Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, այսօր խոսելով քաղաքական զարգացումներից, մասնավորապես՝ օրերս հրավիրված արտահերթ նիստը ՀՀԿ-ական պատգամավորների կողմից բոյկոտվելուց, ասաց. «Ամեն ինչ կարելի է սպասել, բայց ոչ Սահմանադրության նորմերի խախտում, ամեն դեպքում պետք է նիստը կայանար, քանի որ, ըստ օրենքի, նիստը կարող է կայանալ այն դեպքում, երբ պատգամավորներից 1/3-րդի նախաձեռնությունը կա: Նիստը պետք է կայանար, քանի որ դա սահմանադրական պահանջ էր: Մի հետաքրքիր կազուս առաջացավ. նիստ վարողը չէր գրանցվել, այսինքն՝ բացակա էր, բայց շարունակում էր նիստը վարել, առանց գրանցվելու»:
Խաչատրյանը, նշելով, որ ինքը միշտ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի ջատագովն է եղել, ասաց, որ խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասել է, թե ինչու է դեմ մեծամասնական ընտրակարգին. «Մեծամասնական պայքարը, դա գաղափարների պայքար չէ, իսկ չկայացած երկրներում սա բերում է անձնական պայքարի, ձեռնամարտի, թշնամանքի: Մեծամասնականով ընտրված պատգամավորները միմյանց հետ գաղափարական պայքար չեն մղում՝ թշնամանում են», – նշեց նա:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ կայացրած, բայց դեռ չհրապարակած որոշմանը՝ Խաչատրյանը հայտնեց. «Առայժմ գնում է անալիտիկ աշխատանք: Արագածոտնի մարզում որոշում են կայացրել միանշանակ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունն առաջադրել: Բայց Գագիկ Ծառուկյանն իր որոշման մասին կհայտարարի, եթե որոշում ունենա: Ես չեմ լսել, որ որոշումն ընդունված է, բայց՝ գրպանում դրված: Այժմ պրոցես է գնում, քաղխորհուրդը, կուսակցության ղեկավարը, ծանոթանում են տարածքների ակտիվի գնահատականին, այսինքն՝ թե ինչպիսին է վերաբերմունքը ԲՀԿ-ի, նրա առաջնորդի, եւ նրա առաջադրման վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանը ժամանակակից քաղաքական գործիչ է եւ նա հայտարարություն կանի այն ժամանակ, երբ կլինի քաղխորհրդի որոշում»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ