Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց բանակը զինվորի պակաս ունի, բայց՝ ոչ հիվանդ

Նոյեմբեր 23,2012 15:10

Այսօր «Ելակետ» ակումբում «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը եւ ԵՊՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Պաշտպանության նախարարին առընթեր ՀԽ անդամ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսեցին նորակոչիկների ֆիզիկական եւ  հոգեբանական պատրաստվածության մասին՝ անդրադառնալով նաեւ օրերս սկսված աշնանային զորակոչին:

Խաչատրյանի փոխանցմամբ՝ ինքը, ընդգրկված լինելով նախարարին առընթեր հասարակական խորհրդում, մասնակցում է առողջապահական հանձնաժողովների նիստերին. «Զինծառայողների առողջական խնդիրը ամենալուրջ խնդիրն է: Նորակոչիկը, զորակոչվելով, իր գանգատը պետք է ներկայացնի, եթե իհարկե կա, իսկ մենք՝ վեր ենք հանում խնդիրը՝ նշանակելով կրկնակի փորձաքննություն, լիարժեք բավարարելով ծնողների պահանջը: Շուրջ 16 տարի համագործակցելով նախարարության հետ՝ չի եղել մի դիմում-բողոք, որը լիարժեք բավարարում չստանա: Բանակին հիվանդ զինվորներ պետք չեն: Հիվանդություններ են լինում, որ ծնողներին թվում է, թե դրա պատճառով իրենց որդին պետք է ազատվի զինծառայությունից, բայց բացատրական աշխատանքներից, բժշկական հետազոտություններից հետո ծնողները հասկանում են, որ այդպես չէ»:

Գասպարյանն էլ նշեց, որ աշնանային զորակոչի առաջին 10 օրերի ընթացքում հանձնաժողովին դիմել են 75 քաղաքացի, որոնց հիմնական մասը վերաբերվում էր նորակոչիկներին, միայն 2-ը՝ արդեն ծառայության մեջ գտնվող զինվորներին. «Տեղեկացնեմ, որ այդ 75 դիմումներից, երեկվա դրությամբ, մոտ 70-ը արդեն նայված է, յուրաքանչյուր դեպք առանձին քննության է առնվել, միջնորդություններ են ներկայացվել, որպեսզի կամ վերանայվի, կամ, եթե կան հակասական տվյալներ, մենք ուղարկում ենք փորձաքննության՝ մասնագիտական գնահատականի համար, պարզելո,թե արդյո՞ք այդ զինվորը պիտանի է ծառայության համար»,-հայտնեց Գասպարյանը:

Թե սովորաբար դիմումներից քանի՞սն է մերժվում՝ Գասպարյանը դժվարացավ պատասխանել, բայց նշեց, որ հայկական բանակը զինվորների պակաս ունի, ինչի հետ կապված ՊՆ համապատասխան հրամանների մեջ որոշ փոփոխություններ են եղել, որոնք մարդկանց համար դժվար ընդունելի են, բայց այդ ամենն արվել է օրենսդրությանը համապատասխան:

Ըստ Խաչատրյանի՝ 70-ից ավելի դիմումներ վերաբերվում են մեծ մասամբ մաշկային հիվանդություններին, այսինքն, այն զինակոչիկներին, որոնք մի քանի անգամ տարկետման են եղել եւ հիվանդությունը գնացել է նվազման փուլ.«Օրինակ լինում է, երբ փսորիազը, էկզեման, նեյրոդերմիտը երկար ժամանակ բուժվել է,  նվազման փուլում է ու եթե այն ափից փոքր է, ապա նորակոչիկը ծառայության պիտանի է: Թող ծնողներին չթվա, որ եթե զինակոչիկը 3 անգամ տարկետում է եղել, ապա միանշանակ պետք է ազատվի ծառայությունից»:

Գասպարյանն էլ հավելեց, որ մեզանում չկա առողջությամբ զբաղվելու մշակույթ. «Երբ զինակոչիկի մոտ հայտնաբերվում է հիվանդություն եւ նրան տրվում է 6 ամիս ժամանակ՝ բուժման նպատակով, հաճախ 6 ամիս անց վերադառնում են ու պարզվում է, որ ոչինչ չի արել ընտանիքը հիվանդությունը բուժելու համար: Սովորաբար՝ այդպես են անում, որ ժամանակ շահեն, կամ էլ՝ հիվանդությունն այնքան էլ չի անհանգստացնում»:

Խաչատրյանը ավելացրեց, որ  զինակոչիկները բուժհաստատություններում հետազոտման փուլն անցնում են անվճար, պետպատվերի շրջանակներում, վիրահատությունից սկսած, ցանկացած բուժում իրականացվեւմ է անվճար, իսկ եթե որեւէ մեկը գումար պահանջի, ապա կարող են զանգահարել հասարակական խորհուրդ՝ 010 52 34 82 հեռախոսահամարով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930