Այսօր «Սլաք» ակումբում Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված չորեքշաբթի օրը՝ արտահերթ նիստին ԱԺ-ի մոտ կոնգրեսականների բողոքի ակցիային ժառանգականների չմիանալը, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի կողքին չկանգնելը: Նա պատասխանեց. «Վարչությանը նման առաջարկ չի եղել: Վարչությունը նման հարց չի քննարկել»:
Պարոն Մարտիրոսյանը գտնում է, որ ՀՀԿ-ի քայլը չի կարող հակասահմանադրական լինել եւ դա փախուստ չէ, ինչպես որակում է ԲՀԿ-ն, դա բոյկոտ է. «Բայց ինձ համար անընդունելի էր մեծամասնության բոյկոտը: Երբ որ ընդդիմությունն է բոյկոտում, դա ինձ համար ընդունելի է, իսկ մեծամասնության պարագայում դա ինձ համար անընդունելի է: Մեծամասնությունը երկու տարի է, ասում էր՝ փողոց մի գնացեք, մենք բաց ենք երկխոսության համար, սա տեսակետների ամբիոն է, եկեք խորհրդարան, իսկ երբ ինքը դրանից նույնիսկ քննարկում թույլ չի տալիս կազմակերպել, սա ինձ համար անընդունելի է: Թող գային, իրենց PR-ի համար գային պատգամավորները, թող դեմ քվեարկեին, բայց իրենք պատրաստ չէին քննարկման եւ լսելու, ուր մնաց թե՝ խնդիրը լուծելու: Սա է խնդիրը»:
Կարդացեք նաև
Ըստ նախկին պատգամավորի՝ ընդդիմությունը, իր փոքրության պատճառով, երբեմն այլ ելք չտեսնելով, կարող է բոյկոտ անել, բայց ոչ մեծամասնությունը: Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ ՍԴ՝ չէ, բայց ԱԺ էթիկայի հանձնաժողով ընդունելի է դիմելը. «Ես գտնում եմ, որ այստեղ էթիկայի կանոնների խախտում եղել է»:
Լրագրողները հիշեցրին, որ կոնկրետ Արմեն Մարտիրոսյանը նախորդ գումարման ԱԺ-ի նիստերի վերջում քարոզարշավների էր գնում եւ 4 նիստի չի մասնակցել: Նա ծիծաղեց. «Դա ես շատ լավ հիշում եմ: Այն ժամանակ էթիկայի հանձնաժողով չկար»: Մեր հարցին, թե բժշկից տեղեկանք տարե՞լ է իր անհարգելի բացակայությունների համար, նա պատասխանեց. «Ինչի՞ համար, բացարձակ, ես որեւէ տեղեկանք չեմ տարել, որովհետեւ մեծաթիվ չեն եղել բացակայություններս»:
ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի դիտարկմամբ՝ արտահերթ նիստին չգալով՝ ՀՀԿ-ն թողեց թույլ մեծամասնության տպավորություն. «Բանավեճում կտեսնեինք՝ ո՞վ է ավելի ճիշտ: Այստեղ իրենք տանուլ են տվել: Դա՝ միանշանակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ