Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է հայ մեծ քնարերգու Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Ավան վարչական շրջանում տեղադրված բանաստեղծի կիսանդրու բացմանը: Բանաստեղծի անունը կրող թաղամասի համանուն պուրակում տեղադրված կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, քանդակի հեղինակ Լևոն Թոքմաջյանը, Երևանի ավագանու անդամներ, արվեստի և մշակույթի գործիչներ, հյուրեր և Ավանի բնակիչներ:
«Գաղափարը վաղուց էր քննարկվում ու այսօր Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կյանքի կոչվեց: Ինչպես գիտեք Ավան վարչական շրջանի թաղամասերը անվանակոչված են մեր հայ մեծերի անուններով և մենք ծրագրել ենք այդ թաղամասերից յուրաքանչյուրում առկա պուրակներում տեղադրել նմանատիպ կիսանդրիներ: Այս ծրագիրը հաստատ լինելու է շարունակական»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կարդացեք նաև
Կիսանդրու բացման հանդիսավոր արարողության շրջանակում կազմակերպվել էր նաև տոնական համերգ-միջոցառում՝ աշուղական երգերի լավագույն կատարողներ Թովմաս Պողոսյանի, Արուս Գուլանյանի և այլոց մասնակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն