Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ քաղաքը

Նոյեմբեր 23,2012 13:53

ՆԱՐԻՆԵ  ՄԿՐՏՉՅԱՆ

Սկիզբը

 

5. Արքայական

Վերսալը

Փարիզից 21կմ հեռավորության վրա գտնվող Վերսալի արքայական պալատ կարելի է հասնել 20 րոպեում՝ Փարիզի արվարձաններն իրար միացնող գնացքով: Առավոտյան ժամը 10-ն է, սակայն արդեն իսկ զբոսաշրջիկների հսկայական հերթ է տոմսարկղերի մոտ: Պալատի աուդոգայդով «զինված»՝ մտնում ենք ֆրանսիական նրբաճաշակությամբ, միաժամանակ՝ արքայական ճոխությամբ եւ հարստութամբ աչքի ընկնող Վերսալի  արքայական նստավայր:

Արեւ արքայի (նրա արձանը ձիու վրա պալատի դիմացն է) գահակալության օրոք արքայական նստավայրը տեղափոխվում է Վերսալ, թեպետ Փարիզը շարունակում է մնալ Ֆրանսիայի խոշոր քաղաքական կենտրոնը: 1666-1789թթ., մինչեւ հեղափոխությունը, Վերսալի պալատը Ֆրանսիայի թագավորների պաշտոնական նստավայրն էր, իսկ 1801թ. այն թանգարանի կարգավիճակ է ստանում եւ բացվում հանրության առջեւ: Այժմ պալատը եւ այգին ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Եվրոպայի մի շարք արքայական պալատներ կառուցվել են Վերսալի ազդեցությամբ:

Վերսալի պալատի կառուցումը սկսվել է 1661-ին: Շինարարական աշխատանքներում ներգրավվել են 20 հազ. բանվորներ: Պալատն ունի 2000 պատուհան, 700 սենյակ, 70 աստիճան: Պալատի կառուցման համար ծախսվել է 10500տ արծաթ: Պալատի կողքին աստիճանաբար կառուցվում է քաղաքը:

Արքայական կյանքի ողջ ճոխությունն ու հարստությունն  ընդգծվում է բոլոր  սրահներում: Պատերազմի եւ Խաղաղության սրահների մեջտեղում է արքայական ընդունելությունների համար նախատեսված պալատի ամենաճոխ՝ Հայելազարդ սրահը՝ 17 պատուհաններով, 17 հայելիներով, 1000 մոմեր պարունակող ջահերով: Սրահի կենտրոնում երկու հսկայական արծաթե կոշիկ հիշեցնող թագավորի եւ թագուհու գահերն են, որոնք, ըստ Արեւ արքայի, ընդգծում էին Ֆրանսիայի հզորությունը: Անասելի գեղեցկությամբ եւ նրբաճաշկությամբ առանձնանում է նաեւ Վերսալի արքայական այգին՝ 101հա տարածքով, արձաններով, 1200 շատրվաններով, ջերմոցով, ծաղիկներով:

Այժմ այս ողջ հարստությունը Ֆրանսիայինն է, թեպետ ժամանակին պատկանել է միայն արքայական ընտանիքին: Արքունիքի ճոխությունն ու հարստության  «հետեւանքները» չէին կարող չզգալ շարքային ֆրանսիացիները: 1789 թ. հոկտեմբերի 5-ին Փարիզի բնակչության մի ստվար մաս հասնում է Վերսալ, պահանջելով, որ թագավորի ընտանիքը վերադառնա Փարիզ: Լյուդովիկոս 16-րդը ենթարկվում է: Դրանից հետո Վերսալի քաղաքական նշանակությունը  նվազում է:

Վերսալում ստորագրվել են միջազգային հայտնի պայմանագրեր: 1871թ., ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո, գերմանական զորքերով շրջափակված Վերսալյան պալատում է Վիլհելմ 1-ին կայսրը հռչակել Գերմանական կայսրությունը: Ասում են, որ գերմանացիներն ընտրել են Վերսալը Փարիզին նվաստացնելու համար: Առաջին համաշխարհայինից հետո, ջախջախված Գերմանիային նվաստացնելու համար, այստեղ ստորագրվել է Վերսալի խաղաղության պայմանագիրը:

 

6. Երկնքի

ու երկրի միջեւ

Մոնմարտրի բլրի ամենաբարձր վայրում՝ 130 մ բարձրության վրա է Սակրե Կյոր բազիլիկան, ուր կարելի է բարձրանալ կամ ճոպանուղով, կամ 237  աստիճաններով:  Montmartre նշանակում է «տառապյալների բլուր». այստեղ 272թ. գլխատվել են փարիզեցի մի եպիսկոպոս իր  երկու առաքյալների հետ: Մոնմարտրի բարձունքից մոտ 50 կմ տարածությամբ երեւում է ողջ Փարիզը՝ ամբողջությամբ սպիտակ քարից: Չգիտեմ՝ Մոնմարտրի՝ արվեստի թաղամասի մթնոլո՞րտն է ազդում, թե՞ բարձունքից երեւացող զարմանահրաշ տեսարանը. ես ներքեւում փռված Փարիզը նախ նմանեցնում եմ սպիտակաբաշ ձիու, որը հպարտ կանգնել է երկնքի եւ երկրի միջեւ, ապա՝ Սպիտակ քաղաքում կանգնած սպիտակազգեստ արքայադստեր: 237 աստիճանների վերջում բացվում է մեկ այլ սպիտակավուն հրաշք՝ Սակրե Կյոր բազիլիկան (թարգմանաբար՝ «սուրբ սիրտ»): Սակրե Կյոր կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1876-1914 թթ.՝ ի հիշատակ ֆրանս-պրուսական պատերազմի զոհերի: Այստեղ է Փարիզի եկեղեցական ամենամեծ՝ 19տ կշռող եկեղեցական զանգը: Եկեղեցու ներսում գունավոր ապակե խճապատկերներ են:

Սիտե կղզու արեւելյան մասում Փարիզի մյուս աշխարհահռչակ խորհրդանիշն է՝ Փարիզի Աստվածամոր տաճարը (Notre Dame de Paris)՝ 35մ բարձրությամբ, 130մ երկարությամբ, 48մ լայնությամբ: Այն կառուցվել է Փարիզի առաջին քրիստոնեական եկեղեցու տեղում, ճարտարապետ դը Շելի  նախագծով՝  գոթական եւ նորմանդական ճարտարապետական ոճերի զուգակցմամբ: Տաճարի կառուցումը սկսվել է 1163թ., ավարտվել՝ 1345-ին: Գլխավոր մոտքը երեք դուռ ունի, հիմնական մուտքի մոտ պատկերված է Ահեղ դատաստանը: Դարեր շարունակ այս տաճարում են կայացել Ֆրանսիայի միապետների պսակադրությունը, թագադրումը, հուղարկավորությունը: Ներսում մեծ ցուցապաստառը հուշում է՝ 2013 թ. Նոտր Դամի 850-ամյակն է: Կամարաձեւ պատուհանների վրա գունավոր խճանկարներ են: Հավանաբար Գերմանիայում Քյոլնի տաճարի աստվածային գեղեցկությունից հետո Փարիզի Աստվածամոր տաճարն ինձ պարզապես գեղեցիկ թվաց:

Փարիզի աշխարհահռչակ մյուս խորհրդանիշը՝ Էյֆելյան աշտարակը, կարծես ստեղծվել է միացնելու երկինքն ու երկիրը: Աշտարակ բարձրանալու հերթերն անվերջ  են՝ առավոտյան ժամը 9-ից մինչեւ կեսգիշեր: Էյֆելյան աշտարակը երեք մակարդակ ունի՝ առաջին երկուսը հնարավոր է բարձրանալ նաեւ ոտքով՝ հաղթահարելով 668 աստիճան: Մինչեւ 1930 թ. այն աշխարհի ամենաբարձր կառույցն էր: Ֆրանսիական հեղափոխության 100-ամյակի կապակցությամբ կառավարությունը որոշում է միջազգային  ցուցահանդես կազմակերպել՝ առանձնահատուկ խորհրդանիշով: 107 ճարտարապետական նախագծերի մեջ հաղթում է Գուստավ Էյֆելի առաջարկը: Աշտարակը, որը պետք է ժամանակավոր բնույթ կրեր, կառուցվել է երկու տարում՝ 1887-1889 թթ., բաղկացած է 18.038 մետաղական տարրերից, ընդհանուր քաշը 10 հազ. տոննա է, բարձրությունը՝ 324 մետր: Նորակառույց աշտարակն արժանացավ Փարիզի գրողների, արվեստագետների սուր քննադատությանը: Դյումա որդին, Մոպասանը, կոմպոզիոտր Շարլ Հունոն Փարիզի քաղաքապետին նամակ են հղում՝ աշտարակն անվանելով «հրեշավոր կառույց, որը խաթարում է Փարիզի դիմագիծը»:

Ամեն տարի 6.5 մլն մարդ է այցելում աշտարակ: Յոթ տարին մեկ 57տ ներկ է ծախսվում երկաթե գեղեցկուհին ներկելու եւ ժանգից պահպանելու համար:

Ամեն երեկո մենք գալիս ենք այստեղ՝ հիանալու լույսերի մեջ փայլող Էյֆելյան աշտարակով: Ամեն օր գիշերը ժամը 10-ին 5 րոպե տեւողությամբ առկայծում են աշտարակի լամպերը: Այդ 5 րոպեներին սպասում են աշտարակի դիմացի խոտածածկ տարածքում նստած հազարավոր մարդիկ: Երեկոյան ժամը 9-ին, մոտ մեկ ժամ հերթ կանգնելուց հետո, դստերս հետ բարձրանում ենք Էյֆելյան աշտարակ. սկզբում կանգ ենք առնում 1-ին եւ 2-րդ մակարդակներում, ապա վերելակով շարունակում մեր թռիչքը դեպի գագաթ: Աղմուկ է, իրարանցում, չնայած գիշերային ժամին՝ զբոսաշրջիկները փոքր երեխաների հետ են: Բոլորը լուսանկարվում են: Գագաթում Գուստավ Էյֆելի ապակեպատ աշխատասենյակի կենդանի մանրակերտն է՝ ներսում՝ Էյֆելի, նրա դստեր եւ նրանց հյուրընկալած Թոմաս Էդիսոնի մոմե արձանները: Էյֆելն, իրոք, այնտեղ աշխատասենյակ է ունեցել՝ փաստում է ցուցանակը: Ինքնասպանությունների դեպքերից հետո աշտարակը ճաղապատվել է: 15-20 րոպե առաջ աշտարակի երկրորդ մակարդակում արդեն զմայվել էինք գիշերային Փարիզով: Մոտենում ենք ճաղերին՝ գրեթե վստահ, որ տեսարանը շատ չի տարբերվելու, սակայն այն, ինչ երեւում է գագաթից,  անհնար է համեմատել: 324 մետր ներքեւ փռված գիշերային Փարիզը կարծես թեւածում է բազմագույն լույսերի մեջ: Փարիզի բոլոր տեսարժան վայրերը հստակ առանձնանում են. ահա Հաղթական կամարը՝ այն կարծես ոչ թե Փարիզի, այլ աշխարհի կենտրոնը լինի: Մյուս կողմում  Փարիզի նորակառույց գործարար թաղամասն է՝ Դեֆանսը: Մենք Փարիզին նայում ենք  աշտարակի բոլոր կողմերից. ամեն կողմից էլ այն հիասքանչ է: Ահա Միրաբոյի կամուրջը՝ Սենայի վրա՝ կարծես Ապոլիների բանաստեղծությունից պոկված քառատողը լինի: Հիշում եմ նաեւ  Հայնեի տողը Փարիզի մասին, որը կարծես հենց այս պահի համար է գրվել. «Երբ Աստված ձանձրանում է երկնքում, բացում է պատուհանը եւ նայում Փարիզին»: Գիշերային Փարիզի հեքիաթին ավելանում է երկնքի եւ երկրի միջեւ գտնվելու իրականությունը: Շուրջս ամեն կողմից հիացական բացականչություններ են լսվում: Օգոստոսյան շոգ օրվա հետք անգամ չկա. պաղ քամի է փչում: Դժվար է թողնել այս ամենը եւ վերադառնալ երկիր: Ես ձեռքով եմ անում ներքեւում փռված Փարիզին, ինչպես վաղեմի ծանոթի: Դա հրաժեշտի նշան չէր: Այն ավելի շատ նման էր օդային համբույրի:

Փարիզ-Երեւան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930