Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐԸ

Նոյեմբեր 23,2012 14:23

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ տասներկուերորդ

ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐԸ

Եվ Ներսիսյանը ձայնն ավելի ցածրացնելով Ֆերեշեթին ասաց՝ «եթե ձայնս ցածրացնում եմ, դա բնավ չի նշանակում թե՝ զայրույթս պակասեց», եւ Ֆերեշեթը մեղավոր ժպտալով հարցրեց՝ «բա ի՞նչ ա նշանակում», եւ Ներսիսյանը տհաճությամբ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «դուք շատ լավ գիտեք՝ ինչու եմ շարունակաբար ինձ զսպում եւ ձայնս հնարավորինս ցածրացնում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով  ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պապայի արեւ՝ չգիտեմ», եւ Ներսիսյանը տհաճությամբ նախ Ֆերեշեթին նայեց, այնուհետեւ նայեց  ինձ ու Վահանին եւ գավազանը բարձրացնելով ու գավազանով դիմացի պատը ցույց տալով ասաց՝ «այս պատից այն կողմ, պարոնայք,  չափազանց բարեկիրթ ամուսիններ են բնակվում» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «չափազանց բարեկիրթ եւ չափազանց քաղքենի» եւ մի քիչ էլ մտածեց ու խղճահարությամբ ավելացրեց՝ «չափազանց բարեկիրթ եւ տարիքային առումով բավական առաջացած» եւ մի քիչ էլ մտածեց ու խղճահարությամբ ավելացրեց՝ «տարիքային առումով չափազանց առաջացած եւ նախորդ ֆորմացիայի փլուզումից բավական վախեցած ու տագնապած» եւ մի քիչ էլ մտածեց ու խղճահարությամբ ավելացրեց՝ «նախորդ ֆորմացիայի քաղքենի մտավորականության վերջին մոհիկաններն են» եւ մի քիչ էլ  մտածեց ու ավելացրեց՝ «քաղաքական դիտորդներն ու մեկնաբաններն այն կարծիքին են, որ Միխայիլ Սերգեյիչը հնարավորինս անցնցում քանդեց Սովետը, բայց իմ այս քամելիազարդ հարեւանների օրինակը միանգամայն հակառակն է  ապացուցում» եւ մի քիչ էլ մտածեց ու խղճահարությամբ ավելացրեց՝ «նախորդ ֆորմացիայի քաղքենի մտավորականության սույն մոհիկանները, փաստորեն, փլատակների տակ մնացին», եւ Ֆերեշեթը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «հասկացա», եւ Ներսիսյանը  Ֆերեշեթին հարցրեց՝ «ի՞նչը հասկացաք», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «բարձր չես գոռում, որ հարեւաններդ չվախենան», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց, արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «դուք ոչ թե հասկացաք, այլ գիտեիք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ձեզ մի քանի անգամ պատմել եմ իմ այդ հարեւանների մասին» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «ցավոք սրտի, դուք ի վիճակի չեք նման նրբություներն ինքնուրույնաբար ընկալել ու հասկանալ», եւ Ֆերեշեթը նայեց ինձ ու Վահանին եւ փռթկացնելով ասաց՝ «որ Էֆենդին գոռում ա, էդ հարեւանի կնիկը շատ ա վախենում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «էդ կնոջ մարդը մի քանի անգամ Էֆենդուն զգուշացրել ա, որ մի քիչ կամաց գոռա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «ոչ թե զգուշացրել է, այլ միանգամայն բարեկրթորեն ու միանգամայն մարդկայնորեն խնդրել է», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «բարեկրթորեն ու մարդկայնորեն խնդրել ա, որ Էֆենդին մի քիչ կամաց գոռա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «որ Էֆենդին գոռալով ա խոսում, էդ հարեւանի կնիկն ամեն անգամ լեղաճաք ա ըլնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ախր Էֆենդու ձենը շատ հզոր ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ոչ թե իմ ձայնն է հզոր, այլ այս բնակարանի պատերն են չափազանց բարակ», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց էս շենքը ստալինյան ա», եւ Ներսիսյանը զարմացած ինձ հարցրեց՝ «դա ի՞նչ կապ ունի», եւ ես ժպտալով ասացի՝ «էս շենքի պատերը շատ հաստ են», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրսի պատերը չափազանց  հաստ են, իսկ ներսինները՝ չափազանց բարակ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դրսից ուրիշների աչքն են հանում, ներսից՝ մեր», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «ներսիններն էնքան բարակ են, որ հենց մաեստրոն մի քիչ բարձր ա խոսում, էդ կնիկը լեղաճաք ա ըլնում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ իրենք չափազանց բարեկիրթ ու չափազանց ցածրախոս մարդիկ են», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով  Ներսիսյանին ասաց՝ «դու իրանցից բարեկիրթ ես, բայց բարձր ես խոսում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու գոռալով Ֆերեշեթին ասաց՝ «որովհետեւ ժամանակ առ ժամանակ ձեզ պես անբարեկիրթ հյուրեր եմ ունենում», եւ Ֆերեշեթը փռթկացնելով Ներսիսյանին ասաց՝ «կամաց գոռա, թե չէ էդ կնոջ դաշնակահար ամուսինն էլի կհայտնվի», եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «էդ մարդը դաշնակահար ա՞», եւ Ֆերեշեթը պատասխանեց ու ասաց՝ «համ մարդն ա դաշնակահար, համ էլ՝ կնիկը», եւ Ներսիսյանն ասաց՝ «նախորդ ֆորմացիայի քաղքենի մտավորականության վերջին մոհիկաններն են», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «մեկը մյուսից նիհար են՝ ոնց որ էրկու հատ չոփ», եւ Ներսիսյանը Ֆերեշեթի վրա գոռաց՝ «ձեզ ո՞վ է իրավունք տվել ծաղրել նախորդ ֆորմացիայի վերջին մոհիկաններին», եւ Ֆերեշեթը ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «որ ասում եմ դաշնակահար են, էդ ծաղրել ա՞», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «դուք կարծեմ մեկ այլ բառ էլ օգտագործեցիք», եւ Ֆերեշեթը մի  քիչ մտածեց ու ասաց՝ «ասեցի, որ շատ նիհար են» եւ փռթկացնելով Ներսիսյանին հարցրեց՝ «կարող ա՞ սխալ եմ ասել», եւ Ներսիսյանը նորից Ֆերեշեթի վրա գոռաց՝ «ձեզ ոչ ոք իրավունք չի տվել ձեռ առնել այդ թշվառներին», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «որ ասում եմ նիհար են, էդ չի նշանակում թե՝ ձեռ եմ առնում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու չափազանց խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «դուք չափահաս մարդ եւ կարդացած անձնավորություն հանդիսանալով՝ պարտավոր եք իմանալ, որ ձեռ առնելը ոչ այնքան բառերի ու արտահայտությունների հետ է կապված, որքան՝ ինտոնացիայի» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին սեւեռուն նայելով ավելացրեց՝ «ձեզ ոչ ոք իրավունք չի տվել արհամարհական ինտոնացիաներով խոսել այդ թշվառների մասին», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որ նիհար են, էդ չի նշանակում թե՝ թշվառ են», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու խղճահարությամբ Ֆերեշեթին նայելով ասաց՝ «դուք չափահաս մարդ եւ կարդացած անձնավորություն հանդիսանալով՝ պարտավոր եք իմանալ, որ թշվառությունը ոչ թե ինչ-որ արտաքին երեւույթ է, այլ՝ ճակատագիր» եւ մի քիչ էլ մտածեց ու մեզ նայելով ավելացրեց՝ «փաստորեն, նախորդ  ֆորմացիան իսպառ վերացել ու ջնջվել է երկրի երեսից, բայց նախորդ ֆորմացիայի քաղքենի մտավորականության ցաքուցրիվ բեկորները շարունակում են իրենց գոյությունը մի կերպ քարշ տալ» եւ մի քիչ էլ մտածեց ու չափազանց խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «դուք այդ թշվառականների մասին արհամարհական ինտոնացիաներով խոսելուց առաջ պարտավոր եք մեկընդմիշտ հիշել, որ այդ տարաբախտ թշվառականներն իմ մերձավորագույն հարեւաններն են», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես իրանց մասին արհամարհական ինտոնացիաներով չեմ խոսել», եւ Ներսիսյանը սեւեռուն նայեց Ֆերեշեթին, այնուհետեւ նայեց մեզ ու ասաց՝ «տղաները վկա են» եւ մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «այդ խեղճուկրակ թշվառականները, փաստորեն, նախորդ ֆորմացիայի քաղքենի  մտավորականության վերջին մոհիկաններն են» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «փաստորեն, սա մեր երկրի ու մեր ժողովրդի պատմության մեջ բացառիկ պահ է», եւ Ֆերեշեթը Ներսիսյանին հարցրեց՝ «ինչո՞վ ա բացառիկ», եւ Ներսիսյանն առանց Ֆերեշեթին նայելու ասաց՝ «փաստորեն, նախորդ ֆորմացիայի քաղքենի մտավորականությունն իսպառ վերացման վտանգի տակ է, մինչդեռ նոր ֆորմացիայի քաղքենի մտավորականությունը դեռեւս չի ձեւավորվել ու առաջացել» եւ մի քիչ  մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «առաջիկա տասնամյակում դժվար էլ առաջանա», եւ Ֆերեշեթը փռթկացնելով հարցրեց՝ «բա առանց քաղքենի մտավորականության ո՞նց ենք անելու», եւ Ներսիսյանը թարս նայեց Ֆերեշեթին ու չափազանց խիստ տոնով ասաց՝ «ես լուրջ ու դարակազմիկ երեւույթներից եմ խոսում, իսկ դուք, ինչպես միշտ, ջրիկանում ու անլրջացնում եք», եւ Ֆերեշեթը փռթկացնելով հարցրեց՝ «ի՞նչն եմ անլրջացնում», եւ Ներսիսյանը պատասխանեց ու ասաց՝ «խոսակցությունը» եւ մեզ նայելով ավելացրեց՝ «մենք երեքով դարակազմիկ ու կարեւորագույն երեւույթներից ենք խոսում, իսկ այս Ֆերեշեթ կոչեցյալն անպոչ գդալի պես մեջ ընկնելով՝ անլրջացնում ու խանգարում է», եւ Վահանը ժպտալով  ասաց՝ «փաստորեն,  էս պահին Հայաստանում քաղքենի մտավորականություն գոյություն չունի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե այդպես լիներ, հրաշալի կլիներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դա մեզ համար շատ մեծ շռայլություն կլիներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարծում եմ՝ մենք այդ երանելի վիճակին արժանի չենք», եւ Ֆերեշեթը  ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «բա նոր ասում էիր՝ հին ֆորմացիայի քաղքենի մտավորականությունը վերացել ա, բայց նոր ժամանակներինը դեռ չի ձեւավորվել ու առաջացել», եւ Ներսիսյանը հիացմունքով նայեց Ֆերեշեթին ու ժպտալով ասաց՝ «պարզվում է՝ ասածներս լավ էլ  հիշում եք» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «իսկ ինձ թվում էր՝ ձեր հիշողությունը խմիչքի ազդեցության տակ ամբողջովին է մթագնել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիշողությունիցս ոչ մի բողոք չունեմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «դա միանգամայն գովելի է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչ միայն ձեր հիշողությունն է տեղը, այլեւ՝ տրամաբանությունը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես միշտ էլ դիմացինիս արժանիքները նկատում ու գնահատում եմ», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «դու միշտ էլ ինձ գնահատել ես», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ո՛չ միշտ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ ո՛չ միշտ եք այսպիսի փայլուն դիտողականություն ու տրամաբանություն հանդես բերել» եւ մի քիչ էլ  մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին  ասաց՝ «այնպես որ,  ես ձեր դիտողությունն ու նկատողությունն ընդունում եմ, բարեկամս», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ դիտողություն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես քանի՞ գլուխ ունեմ, որ քեզ դիտողություն անեմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե աշխատող գլուխ է, մեկն էլ բավարար է», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու Ներսիսյանին հարցրեց՝ «բայց քեզ ի՞նչ դիտողություն եմ արել», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «միանգամայն տեղին», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու Ներսիսյանին ասաց՝ «ես կյանքիս մեջ քեզ դիտողություն արած չկամ», եւ  Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «այս անգամ փորձեցիք, եւ, կարող եմ ասել, միանգամայն հաջող ստացվեց», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հատուկ չեմ արել» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «անկախ ինձանից ստացվեց», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու  ժպտալով ասաց՝ «որովհետեւ  անկախության ժամանակներում ենք ապրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ստույգ՝ գոյատեւում» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «իսկ ավելի ճշգրիտ՝ գոյություններս ենք մի կերպ քարշ տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչպես նախորդ ֆորմացիայի տարիներին», եւ Ֆերեշեթը հարցրեց՝ «բայց քեզ ի՞նչ դիտողություն եմ արել, Էֆենդի», եւ Ներսիսյանը  մի քիչ մտածեց ու անսպասելի գոռաց՝ «դուք ինչպե՞ս կարող եք ինձ դիտողություն անել, թշվառական», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ես էլ եմ էդ ասում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «պարզապես մի պահ մտքիս թելը կտրվեց, եւ դուք ճիշտ պահին նկատեցիք», եւ Ֆերեշեթը կմկմալով հարցրեց՝ «ի՞նչ եմ նկատել», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նկատեցիք, որ հին ֆորմացիայի քաղքենի մտավորականությունը վերանում է, սակայն նորը չի առաջանում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «բայց էդ քո՛ միտքն էր, Էֆենդի»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930