Օրերս քաղաքական ասպարեզ բերվեց մի նոր գործընթաց, այն է՝ նախախորհրդարանի ձևավորում։ Այս նախաձեռնության անդամներից փորձեցինք մեկնաբանութսուններ լսել, թե այս շարժումն ինչ է ենթադրում։
«Ազգային նպատակներին ծառայելու եւ իրավական պետություն կայացնելու քայլեր ոչ մեկը չի արել»
Լարիսա Ալավերդյան
– Ինչո՞վ են ձեր գաղափարները, նախաձեռնությունը տարբերվում ընդդիմադիր մյուս ուժերի մշտապես հնչող տեսակետներից։
Կարդացեք նաև
– Ազգային նպատակների հետապնդմամբ և երկրի զարգացման տեսլականով։
– Մինչ սա ընդդիմությունն ազգային գաղափարներ չի՞ ներկայացրել։
– Ոչ։ Տարիներ շարունակ ազգային նպատակներին ծառայելու և իրավական պետություն կայացնելու քայլեր ոչ մեկը չի արել։ Հիմնական շեշտը դրվել է իշխանափոխության վրա։ Այս տարիներին քաղաքական ուժերը ոչ միայն չեն ուժեղացրել քաղաքացիական հասարակությունը, այլև երկրի զարգացում ու արդյունավետ համագործակցություն չեն ապահովել ժողովրդի հետ։ Այսօր քաղաքացիական հասարակության շուրջ 33 անդամ իր վրա է վերցնում այդ գործը։
– Այդուհանդերձ, ձեր վերջնանպատակը կրկին իշխանափոխությունը չէ՞։
– Իշխանություն վերցնելը կարող է իրականացվել բոլորովին այլ խմբի կամ խմբերի կողմից։ Սա մեծ տարբերություն է։ Այս խումբն իր վրա պատասխանատվություն է վերցնում ներկա իրավիճակի համար ու առաջիկայում պիտի որոշ քայլեր իրականացնի։ Այն ոչ մի կուսակցության չի պատկանում։
– «Որոշ քայլեր» ասելով ի՞նչ նկատի ունեք՝ հանրահավաք, երթ…
– Ո՛չ։ Դա ենթադրում է հայեցակարգի մշակում, նոր գաղափարի տարածում։
– Ասել է՝ սա տևակա՞ն գործընթաց է լինելու։
– Իհարկե, որովհետև նպատակը ենթադրում է ոչ թե այդ փոքր խմբով փոփոխություններ իրականացնել, այլ ժողովրդի, քաղաքացիական հասարակության ակտիվ խմբի հետ։
– Չե՞ք կարծում, որ սա էլ ընդդիմության այն քայլերի շարքին է դասվելու, որոնց արդյունքը հասարակությունը այդպես էլ չի տեսնում։
– Սա Ձեր ասած դասական ընդդիմությունը չէ, այլ քաղաքացիական հասարակության ակտիվ շարժում։
– Նախախորհրդարանը, ի վերջո, խորհրդարան ե՞րբ կդառնա։
– Դա տեղի է ունենալու աշխատանքների առաջին փուլն իրականացնելուց հետո, որից հետո ընտրական նոր հանձնաժողով կլինի, ու այդ հարցն էլ կլուծվի։ Սա մոտավորապես այն է, ինչ կոչվում է պայմանագրային պետականություն, երբ պայմանավորվածություն է լինում քաղաքացիական շարժման ու հասարակության անդամների միջև։ Տպավորություն չպիտի ստեղծվի, որ սա ընդդիմադիր ուժ է։
«Մենք գալիս ենք ոչ թե իշխելու, այլ ծառայելու»
ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ
– Նախախորհրդարան ստեղծելու ձեր գաղափարների մասին բազմիցս բարձրաձայնել է ընդդիմությունը։ Այս շարժումն ինչո՞վ է առանձնանալու։
– Երևի նրանով, որ ընդդիմությունն ասում է, դիմադրությունը՝ անում։ Մենք նրանց ընդդիմություն չենք համարում։ Այդ ընդդիմությունը համագործակցում է իշխանության հետ, ասում է մի բան, անում՝ ուրիշ։ Խորհրդարանի, նախագահի ընտրություններին կամ չընտրություններին է մասնակցում։ Մեծ կրքով օդում բան է թափահարում և անգամ պատրաստվում միասնական թեկնածու առաջադրելու։ Այն, որ մենք նույն բաներն ենք ասում, զարմանալի չէ, տարբերությունը ոչ թե ինչ, այլ ինչպես անելն է։ Ցանկացած երթուղային տաքսու վարորդ կամ շուկայում կանգնած գյուղացի կասի՝ ինչ անել։ Էականն այն է՝ ինչպես անել, կամ անե՞լ, թե՞ ոչ։
– «Ինչպես անելու» համար տևակա՞ն ժամանակ է պետք։
– Մենք, որպես ազգ, այդ տևական ժամանակը չունենք։ Նախախորհրդարանը գործելու է ընդամենը քսան շաբաթ, որից երեքն արդեն անցել է։ Քիչ ժամանակ ու շատ-շատ գործեր ունենք անելու։
– Նշված ժամկետի ավարտից հետո ի՞նչ եք անելու։
– Դրա մասին ասված է ճանապարհային քարտեզում։ Նախախորհրդարանի հիմնական նպատակն է պայմաններ ստեղծել հիմնադիր ժողովի ստեղծման համար, որն արդեն լինելու է ժողովրդի կոդմից ընտրված և իրավասու է լինելու որոշումներ կայացնելու, կատարելու։
– Դուք նշել եք, որ այլընտրանքային ընտրություններով պիտի հիմնադիր խորհրդարանը ձևավորվի։ Ի՞նչ ասել է՝ այլընտրանքային։ Այսօրվա ընտրական համակարգը չե՞ք ընդունում։
– Ո՛չ։ Ոչ մի իրեն հարգող մարդ լուրջ չի ընդունի այն ընտրությունները, որոնք այսօր կատարվում են։ Անգամ այն մարդիկ, ովքեր հինգ կամ տասը հազար դրամ են վերցնում, նրանք էլ սա ընտրություն չեն համարում։ Մեր առաջարկածը շատ հին գաղափար է և կոչվում է սոցիալական պայմանագիր հասարակության հետ։ Կնքվելու են երկուստեք պայմանագրեր, ճիշտ այնպես, ինչպես հոսանքի, գազի պայմանագրերն են քաղաքացիները կնքում ընկերությունների հետ՝ իրենց վրա որոշակի պարտականություններ վերցնելով, ակնկալելով ծառայություններ։ Մեր կարգախոսներից է՝ մենք գալիս ենք ոչ թե իշխելու, այլ ծառայելու։
– Իշխանափոխության նման մեթոդին մեր հասարակությունը պատրա՞ստ է։
– Առաջիկայում մենք դա կստուգենք։ Եթե պատրաստ չէ, նշանակում է հասարակությունը պատրաստ է երկար տարիներ եւս ապրելու մի իշխանության օրոք, երբ ազգային հարստությունը մսխվում է, հասարակությունն արտագաղթում է։ Բայց մենք կարծում ենք, որ հասարակությունը ժամեր է հաշվում, թե երբ կազատվի այս վարչախմբից։
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
«Իրատես de facto»