Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում վտանգավոր դեղեր չկա՞ն, դեղերն էլ չե՞ն թանկացել

Նոյեմբեր 23,2012 14:54

«Հայաստանում դեղերի մասին օրենքը, որն առաջին անգամ ընդունվել է 1998 թվականին, բավականին հին է, եւ վերջին յոթ տարիների ընթացքում թե’ պետական մարմինների, եւ թե’ դեղարտադրողների միության կողմից պահանջ կար մշակելու նոր օրենք դեղերի մասին, որը  կհամապատասխաներ եվրոպական պահանջներին եւ չափանիշներին»,-  այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Պարոն Զաքարյանի խոսքերով՝ դեղերի մասին օրենքները առհասարակ շատ ծավալուն են եւ դինամիկ, որոնցում տարեցտարի հարկ է լինում փոփոխություններ մտցնել, քանի որ եվրոպական եւ միջազգային չափանիշները նույնպես փոփոխվում են:

Տեղական դեղարտադրող ընկերությունների մասին խոսելով՝ դեղարտադրողների եւ ներմուծողների նախագահը նշեց, որ անցած տարվանից, կառավարության կողմից մշակված օրենքի նախագծով, մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը բոլոր տեղական դեղարտադրող ընկերությունները պետք է ունենան պատշաճ գործունեության (GMP) հավաստագրեր:

Պարոն Զաքարյանի համոզմամբ՝ դեղերի մասին նոր օրենքը, ինչպես նաեւ տեղական դեղարտադրողներին շնորհված հավաստագրերը թույլ կտան բարձրացնել տեղական արտադրության դեղերի որակը եւ անվտանգությունը եւ այն հասցնել եվրոպական չափանիշներին:«Հավաստագրի պահանջների մեջ մտնում են որակական, անվտանգության, հիգիենայի պահպանումը, ընդհուպ մինչեւ՝ աշխատողների կրթությունը: Հավաստագրի ողջ իմաստը կայանում է նրանում, որ երբ հիվանդը դեղը դնում է բերանը, իր մտքով երբեք չպիտի անցնի, որ կարող է էդ դեղը լինի թունավոր կամ վտանգավոր»,- ասաց Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ նոր օրենքի մշակումը տեւել է մոտավորապես 2 տարի, եւ որի մշակմանը մասնակցել են պետական մարմինները ու դեղարտադրողների եւ ներմուծողների միությունը:

Բանախոսի պնդմամբ, նոր օրենքի նախնական տարբերակը շրջանառության մեջ է մի շարք նախարարություններում, եւ այս ամսվա վերջին կամ դեկտեմբերի սկզբին կներկայացվի կառավարության հաստատմանը:

Ասուլիսի ընթացքում պարոն Զաքարյանը նաեւ հերքեց դեղերի թանկացման մասին շրջանառվող լուրերը՝ ասելով. «Մեր տվյալներով դեղերի գների թանկացում չկա հանրապետությունում: Լուրեր էին պտտվում, որ շուրջ 80% դեղատեսակներ թանկացել են 30%-ով: Չկա այդպիսի բան: Իմիջիայլոց դեղերի մասին նոր օրենքով նաեւ նախատեսվում է իրականացնել գնային որոշակի սահմանափակումներ, որոնք դեռ գտնվում են քննարկման փուլում»:

Կեղծ դեղամիջոցների մասին խոսելիս՝ պարոն Զաքարյանը նկատեց, որ Հայաստանում գրանցված շուրջ 4000-ից ավելի դեղատեսակներից միայն 55 չգրանցված դեղատեսակ է հայտնաբերվել: Նրա պնդմամբ, այդ դեղատեսակները նույնիսկ վտանգավոր չի կարելի համարել: Ելույթի վերջում նա խորհուրդ տվեց դեղ գնելուց առաջ անպայման խորհրդակցել բժշկի հետ եւ հնարավորինս օգտվել բրենդային ընկերությունների արտադրած դեղամիջոցներից:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930