Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Խիստ հարգանքով եմ վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը Բաքվում»

Նոյեմբեր 23,2012 12:09

 «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու եւ նրա հայտարարությունները մեկնաբանելով՝այսօր «Հենարան» ակումբում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ հարգանքով է վերաբերվում նրա հայտարարությանը. «Պետք է կարողանանք մեր դիրքորոշումը ցանկացած տեղ ասենք, ինչը արել է մեր հարգարժան քաղաքական գործիչը: Անկախ տեղից, վայրից պետք է բարձրաձայնենք, որ Ադրբեջանը վաղ թե ուշ պետք է ճանաչի ԼՂՀ ինքնորոշման իրավունքը»:

Արտակ Զաքարյանի մեկնաբանությամբ՝ Հայաստանի «օկուպանտ» երկիր լինելու մասին հայտարարությունները ադրբեջանական հակաքարոզչության մի մասն են. «Թուրքիան, գիտակցելով Հայաստանի աճող դերակատարությւոնը տարածաշրջանում, որեւէ կերպ չի կարողանում հանդուրժել այդ հանգամանքը: Թուրքիան մինչ օրս չի կարողանում որեւէ բացատրություն գտնել, ապացույց եւ հիմնավորում գտնել, թե ինչու առ այսօր հայ-թուրքական արձանագրությունները չի վավերացվել իր Ազգային ժողովի կողմից եւ ինչու են հետեւողականորեն ցանկանում տապալել հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործընթացը՝ առանց նախապայմանների: Բնականաբար, Թուրքիային այլ բան չէր մնում, քան լրացնել Ադրբեջանի հակաքարոզչությունը, որպեսզի կարողանա երրորդ երկրի հետ մեր հիմնախնդիրները կապել նաեւ իր` մեզ հետ տարվող քաղաքականությանը: Ինչը ոչ նորմալ երեւույթ է, եւ չի կարող կառուցողական հարաբերույթուններ ստեղծել՝ առանց այդ էլ լարված պայմաններում»: Ըստ Արտակ Զաքարյանի, Հայաստանն այսօր կարողանում է իր արտաքին քաղաքական վեկտորներում հավասարակշիռ եւ հստակ քաղաքականություն պահել. «Դա հնարավորություն է տալիս պահպանել բանակցային գործընթացը՝ խաղաղ կարգավորման հիմքի վրա, միջազգային հարթակներում հստակ ներկայացնել իր դիրքորոշումը»:

Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը առաջարկ է ներկայացրելՄինսկի խմբի համանախագահներին, որի նպատակը հայ-ադրբեջանական սահմանին զինադադարի խախտման հնարավորինս նվազեցումն է: Հարցին՝ադրբեջանցիները կհամաձայնե՞ն առաջարկին, եւ հնարավո՞ր է նոր համաձայնագիր կնքվի՝ զինադադարի չխախտման պայմանով՝ ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.«Հայաստանի կողմից բոլոր առաջարկները ուղղված են այն բանին, որ հայկական կողմը հավատարիմ է խաղաղ կարգավորման  գործընթացին: Կարեւորագույն նախապայմանն է հրադադրի ռեժիմի պահպանումը»: Ըստ ՀՀԿ պատգամավորի, Ադրբեջանի վրա ճնշումն է’լ ավելի է մեծանալու: Հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որ չեն ցանկանում Ստեփանակերտի օդանավակայանի առաջին ուղեւորները լինել, ավելին, նրանք գտնում են, որ պետք չէր օդանավակայանի բացումը, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Դա հավասարակշռության մոտեցումներ են, բացումը կմոտեցնի խաղաղ վերջաբանին, խաղաղության հաստատման: Նախ, ազատ տեղաշարժման իրավունք ունեն բոլոր երկրները: Դա միջազգային սկզբունքն է, ոչ ոք չի կարող ասել, որ ԼՂՀ բնակիչները պետք է լինեն շրջափակման մեջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հոխորտանքներին, ես ավելի քան վստահ եմ, որ դրան չեն գնա: Բնականաբար, Մինսկի խմբի համանախագահները չէին ցանկանա, որ բանակցային գործընթացը մտնի փակուղի՝ այդ պատճառով: Դրա համար էլ չեն ցանկացել գալ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930