Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես բավարարված եմ աշխատանքից, երբ ուսանողը գոհ է»

Նոյեմբեր 23,2012 14:13

Ասում է մանկավարժական համալսարանի պրոֆեսորը

Օրերս լրացավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակը: Համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարեն Հայրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 40 տարի է, ինչ աշխատում է մանկավարժականում: «2001-2002թթ. ուսումնական տարում հիմնադրված օտար լեզուների ֆակուլտետը համալսարանի երիտասարդ օղակներից է: Ներկայումս ֆակուլտետում շուրջ 900 ուսանող է սովորում, իսկ դասախոսների հետ միասին՝ կոլեկտիվը բաղկացած է գրեթե 1500 հոգուց: Ֆակուլտետում պատրաստում են անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի եւ իսպաներենի ուսուցիչներ: Ուղղվածությամբ եւ ուսուցման բովանդակությամբ ֆակուլտետը էապես տարբերվում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից եւ ԵՊՀ-ի ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետից: Ինչպես հայտնի է, վերջինս ունի բանասիրական, իսկ Բրյուսովի անվան համալսարանը՝ լեզվագիտական ուղղվածություն: Իսկ մեր ֆակուլտետը բացվել է՝ նպատակ ունենալով պատրաստել հիմնական եւ ավագ դպրոցների (որոնք վերջերս են կայացել) համար նախատեսված կադրեր: Այսօրվա դրությամբ ֆակուլտետում աշխատում են 5 դոկտոր, 7 պրոֆեսոր, ավելի քան 25 գիտությունների թեկնածու, դոցենտ: Բավարար չափով ներուժ ունենք՝ ֆակուլտետի առջեւ դրված խնդիրները լուծելու համար»,-ասաց Հայրյանը:

Դեկանը նշեց, որ մանկավարժականի 90-ամյա հոբելյանին ընդառաջ՝ ֆակուլտետն ունի լուրջ ձեռքբերումներ. «Բակալավրիատում, մագիստրատուրայում եւ հեռակա ուսուցման համակարգում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, մասնավորապես՝ վերանայվում են ուսումնական պլանները եւ ծրագրերը: Կրեդիտային համակարգի է անցել նաեւ ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը:

Ներկա դրությամբ նպատակ ունենք ամբողջ համալսարանին համընթաց կարողանալ նոր ուսումնական գործընթացը համապատասխանեցնել եվրոպական եւ միջազգային չափանիշներին»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ դժվարություններ էլ կան. «Ինչպես հայտնի է, կրթական համակարգի բարեփոխումները երկարաժամկետ ծրագրեր են: Մեր նախաձեռնած գործընթացի արդյունքներն ակնհայտ կլինեն 4-5 տարի հետո: Դրա համար լուրջ նախադրյալներ կան. համալսարանի նոր ղեկավարությունը ռեկտորի գլխավորությամբ անում է ամեն հնարավորը, որպեսզի մենք կարողանանք հավատարմագրման գործընթացը հաջողությամբ պսակել: Լիահույս ենք, որ մեր առջեւ դրված ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ խնդիրները կլուծվեն: Հավատարմագրման պրոցեսը խիստ կարեւոր է միջազգային ճանաչում ձեռք բերելու համար»:

Կարեն Հայրյանը փաստեց, որ լուծվում են նաեւ սոցիալական խնդիրները. «Մեր աշխատավարձը հունվարից կրկին բարձրանալու է 40 տոկոսով: Մեկ տարի առաջ նույնպես այդքանով բարձրացել էր: Սոցիալական այս ուղղվածությունը խթանում է նաեւ կրթական գործընթացը ավելի պատշաճ մակարդակով իրականացնելու գործը»:

Պրոֆեսորից կարծիք հարցրեցինք, թե որն է, ըստ նրա, ուսանողների առջեւ դրված առաջնահերթ խնդիրը: «Խնդիրները շատ են, բայց ամենակարեւորը մի բան է՝ բակալավրիատի, մագիստրատուրայի եւ հեռակա ուսուցման ծրագրերով ուսանողները մոդուլային համակարգի շրջանակներում պետք է բավարարված լինեն ուսումնառության գործընթացից: Ներկայիս ուսանողներն ավելի խստապահանջ են, նրանց բավարարելը հեշտ գործ չէ: Այդ պատճառով կոոպերացիա ենք անում այլ բուհերի հետ, հրավիրում հանրապետության լավագույն մասնագետներին: Առհասարակ, կրթական ոլորտը բարելավելու համար անընդհատ մեծ ջանքեր են պահանջվում: Դա էլ մեր առաքելությունն է: Եթե ուսանողը գոհ է ուսումնառությունից, մենք բավարարված ենք մեր աշխատանքից, որքան էլ այն ծանր լինի»,-պատասխանեց պարոն Հայրյանը:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930