Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ բանակցությունները շարունակվում են նույն հունով, ինչպես մինչսաֆարովյան փուլում

Նոյեմբեր 23,2012 13:43

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ ԼՂ բանակցային գործընթացը գրեթե փակուղում է

Երեկ մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Նրանք երեկ Ստեփանակերտում էին, որտեղից ուղեւորվեցին Երեւան, այսօր նախատեսվում է նրանց հանդիպումները ՀՀ իշխանությունների հետ, իսկ երկուշաբթի համանախագահները Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի իշխանությունների հետ:

Հոկտեմբերի 27-ին Փարիզում ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի հետ կապված հայտնի իրադարձություններից հետո տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որին այնուհետեւ միացել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ ԱԳ նախարարները վերահաստատել էին իրենց վճռականությունը՝ շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը՝ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Նախարարները եւ համանախագահները պայմանավորվել էին այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների՝ նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:

Հետսաֆարովյան հայտնի իրադարձություններից հետո, երբ ի ցույց դրվեց ոչ միայն հակամարտության գոտում սովորական մարդասպանին անթաքույց պետական մակարդակով հովանավորելու եւ հերոսացնելու Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը, երբ ըստ էության Ադրբեջանի նախագահը կարողացավ համախմբել Ադրբեջանի քաղաքական ողջ դաշտը ռասիզմի շուրջ, թվում էր, թե պաշտոնական Երեւանը դրանից հետո գոնե ստեղծված նպաստավոր պայմաններում կկարողանա ԼՂ կարգավորման բանակցություններում հայկական կողմի համար շահեկան դիրքերից հանդես գալ: Սակայն փաստացի բանակցային գործընթացը շարունակվում է նույն հունով, ինչպես մինչսաֆարովյան գործընթացն էր:

Ամենայն հավանականությամբ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կնախընտրի այս հարցում եւս առաջնորդվել իր հայտնի դիրքորոշմամբ, ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացներում, այն է՝ միջազգային հանրությունը գիտի, թե ով է տապալում կարգավորման գործընթացը, հայտնի պատճառաբանությամբ։ Իսկ թե ինչ է շահում հայկական կողմը գործնականում՝ անհայտ է…

Երեկ «168 ժամ»-ը գրել էր, թե ըստ իշխանական վերնախավում շրջանառվող խոսակցությունների՝ տարածաշրջանային այցի ընթացքում հնարավոր է, որ կողմերին նույնիսկ ներկայացվի ինչ-որ փաստաթուղթ, որը համաձայնեցվելու դեպքում կարող է ստորագրվել դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդի նիստի շրջանակներում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանին երեկ «Առավոտ»-ը նախ հարցրեց, թե ինչպե՞ս են անցել ԼՂՀ իշխանությունների բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: ԼՂ նախագահի մամլո խոսնակը նշեց, որ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային վերջին զարգացումները։ «ԼՂՀ նախագահը հատուկ շեշտել է մի շարք հանգամանքներ. բանակցային գործընթացին Ադրբեջանի կողմից հասցվել է լուրջ հարված՝ Սաֆարովի հերոսացման հետ կապված, որն անթույլատրելի է եւ վտանգավոր ոչ միայն տարածաշրջանի համար, այլեւ Ադրբեջանի ժողովրդի, ադրբեջանական պետականության համար, որովհետեւ նման ֆաշիստական գաղափարախոսությամբ առաջնորդվելը որեւէ լավ բանի չի հանգեցնի»։

ԼՂ նախագահի մամլո խոսնակը նշեց, որ որեւէ նոր փաստաթուղթ, առաջարկություններ չեն ներկայացվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից։ «Դուք գիտեք, որ բանակցային գործընթացը գրեթե մտած է փակուղի։ Ի՞նչ նոր գաղափար կարող է լինել, եթե Ադրբեջանում մարդասպանի են հերոսացնում, իսկ դա հարված է հասցրել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին…»։

«Առավոտ»-ի հարցին՝ իսկ նման փակուղային իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոր ելք չե՞ն ներկայացնում՝ փակուղուց դուրս գալու համար, Դ. Բաբայանը հակադարձեց. «Այս պահի դրությամբ պետք է պահպանել գործընթացը, ուղղակի պահպանել կայունությունը. սա է ամենամեծ առաքելությունը, որովհետեւ այլ սպասում՝ կլինի բեկում, կլինի նոր զարգացում, դեռեւս վաղաժամ է։ Եթե Ադրբեջանը խախտում է հասարակ, բարոյական նորմեր՝ ինչի՞ մասին կարող է խոսել»:

Պատասխանելով մեր հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված հարցը, եւ ինչ տրամադրություններ են առկա համանախագահների մոտ՝ Դ. Բաբայանը նկատեց, որ այդ հարցը նույնպես արծարծվել է, եւ բոլորը նշում են, որ օդանավակայանի վերակառուցումը զուտ մարդասիրական գործընթաց է եւ չպետք է քաղաքականացվի։ «Արցախյան կողմը պահպանում է իր վրա վերցված բոլոր պարտականությունները, այսինքն՝ չի քաղաքականացնում այդ հարցը, չի շահարկում, սա ուղղակի տեխնիկական, սոցիալ-տնտեսական բնույթի օբյեկտ է, որը պետք է նպաստի մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, հաղորդակցության թեթեւացմանը։ Այստեղ որեւէ քաղաքական հարց չկա, եւ համանախագահները մեր դիրքորոշումը հարգել են եւ կրկին անգամ վերահաստատել իրենց դիրքորոշումը, որ այս հարցը չպետք է քաղաքականացվի, եւ անթույլատրելի է որեւէ ռազմական գործողությունը ինքնաթիռների նկատմամբ»,- նկատեց ԼՂ նախագահի մամլո խոսնակը։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930