Երեկ «Zham.am» կայքը հրապարակել է հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որտեղ վերջինս նշել է, թե կայացրել է իր որոշումը՝ կապված նախագահական ընտրությունների հետ։
Մասնավորապես, Ծառուկյանն ասել է. «Բնականաբար, նման կարեւորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին եւ հանպատրաստից։ Ասեմ ավելին. ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ։ Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությանը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից։ Մյուս կողմից, սա նաեւ օպտիմալ ժամանակահատված է՝ կուսակցական ընկերների եւ քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները եւ առաջարկները լսելու համար»։
Այնուհետեւ լրագրողը շարունակել է. «Ի դեպ, ժամանակի մասին. կա կարծիք, որ Ձեր վերջնական խոսքի ուշացման պարագայում ժամանակն աշխատում է Ձեր դեմ, կա նաև հակառակ տեսակետ, որ ժամանակը աշխատում է Ձեր օգտին»։ Ի պատասխան՝ ԲՀԿ նախագահը նշել է. «Գիտեք, որ ժամանակը դեմ կամ կողմ աշխատելուց բացի, ունի նաեւ այլ կարեւոր հատկանիշներ։ Ժամանակը պահանջում է նաեւ համբերություն եւ ճշգրիտ, հաշվարկված որոշումներ կայացնելու անհրաժեշտություն»։
Կարդացեք նաև
Իր հերթին երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, թե քաղաքական խորհրդի փակ նիստում նոյեմբերի 21-ին ամփոփվել են կուսակցության մարգային տարածքային կառույցներում տեղի ունեցած քննարկումների արդյունքները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ քաղաքական խորհրդին ներկայացվել են նախագահի թեկնածուի հարցով կուսակցականների ցանկությունները, եւ նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի թեկնածությունն առաջադրելու հարցը քննարկման փուլում է։ «Այդ հարցի վերաբերյալ որոշում կներկայացվի առաջիկայում, նախատեսված ժամկետներում», նշել է Տիգրան Ուրիխանյանը։
Ինչ վերաբերվում է ԲՀԿ քաղխորհրդի նիստին, ապա այն փակ է եղել, եւ Ծառուկյանին պատկանող լրատվամիջոցներից մեկի տեղեկություններով, անցել է բաց եւ անկեղծ մթնոլորտում։ Համաձայն կայքի հրապարակման՝ Գագիկ Ծառուկյանը ասել է, որ ինքը կարիք ունի բաց խոսակցության՝ առանց պայմանականությունների, առանց ձեւականության։
Դրանից հետո մասնակիցները մեկը մյուսի հետեւից հայտարարել են, որ ժողովուրդը լսել անգամ չի ուզում գործող նախագահի անունը եւ, որ իրենք պատրաստ են ամենակոշտ պայքարի։ «Ժողովուրդը եւ մենք ոչինչ չունենք կորցնելու՝ ինչ պետք է անեն՝ խլեն բիզնեսները՝ արդեն արել են, ազատեն աշխատանքից՝ արդեն արել են, ձերբակալեն՝ բա հետո ինչ պետք է լինի։ Սա ընտրություն չէ՝ սա ժողովրդի լինել- չլինելու հարցն է», եզրափակել են հանդիպման մասնակիցները։
Ի պատասխան այս ամենի, Ծառուկյանը, «7or.am» կայքի փոխանցմամբ, ասել է բառացիորեն հետեւյալը. «Ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ։ Ես անձնական որեւէ խնդիր չեմ դրել ու չեմ դնելու, ես անձնական որեւէ շահ չեմ հետապնդում։ Որպես անձ՝ ես կարող եմ իմ բոլոր խնդիրները այս իշխանության հետ այս կամ այն կերպ լուծել։ Բայց ես տեսնում եմ քայքայվող երկիր, արտագաղթող ժողովուրդ, խեղդող անարդարություն, համատարած կոռուպցիա, ահագնացող չքավորություն։ Ես չեմ կարող այս ամենին լինել անտարբեր։ Սա է իմ միակ խնդիրը»։
«ՉԻ» տեղեկություններով, Գագիկ Ծառակյանը պատրաստվում է իր որոշման մասին հայտարարել մոտ օրերս՝ իր ծննդյան տարեդարձը արտերկրում նշելուց հետո։ Նոյեմբերի 25-ին Գագիկ Ծառուկյանի տարեդարձն է, եւ նա, սովորության համաձայն, իր տարեդարձը նշելու է Հայաստանից դուրս։ Նշենք նաեւ, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը խնդրել է Ծառուկյանին իր որոշման մասին հայտարարել ՀՀԿ համագումարից հետո միայն, իսկ այն կայանալու է, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 15-ին։
Գոհար Վեզիրյան
«Չորրորդ ինքնիշխանություն»