Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն Սահմանադրությունը «չի բռնաբարել»

Նոյեմբեր 23,2012 13:48

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ «1995 թվականից ի վեր տասնյակ օրինակներ են եղել, որ այդպես խոսողների ներկայացրած քաղաքական ուժերը քվորում չեն ապահովել, եւ նիստ չի կայացել»:

– ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանում մեծամասնություն է, առավել քաղաքակիրթ չէ՞ր լինի, եթե մասնակցեր արտահերթ նիստին եւ իր դիրքորոշումը քվեարկությամբ արտահայտեր:

– Վերջին շրջանում մեր այլընտրանքային եւ ընդդիմադիր գործընկերները իրականությունից հեռու հայտարարություններով հանդես եկան, եւ, թերեւս, հնարավոր է, որ հասարակության մի մասի մոտ թյուրըմբռնում է առաջացել: Որպեսզի ամեն ինչ պարզ լինի՝ ինչպես Ալֆան եւ Օմեգան, ինչպես հին հույները կասեին, հստակեցնեմ. չեմ կարծում, որ ավելի քաղաքակիրթ կլիներ, որովհետեւ ՀՀԿ-ն մեկ անգամ՝ Ընտրական օրենսգրքի հետ կապված լսումների ժամանակ, բոլոր հարցերին պատասխան տվել է: Պառլամենտական ընտրություններից առաջ մենք մեր կարծիքը շատ հստակ, հրապարակային, բաց ասել ենք: Ավելին՝ մեր կուսակից ընկերներ Դավիթ Հարությունյանը եւ Հովհաննես Սահակյանը, ինչպես նաեւ ԲՀԿ եւ ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչները համահեղինակել են ընտրական նոր օրենսգրքի բարեփոխված տարբերակը, որտեղ մեր ամբողջական կարծիքը շատ հստակ ասված է: Ուստի խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն քաղաքակիրթ չեղավ կամ չմասնակցեց քննարկումներին, աբսուրդ է: Եթե մեզ համար 2+2-ը հավասար է չորսի, ինչքան էլ այդ մարդիկ ասեն, որ 2+2-ը վեց ամիս հետո կարող է հավասար լինել 5-ի, դա 5 չի կարող դառնալ: Եվ պատճառը հենց դա է, որ ՀՀԿ-ն քաղաքական բոյկոտի ճանապարհն ընտրեց: Ավելին, մենք կարծում ենք, որ ընդդիմությունն ու այլընտրանքը գնացին քաղաքական բլեֆի, քաղաքական հնարքի, եւ դրան մենք պատասխանեցինք մեկ այլ քաղաքական որոշումով:

– Արտահերթ նիստի շուրջ զարգացող իրադարձություններն այնպիսի տպավորություն էին ստեղծում, որ քաղաքական մեծամասնությունն ամեն կերպ նպաստում է ընդդիմության համար ակտիվ գործողությունների հարթակ ապահովելուն:

– Դա քաղաքական մեծամասնությունն ապահովել է ԱԺ կանոնակարգ-օրենքով, ինչի արդյունքում այսօր ընդդիմությունն ու այլընտրանքը 44 ձայն հավաքելով՝ ցանկացած հարցի շուրջ կարող են արտահերթ նիստ հրավիրել: Ավելին, նրանք ունեն հնարավորություն՝ ցանկացած հարցի համար Սահմանադրական դատարան դիմելու: Դա իրենց իրավունքն է: Եվ եթե որեւէ մեկին թվում է, որ քաղաքական մեծամասնությունը քաղաքական բազմակարծության կողմնակից չէ՝ չարաչար սխալվում է: Մենք շահագրգռված ենք, որպեսզի լինի քաղաքական բազմակարծություն, համերաշխություն եւ երկխոսություն, բայց միեւնույն ժամանակ մենք ինքնանպատակ որեւէ քննարկման չենք մասնակցելու: Մեր գործընկերները պետք է հասկանան, որ ինչպես քաղաքական փոքրամասնության, այնպես էլ քաղաքական մեծամասնության իրավունքն է՝ որոշել՝ ո՞ր հարցում եւ ինչպիսի՞ դիրքորոշում ունենալ: Ինձ համար շատ զարմանալի է, որ փորձառու քաղաքական ուժի փորձառու ներկայացուցիչները հայտարարում են, որ սա էթիկայի կանոնների խախտում է: Ավելին, մարդիկ կան այնքան հեռու են գնացել, որ ասում են, թե սա Սահմանադրության խախտում է:

– ՀԱԿ-ը որոշել է ՍԴ-ում վիճարկել ՀՀԿ-ի կեցվածքը:

– Իրենց իրավունքն է՝ օգտվել իրենց սահմանադրական իրավունքից եւ դիմել այնտեղ, որտեղ օրենքն է թույլատրում: Մենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների, ժողովրդավարական արժեքների առաջամարտիկ ուժ ենք: Մենք բացառապես օրինականության կողմնակից ենք, եւ ի տարբերություն ընդդիմության լիդերների, ովքեր մեկնաբանում են Սահմանադրությունը, մենք Սահմանադրություն չենք մեկնաբանում: Դրա համար կա ՍԴ, օրենքով սահմանված կարգով կորոշե՞ն դիմել՝ թող դիմեն: Էդուարդ Շարմազանովը ոչ իրավաբան է, ոչ էլ ՍԴ նախագահ: Դրա համար պետությունը գումար է հատկացնում ՍԴ ներկայացուցիչներին՝ մարդիկ կորոշեն: Եվ ՀՀԿ-ն երբեք, ի տարբերություն այլ ուժերի, իրավական գործընթացներին քաղաքական աստառ չի տվել:

Իսկ ինչ վերաբերում է էթիկային, ես նորից ու նորից կրկնում եմ՝ առաջին անգամ չէ, որ քվորումի բացակայության պատճառով նիստեր չեն կայանում: 1995 թվականի հուլիսի 5-ից՝ Սահմանադրության ընդունումից հետո, բազմիցս եղել են օրինակներ, երբ նիստ տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով: Դրա ամենացայտուն օրինակը 2012 թվականի ընտրությունների պառլամենտական քարոզարշավի ընթացքն էր, երբ ես նիստը վարում էի, եւ քվորումի բացակայության պատճառով նիստ չէր կայանում: Այդ նիստերից, ի դեպ, հիմնականում բացակայում էին ընդդիմությունը՝ իր ամբողջությամբ, եւ այսօրվա այլընտրանքը: Հիմա ինչի՞ց են բողոքում: Եթե դա հակաէթիկական է՝ իրենք իրենց դե՞մ են բողոքում:

– Ընդդիմադիրները սպառնում են էթիկայի հանձնաժողովին դիմել:

– Մենք է՞լ էթիկայի հանձնաժողովին դիմենք, որ ընդդիմությունն ու այլընտրանքը չեն եկել նիստերի: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ քաղաքական բոյկոտի ինստիտուտը կիրառելի է: ՀՀԿ-ն իրացրել է իր իրավունքը՝ օգտվելով օրենսդրության ընձեռած հնարավորություններից: Ես պարզապես կցանկանամ, որ ինչքան իշխանությունն է ընդդիմության նկատմամբ հանդուրժող, գոնե դրա կեսի չափով էլ ընդդիմությունը հանդուրժող լինի իշխանության նկատմամբ եւ հասկանա, որ քաղաքական բազմակարծությունը նրա համար է, որ իշխանությունն իրավունք ունի գործելու այնպես, ինչպես մտածում է: Եվ բնավ պարտադիր չէ, որ իշխանությունը գործի ու մտածի այնպես, ինչպես ուզում է ընդդիմությունը: Եթե այդպես լինի, ապա մենք կվերադառնանք կոմունիստական հասարակարգ, որտեղ բոլորը մեկ կարծիքի էին եւ ծափահարում էին իրար:

– Ծիծաղելի չէ՞, որ իշխանության ներկայացուցիչը ընդդիմությանն է հանդուրժողականության կոչեր անում՝ այն պարագայում, երբ քաղբանտարկյալներ ունենք:

– Ես չեմ կարծում, որ մենք քաղբանտարկյալներ ունենք: Եվ ոչ՝ ծիծաղելի չի, ես լուրջ եմ ասում: Մեր գործընկերներից որոշ մարդիկ անգամ ասացին, որ Սահմանադրությունն է բռնաբարվել, պետականության դեմ ոտնձգություն է. լավ կլիներ մի քիչ մտածեին՝ նոր խոսեին: 1995 թվականից ի վեր տասնյակ օրինակներ են եղել, որ այդպես խոսողների ներկայացրած քաղաքական ուժերը քվորում չեն ապահովել, եւ նիստ չի կայացել: Հիմա մենք վեր կենանք գոռանք, թե՝ նրանք բռնաբարել են Սահմանադրությունը կամ էթիկայի նորմե՞ր են խախտել: Պետք է հանդուրժող լինեն եւ հասկանան, որ եթե իրենք ունեն քաղաքական որոշում կայացնելու իրավունք, ապա քաղաքական մեծամասնությունը նույնպես նման իրավունք ունի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930