Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասական» պայքար՝ ռաբիսի դեմ

Նոյեմբեր 23,2012 14:10

«Opera Belcanto» թատրոնի տնօրեն Դավիթ Վարժապետյանը նպատակ ունի Հայաստանի լավագույն ձայները հնչեցնել Կանադայում

Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում ծնունդով Պոլսից՝ կանադաբնակ օպերային բարիտոն, դիրիժոր, մանկավարժ Դավիթ Վարժապետյանը, ով Ազգային օպերային թատրոնում վարպետության դասեր էր վարում, հայտնել էր, թե փորձում է թատրոնի տնօրինության հետ փոխհամաձայնության ճանապարհով մշակութային կամուրջ գցել Երեւանի եւ Կանադայի թատրոնների միջեւ: Հիշեցնենք, որ պարոն Վարժապետյանը 1972թ. ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ Գոհար Գասպարյանի դասարանը, կատարելագործվել է Իտալիայում, մեծանուն Ջինո Բեքիի մոտ, համաշխարհային օպերային գրականության բարիտոնի համար գրված առաջնակարգ դերերգերով էլ բեմ է բարձրացել Ռուսաստանի, Եվրոպայի ու Ամերիկայի թատրոններում:

Հայ երաժշտասերների ավագ սերունդը այսօր էլ հիշում է Երեւանում Վարժապետյանի Սիլվիոն (Լեոնկավալո՝ «Պայացներ»), Ժերմոնը (Վերդիի «Տրավիատա»), Կոմս Լունան (Վերդի՝ «Տրուբադուր»): Կարիերային զուգահեռ, արվեստագետը ծավալել է նաեւ հասարակական գործունեություն: Նրա շնորհիվ է, որ սկսած 1979թ՝. առաջին անգամ Հայաստանից Կանադա հյուրախաղերի մեկնել Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Պարի պետական անսամբլը, անհատ կատարողներ եւ այլն:

Մեզ հետ հանդիպման ժամանակ պարոն Վարժապետյանը հայտնել էր, որ Երեւանի օպերային թատրոնում դասընթացներ է վարում երգիչների հետ, տնօրինության հետ էլ փորձում է փոխհամաձայնության ճանապարհով յուրօրինակ կամուրջ գցել Կանադայի եւ Երեւանի թատրոնների միջեւ: Նշենք նաեւ, որ 2000-ականների կեսերին Դ. Վարժապետյանը Սաութ Սինքոյում (Տորոնտոյին հարակից 5 քաղաքների միություն) հիմնել է «Opera Belcanto» թատրոնը, որի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է: 2010-ին էլ առաջին անգամ մեր օպերային թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը նշյալ թատրոնում գլխավոր դերերգերով բեմ է բարձրացել Վերդիի «Տրավիատայում», Պուչինիի «Տոսկայում», Լեոնկավալոյի «Պայացներում», Մասկանիի «Գեղջկական ասպետություն»-ում:

«Առավոտին» հասած լուրը, թե Վարժապետյանի հրավերով մեր օպերային թատրոնի մեներգիչների մի խումբ է գտնվում Կանադայում, կիսով չափ հաստատեց կոնցերտմայստեր, թատրոնի փոխտնօրեն Լեւոն Ջավադյանը, ասելով, թե շուրջ 2 ամիս է, ինչ թատրոնի մեներգչուհի Տաթեւիկ Աշուրյանը Վարժապետյանի հրավերով մենահամերգներ է ունենում Կանադայում: Հետո էլ հավելեց. «Մեներգիչներ Նարինե Անանիկյանի, Տաթեւիկ Աշուրյանի, Հովհաննես Այվազյանի, Դավիթ Բաբայանցի հետ դեռեւս ամռանից պատրաստում եմ Վերդիի «Տրուբադուրի» գլխավոր դերերգերը եւ 2013թ., հավանաբար գարնան սկզբին, Վարժապետյանի հրավերով, իր ղեկավարած թատրոնում նրանք հանդես կգան հիշյալ ներկայացման մեջ»:

Մեզ հետ հեռախոսազրույցում պարոն Վարժապետյանը հայտնեց, որ կանադահայ գաղութը «դաստիարակվում» է հիմնականում հայաստանյան անորակ հեռուստասերիալներով եւ ռաբիսի մակարդակի աստղերի համերգներով, հետո էլ ասաց. «Ղեկավարածս թատրոնում մեծ ցանկություն ունեմ ներկայացնելու ոչ միայն այլ երկրների, այլեւ հայրենիքիս օպերային թատրոնի լավագույն ձայներին: Հուսով եմ, որ հաջորդ տարի հայաստանցի հանդիսատեսին առաջին անգամ կներկայացնեմ ճանաչված օպերային երգչուհի Ալիսիա Վիսոցքային: Այս պայմանավորվածությունը ձեռք եմ բերել Երեւանի օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ բանակցությունների արդյունքում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930