Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Ձեր կարծիքով մեր կյանքը չի՞ փոխվել, ամեն ինչ հե՞տ է գնացել»

Նոյեմբեր 23,2012 14:07

Այսօր «Հենարան» ակումբում նախագահական ընտրությունների մասին խոսելիս ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը կանգնած է մեր երկրի հիմնախնդիրների լուծման ակունքներում, որ ժողովրդի վստահությանն է արժանացել եւ դրա համար հաջորդ 5 տարիներին մարդիկ իրեն են վստահելու եւ այլն:

Aravot.am-ը հետաքրքրվեց, եթե Սերժ Սարգսյանը կանգնած է մեր երկրի հիմնախնդիրների լուծման ակունքներում, ի՞նչն էր խանգարում նրան նախորդ 5 տարիներին երկրում առկա արտագաղթը կանգնեցնել, տնտեսական աճ ապահովել, նվազագույն աշխատավարձը կենսապահովման նվազագույն զամբյուղին գոնե հավասարեցնել: Արտակ Զաքարյանն ի պատասխան ասաց, որ դա եղել է իրենց կամքից անկախ՝ աշխարհում տեղի ունեցող գործընթացների պատճառով, որոնք եղել են խանգարող հանգամանքներ՝ «ֆինանսատնտեսական ճգնաժամը, որից անգամ այսօր Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան չեն կարողանում դուրս գալ»: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա, ըստ Ա. Զաքարյանի.«Մեր պետության պարագայում, որն ունի երկու հարեւանների հետ փակ սահմաններ, ունի երկար ժամանակ բացակայած պետականությունը վերագտնելուց հետո պետություն կառուցելու եւ մրցակցության դիմանալու կարողություն, ձեր հարցը համարում եմ խիստ նորմալ, խիստ բնական: Բայց մեր սոցիալական որեւէ ծրագիր չտուժեց, մեր զինվորը, մեր ուսուցիչը կարողացան իրենց աշխատանքի անհրաժեշտությունը կազմակերպել այնպես, որ որեւէ հասարակական գործընթաց դրանից չտուժի: Ինչ խոսք, աշխատավարձը ցածր է, ինչ խոսք, նպաստները ցածր են, բայց եկեք միայն դրանով չչափենք ամեն ինչ»:

Մեր դիտարկմանը՝ հասարակությունը տեսնում է, որ դուք քշում եք «Տոյոտա Քեմրի», որ գեներալ Մանվելը մի քանի ջիպ է քշում, իսկ իրենք հացի փող չունեն, հասարակությունը չի կարող այդ անարդարությունը հասկանալ, եթե դուք էլ «ժիգուլի» քշեիք՝ հասարակությունը կհասկանար, թե ինչու չի ստանում ավելի բարձր աշխատավարձ, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Տոյոտա Քեմրին ԱԺ-ինն է, իմը չէ: Դա եւս աշխատանքի կազմակերպման պարագա է: Իսկ հասարակության համար ինքներդ տեսնում եք ինչ ենք անում՝ եւ քաղաքային տնտեսության մեջ, եւ ենթակառուցվածքներում, եւ գազաֆիկացման, եւ էլեկտրաֆիկացման, եւ ամենատարբեր բիզնես ներդրումներում..ամեն ինչ արվում է: Այսինքն, ձեր կարծիքով, մեր կյանքը չի՞ փոխվել, ամեն ինչ հե՞տ է գնացել»:

Նախորդ տարի Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել ու ասել էր, որ երկրում խնդիրներ կան, պետք է լուծվեն: Դա խորհրդարանական ընտրություններից առաջ էր: Հիմա նախագահական ընտրություններից առաջ նա նորից խորհրդակցություն է հրավիրում ու զարմացած ասում՝ Սեյրան, դու, Դերո, դու, Տիգրան, դու… Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ է նախագահը երկրի խնդիրների, «ատկատների» մասին հիշում ընտրություններից առաջ միայն՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց . «Պետության ղեկավարի խնդիրն է որոշակի պարբերականությամբ ուշադրություն հրավիրել: Այն, ինչ ՀՀ նախագահն անում է՝ խորհրդակցությունների տեսքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930