնի, բայց այդ անձնավորությունը անգամ որպես կասկածյալ չի ներգրավվել»:
Նա նաեւ անդրադարձավ վարչական պատասխանատվությանը՝ պնդելով, որ վարչական իրավախախտումների մասին օրենքը պետական պաշտոնյաների համար պատասխանատվություն է նախատեսում, բայց դեռ ոչ մի պաշտոնյայի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել. «Ոչ մի պաշտոնյա վարչական իրավախախտում թույլ չի՞ տվել, հնարավո՞ր է նման բան»:
Պարոն Զեյնալյանն ասաց, որ շատ կան դեպքեր, երբ դատարանով է հաստատվել, որ պետական պաշտոնյան խախտել է տեղեկատվություն տրամադրելու իրավունքը, բաց ոչ մի արձանագրություն չի կազմվել. «Իշխանությունը պաշտպանում է իր գործակալներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ