Վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանի հետազոտության արդյունքներն ու առաջարկները
Վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանն «Առավոտի» հետ զրույցում խոսելով ուղեղների արտահոսքի մասին՝ փաստում է. «Այդ պատճառով միջինում ունենում ենք մտավոր մակարդակի անկում, որը, սակայն, կոմպենսացվում է նրանով, որ Հայաստանը «ուղեղների շտեմարան» է: Եթե, օրինակ, Չինաստանում 1 000 000 մարդու պարագայում կհանդիպես մեկ գիտնականի, Հայաստանում՝ 1000-ից մեկն է գիտնական: Մեր բնակչության թվաքանակի պակասությունը շուրջ հազար անգամ կոմպենսացվում է մեր որակական հատկանիշներով»:
Ըստ վիճակագրի, ուղեղների արտահոսքը, բացի բացասականից, մի շարք դրական կողմեր էլ ունի՝ ինչպես Հայաստանի միջազգային ինտեգրացիան, կապերն ու համագործակցությունը, երկրի միջազգային իմիջը եւ այլն: Նրա խոսքով, «Ուղեղների արտահոսքի պարագայում Հայաստանը ներկայանում է որպես խելացի կադրերի երկիր, իսկ գիտնականներն աճի հնարավորություն են ունենում՝ դառնալով մրցունակ միջազգային շուկայում: Եթե անգամ այդ մասնագետների փոքր տոկոսն է վերադառնում, իր ավելի բարձր մակարդակով կոմպենսացնում է արտահոսքը: Ի դեպ, վերադարձածները Հայաստանի համար նոր բնագավառների զարգացման հեռանկար են ապահովում: Մարքեթինգ, աուդիտ, մենեջմենթ…այս գաղափարներին մի 20 տարի առաջ Հայաստանում ծանոթ չէին»:
Անի Քալաշյանը հիշատակեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի զեկույց, ըստ որի՝ Հայաստանի գիտնականները աշխարհի մասշտաբով առաջին հորիզոնականներում են, սակայն այդ ցուցանիշը վերաբերում է 55-ից բարձր տարիք ունեցողներին: «Մեծ խզվածք ունենք երիտասարդ եւ 50-ից բարձր տարիքի գիտնականների միջեւ: Ես առաջարկություն ունեմ, որ ստեղծվի մի կազմակերպություն, որի առաքելությունը լինի այդ խզվածքը վերացնելը, վերապատրաստումների միջոցով տարեց գիտնականներին ժամանակակից տեխնոլոգիաներին մոտեցնելը, իրենք չգիտեն՝ ինչպես ծրագիր գրել, գրանտ շահել, մեղադրելի չէ՝ տարիքով մեծ են: Մյուս կողմից էլ՝ նույն կազմակերպությունը երիտասարդներին կօգնի, օրինակ՝ թեորետիկ, գիտական հարցերում, մանավանդ մյուսներում նրանք գերժամանակակից մեթոդների են տիրապետում: Դա եւս միջոց է միգրացիան կարգավորելու եւ մարդկանց ձերբազատելու անպետքության զգացողությունից»:
Անի Քալաշյանն առաջարկում է միգրացիան կարգավորելու համար Չինաստանի օրինակով Եվրոպական համալսարան հիմնել Հայաստանում. «Չինացիները հետաքրքիր քաղաքականություն են վարում, որպեսզի ուսանողներն իրենց երկիրը չլքեն ուսման նպատակով: Նրանք աշխարհի լավագույն համալսարաններից վարձում են դասախոսների, որոնք դասավանդում են Չինաստանի Եվրոպական համալսարանում: Հայաստանում նման որոշակի դերակատարություն ունի Ամերիկյան համալսարանը: Ունեմ ծանոթներ, որոնք ցանկացել են գնալ Հայաստանից՝ ուսման նպատակով, չի ստացվել, հետո ասել են՝ ոչինչ, կսովորենք Ամերիկյան համալսարանում»:
Հետաքրքրվեցինք՝ ո՞ր երկրներ են մեկնում Հայաստանից եւ հատկապես ի՞նչ մասնագիտությունների տեր մարդիկ: Պարզվում է՝ ամենաշատը մեկնում են ՌԴ, որտեղ շատ են թե աշխատանքային միգրանտները, թե ուսման նպատակով մեկնածները, հաջորդ միգրանտ ընդունող երկիրը ԱՄՆ-ն է, այնուհետեւ Ֆրանսիան, Գերմանիան, ավելի քիչ՝ Կանադան:
Վիճակագիրը փաստում է. արտերկրի ոչ որակյալ աշխատանքային ոլորտներում հայաստանցի աշխատողները հիմնականում ունեն միջնակարգ կրթություն, 28%-ը՝ միջնակարգ մասնագիտական, 15%-ը՝ բարձրագույն:
Որակյալ աշխատանքային ոլորտում զբաղվածների շուրջ 70%-ն ունի բարձրագույն կրթություն, գործարար աշխատանքային ոլորտներում զբաղված միգրատների 52%-ը բարձրագույն կրթությամբ է, 22%-ական՝ միջնակարգ մասնագիտական եւ միջնակարգ:
Անի Քալաշյանի խոսքով, բոլոր երկրների միջեւ էլ կան գիտնականների տեղափոխություններ, այսինքն՝ արտահոսք եւ ներհոսք (ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ այլն), սակայն նրանք դրանից ողբերգություն չեն սարքում:
Անդրադառնալով ուղեղների արտահոսքի-միգրացիա կապին, մեր զրուցակիցն ասում է, որ հաճախ Հայաստանում առկա է անհամապատասխանություն աշխատուժի առաջարկի եւ պահանջարկի միջեւ. «Որոշակի մասնագիտությունների տեր անձինք, օրինակ՝ բուժաշխատողները, ուսուցիչները կամ ճարտարագետները, աշխատանք են ստանում արտերկրում, իսկ հայրենի երկրի տնտեսության համապատասխան ոլորտներում չկա պահանջարկ: Օրինակ, տնտեսագետների շրջանում 5.7% է կազմում միգրացիոն ակտիվությունը, բժիշկների շրջանում՝ 3.4% (ամենացածրը բոլոր մասնագիտական խմբերում), մանկավարժների շրջանում՝ 4.1%, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում՝ 7.5%, ճարտարապետության եւ շինարարության բնագավառում՝ 15.2%, արվեստի եւ մշակույթի բնագավառում՝ 9.2%, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում՝ 5.8%: Ամենաբարձր միգրացիոն ակտիվություն է նկատվում տրանսպորտի ոլորտի մասնագետների շրջանում՝ 15.9%»:
Նրա ասելով, Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած ուսանողներից շատերն այսօր գերադասում են աշխատել արտերկրում, քանի որ ավարտելով՝ տարիներով համապատասխան աշխատանք չեն գտնում, իսկ գտնելու դեպքում այնքան չնչին վարձատրություն են ստանում, որ մի քանի տարի շարունակ չեն կարողանում հետ ստանալ անգամ ուսման վրա ծախսած գումարները. «Ընդհանրապես, Հայաստանում մասնագետներն իրենց տեղերում չեն. սա լուրջ սոցիոլոգիական խնդիր է, որը վնաս է հասցնում մեր երկրին: Ինչպե՞ս կարող է զարգանալ մի երկիր, որտեղ մարդիկ, չլինելով համապատասխան ոլորտի մասնագետ, անարդյունավետ են աշխատում, իսկ ծնողները եւ պետությունը վճարում եւ պատրաստում են մասնագետներ, ովքեր չեն կիրառում իրենց գիտելիքները: Սա էլ է ուղեղների արտահոսքի գլխավոր պատճառ»:
Անին նշում է, որ ի տարբերություն երիտասարդ գիտնականների ու մասնագետների, որոնք տարբեր առիթներով եղել են արտերկրում, ավելի տարիքով մասնագետները դեռ ԽՍՀՄ-ից եկող «շորշոփի» տակ են՝ ամեն գնով ընկնել արտերկիր, որը տարիներ շարունակ փակ է եղել իրենց համար: Սրա կողքին, եվրոպաներ այցելած գիտնականները, որ ազատ տեղաշարժի խնդիր չունեն, չեն էլ մտածում արտերկրում հաստատվելու մասին:
Վիճակագիրը մի բան էլ է նկատել՝ չնայած շատ ու շատ լավ կողմերին, արտերկրում կրթություն ստացած ու Հայաստան վերադարձած երիտասարդները մտածում են՝ թող ինձ մեկ միլիոն աշխատավարձ տան, մնամ Հայաստանում. «Շատերը կիլոմետրերով հեռու են նախաձեռնություն կոչվածից, փոխանակ մտածեն, որ սովորել-վերադարձել ենք, մի լուրջ բան անենք մեր հայրենիքում»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ