Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողդատարանի վճիռ է բողոքարկվում

Նոյեմբեր 23,2012 13:55

Էջմիածնի ժողդատարանի 25. 06.1997թ. թիվ 2-279 վճռի դեմ բողոք է ներկայացրել Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի նախկին փոխտնօրեն, ՀՀ թատերական գործիչների միության անդամ Գարեգին Շահվերդյանը:

Էջմիածնի ժողդատարան էր դիմել Վաղարշակ Մանուկյանը (նախկին գլխավոր հաշվապահ), որը պատասխանող Գ. Շահվերդյանից պահանջել էր 16 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հայցվորը հայտնել էր, որ իր եւ պատասխանողի միջեւ 1997թ. ապրիլին կնքվել է գրավի պայմանագիր, համաձայն որի՝ Գ. Շահվերդյանին տվել է վերոհիշյալ գումարը:

Պայմանագրի համաձայն, Գ. Շահվերդյանը գրավ էր դրել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող իր սեփական տունը՝ 670 քմ հողամասով:

Դատարանի այդ վճռի համաձայն էլ՝ Գարեգին Շահվերդյանից օտարվել էր նրա տունը:

Օրինական ուժի մեջ մտած վճռում, ըստ Գ. Շահվերդյանի, արձանագրվել էր, թե պատասխանողը ներկա է գտնվել տան օտարման գործընթացներին, մասնավորապես՝ աճուրդին: Գ. Շահվերդյանն ասում է, որ աճուրդին չի մասնակցել, տեղյակ չի եղել կատարվածին:

«Ինձնից օտարվել է իմ սեփական տունը: 10 տարի անց՝ 2007թ. դեկտեմբերի 28-ին Մանուկյանը նորից դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ինձ իմ տնից վտարելու պահանջով, որը դատարանի կողմից բավարարվեց: Ես տեղյակ չեմ եղել դատական նիստի մասին»,- ասում է Գ. Շահվերդյանը: Ի դեպ, Շահվերդյանն այդ ողջ ընթացքում պնդել է, թե գումարը վերադարձրել է, պարտք չի, սակայն «բարաթ» չի եղել, որ ապացուցի ասվածը:

Այս տարվա օգոստոսին, ուշացումով, ի վերջո, հայտնվում է «բարաթը»՝ նոր երեւան եկած հանգամանքը:

Գ. Շահվերդյանը Վաղարշապատի նոտարական տարածքի նոտար Ա. Ավետյանից ստացել է վավերացված գրավի պայմանագրում առկա փաստաթղթերի պատճենները, որտեղ կա Վ. Մանուկյանի դիմումը Էջմիածնի պետնոտար Ա. Ավետյանին: Ըստ վերոհիշյալ փաստաթղթի, Վ. Մանուկյանը խնդրել է Գ. Շահվերդյանին՝ վերադարձնել տան սեփականության վկայագիրը. «Քանի որ Գարեգին Շահվերդյանն իմ կողմից տրված գումարը ետ է վերադարձրել, ուստի խնդրում եմ մեր միջեւ կնքված գրավի պայմանագիրը համարել կատարված եւ հետ վերադարձնել Գ. Շահվերդյանին պատկանող Մերձավան գյուղի սեփական տան վկայագիրը»:

Նոտարն իր հերթին գրությամբ դիմել է անշարժ գույքի կադաստրի տեղական ստորաբաժանմանը. «Գումարը մարված է, ուստի խնդրում եմ արգելանքից հանել Էջմիածնի շրջանի Մերձավան գյուղի Այգեգործների թիվ 2 տունը»:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը նոյեմբերի 1-ին վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:

Գ. Շահվերդյանը դիմել էր դատարան՝ նոր երեւան եկած հանգամանքներով գործը վերանայել, եւ իր ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի բողոքը ընդունել վարույթ:

Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը վարույթ ընդունել, արձանագրել էր, որ վճիռը մտել է օրինական ուժի մեջ 1997թ.-ից, եւ այն ընդդատյա է Վճռաբեկ դատարանին:

Գ. Շահվերդյանը բողոքն ուղարկել է ՀՀ վճռաբեկ դատարան, գտնում է, որ ապօրինի վճիռներով, առանց իր գիտության, օտարվել է իր սեփական տունը, այն տունը, որը տնօրինում է մինչ օրս:

Փաստորեն, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ընդունել է, որ Գ. Շահվերդյանը որպես նոր երեւան եկած հանգամանքներով կարող է դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: Ինչ է ստացվում. որ Գ. Շահվերդյանը եթե վաղուց ունենար նշյալ պաշտոնական փաստաթղթերը, ապա դատարանի դիրքորոշումը այլ կլիներ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930