Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի շրջանակում:
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, շնորհավորել՝ հոբելյանի առթիվ և նշել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ինչպես մեր, այնպես էլ շատ այլ երկրներում բազմաթիվ երկրպագուներ ունեցող սիրված ու տաղանդավոր երգչին, ով վստահաբար Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամն է:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում հպարտ են Առնո Բաբաջանյանի հետ մեծ բարեկամությանը Իոսիֆ Կոբզոնի հավատարմությամբ, որն արտահայտվում է նաև ամեն պատեհ առիթով հայ անվանի կոմպոզիտորի մասին Իոսիֆ Կոբզոնի մեծարանքի ջերմ խոսքերով:
Իոսիֆ Կոբզոնը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ հյուրընկալության և գնահատանքի համար: Հանդիպման ժամանակ նա Հանրապետության ղեկավարին իր տպավորություններն է ներկայացրել Հայաստան հերթական այցի և նոյեմբերի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում իր բարեգործական համերգն ունկնդրելու եկած հայ հանդիսատեսի ու համերգին մասնակցած հայ երաժիշտների մասին, ովքեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի խոսքով, բավականին ջերմ հյուրընկալության են արժանացրել իրեն:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ