Լրահոս
Օրվա լրահոսը

Գրանտակերներ

Նոյեմբեր 23,2012 13:35

Երբ հասարակական կազմակերպությունների անդամները բարձրացնում են մարդու իրավունքներին կամ բնապահպանությանը վերաբերող որեւէ խնդիր, իշխանության ոչ պաշտոնական ներկայացուցիչները (պաշտոնականները զգուշանում են) փոխանակ ասեն, որ հ/կ-ների պնդումները սուտ են, սահմանափակվում են մի պիտակով՝ «գրանտակերներ»: Նախ՝ պարզ չէ, թե ինչ է դա փոխում: Օրինակ՝ մենք գիտենք, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ոչ մի ծառայություն՝ սկսած լողանալուց եւ վերջացրած զբոսանքով, առանց կաշառքի չի մատուցվում եւ ոչ մի բան չի կատարվում առանց «զոն նայողի» թույլտվության: Հիմա կարեւո՞ր է արդյոք, թե դրա մասին բարձրաձայնող Արթուր Սաքունցը գրանտակե՞ր է, ամերիկյան լրտե՞ս է, հայրենասե՞ր է, թե՞ հայրենասեր չէ: Բոլորը իրականությունը գիտեն, բոլորը գիտեն, որ դրանք ոչ թե «առանձին թերություններ են, որոնք ժամանակի ընթացքում կշտկվեն» (այսօրվա չինովնիկները շատ լավ են ընդօրինակել կոմունիստների ձեւակերպումները), այլ տասնամյակների ընթացքում ստեղծված, հստակ գործող «յուղած» մեխանիզմ, համակարգ: Եթե Սաքունցը դա չասի, այդ համակարգի մասին բոլորը կմոռանա՞ն:

Ես չեմ բացառում, որ դրամաշնորհ վերցնող հ/կ-ները ինչ-ինչ խարդախությունների են գնում: Ասենք՝ սեմինարի «քոֆե-բրեյք»-ի համար խորոված-քյաբաբի փող են դուրս գրում, բայց չոր կարկանդակներ են տալիս: Բայց այն, ասենք, 1000 դոլարը, որը նման մեքենայությունների արդյունքում իր գրպանն է դնում հ/կ-ական գրանտակերը, պարզապես մանկական չարաճճիություն է այն միլիոնների համեմատ, որն ուտում են ՀՀ կառավարության ներկայացուցիչները: Որովհետեւ հ/կ-ները սովորաբար ստանում են 10-20 հազար դոլարի գրանտ, իսկ կառավարությունը՝ միլիոնների: Որտե՞ղ են, ինչպես ընդունված է ասել, ավելի մեծ «կոռուպցիոն ռիսկերը»:

Վերջին օրինակներից մեկը. ըստ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գյուղացիներին միլիոնավոր դոլարի դասախոսություններ են կարդացվել: Դարձյալ ինձ հետաքրքիր չէ, թե որ կուսակցությունից է այդ պատգամավորը եւ ինչ նպատակներից ելնելով է նա այդ հարցը բարձրացնում: Շատ ավելի կարեւոր է՝ իսկապե՞ս 16,6 կամ թեկուզ 6,6 միլիոն դոլարի դասախոսություններ են կարդացվել: Գուցե դրանք այնպիսի դասախոսությունների շարքից են, որոնք վարչապետը կարդացել է կթվորուհիներին: «Առավոտը», բնականաբար, հետաքրքրվեց այդ խնդրով: Բայց թե՛ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» ղեկավար Էդգար Ավետյանը, թե՛ «Հազարամյակի մարտահրավերների» նախկին տնօրեն Արա Հովսեփյանը, ինչպես ասում են, «խոսքը կտուրը գցեցին»: Ի դեպ, պարոն Հովսեփյանն այժմ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենն է: Գուցե հիմա էլ ճանապարհաշինարարնե՞րը դասախոսությունների կարիք ունեն:

Մի խոսքով՝ այնքան էլ միանշանակ չէ, թե ովքեր են իրականում գրանտակերները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930