Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անկախության շոգը

Նոյեմբեր 23,2012 13:45

Օգոստոսյան մի շոգ օր, հերթական անգամ, միտքս թափառ էր, եւ ես Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկով գնում էի դեպի «Տրիումֆ» սրճարան: Գնում էի իմ ընկեր Հակոբ Սողոմոնյանի «Թլպատվածները» հրաշալի վեպի լույս ընծայումը շնորհավորելու: Եվ եղավ այնպես, երբ Տերյանի վիզծուռ ու տխուր արձանի մոտով էի անցնում` ինձ բարեւեց իմ հին ծանոթներից մեկը, թերեւս, դասախոս` հին կաշառքառնչություններից մաշված մի մարդ, ով հայտարարեց, որ Բաթումից՝ ծովափից է վերադարձել: Եվ ոչ ավել-ոչ պակաս՝ ասաց ինձ.

– Չե՞ս զգում, որ հիմիկվա շոգերը անտանելի են: Քսանհինգ-երեսուն տարի առաջ շոգը ավելի հեշտ էինք տանում:

Ես ուզում էի առարկել եւ ասել, թե վաղուց երեւանցի եմ, եւ Երեւանում միշտ օգոստոսը շոգ է եղել: Ուզեցի, բայց չասացի, թերեւս այն պատճառով, որ ես գրեթե տասնհինգ տարի ծովափերում չէի եղել, փոխարենն ասացի՝ գիտես, իշխանություններն են մեղավոր: Եվ զարմանալի բան. նրա մարած աչքերում տարտամ կայծ բռնկվեց եւ անմիջապես թաց, քրտնած ձեռքով կառչեց արմունկիցս.

– Այ, ապրես, ասաց, գիտես՝ վրացիներն այսօր ուր են հասել, ինչ լավ են ապրում, իսկ տղաս ու հարսս երեկ Անթալիայից եկան, ասում էին՝ հրաշք է…

Տեր Աստված, թող ինձ ների այդ մարած աչքերով մարդը, եթե կարդա այս տողերն ու ճանաչի իրեն: Ների, թե չների, ես մի կերպ արմունկս պոկեցի գորտի սառնությամբ ինձ բռնած ձեռքից եւ ոչինչ չասելով՝ հեռացա:

Ես գնացի մի բաժակ խմելու երեւանի շոգ օրվա եւ իմ ընկերոջ վեպի համար: Բայց սրճարանին մոտենալով՝ տարօրինակ մի զգացում արթնացավ իմ շոգ օրվա ծփանքի մեջ, եւ ես ուզեցի ընկերոջս հետ խմել նաեւ երեւանցի մեր կանանց ու աղջիկների կենացը, ովքեր, երեւի, Սեւան էլ չէին գնացել արեւահարվելու: Եվ մարմիններն այնքան ճերմակ էին օգոստոսի շոգին, որ կարծես երեկ էին հանել ձմեռվա թանձր հանդերձը: Հանել էին ու բաց ուսերով ու ծնկներով հայտնվել էին բացօթյա սրճարանում՝ գուցե չգիտակցելով նաեւ, որ մի տեսակ հոգնել են իրենց հավատարիմ ու բարոյական կյանքից:  Ու, թերեւս, ուզում էին, որ օտար տղամարդու հայացք սահի իրենց ճերմակ ուսերի ու ծնկների վրայով:

Շնորհակալություն քեզ, իմ համբերատար ու հավատարիմ հայ կին: Անկախ նրանից, թե ում այգում, ում օջախում ես դու, ինչպես ծիրանի ծաղկած ծառը՝ դու շքեղ ես, միեւնույն է: Խորին խոնարհում քեզ, որ մութ ու անկրակ, անտաքջուր տարիներին պահեցիր քո տունն ու քո օջախը: Դիմացար անդիմանալիին եւ հաղթեցիր կռվում՝ չկորցնելով քո կանացի հմայքն ու արժանապատվությունը:

Եվ հիմա, արդեն մտնելով սրճարան, զգում եմ, որ դուք եւ ձեր անհասանելի հմայքը կարող է միայն իմ արմունկից սրբի, մաքրի մարած աչքերով, կաշառքառինչ գորտի սառնությամբ ձեռքի հպումը:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930