Պլովդիվի (Բուլղարիա) քաղաքապետարանը որոշել էր Հաջի Հասան թաղամասում գտնվող փակուղային մի փողոց՚ Մադարան, Արմենիա կոչել, ինչը համայնքում դժգոհություն էր առաջացրել: Ինչպես Aravot.am-ի խնդրանքով տեղեկացրեց Բուլղարիայի Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Սահակ Չալըքյանը, անվանակոչությանը հայությունը դեմ է եղել մի քանի պատճառներով` թաղամասը թրքաբնակ է ու գնչուաբնակ, փողոցն էլ ավելի շատ փակուղի է, քան փողոց: Ըստ Չալըքյանի, բանը հասել է նրան, որ Բուլղարիայում Հայաստանի դեսպանն առաջարկել է փողոցը գոնե Գյումրի անվանել, նկատի ունենալով Գյումրիի եւ Պլովդիվի` քույր քաղաքներ լինելու հանգամանքը: Ի վերջո, Պլովդիվի հայության բողոքին արձագանքել է Պլովդիվի քաղաքապետարանի անդամ, նախկին քաղաքապետ Սպաս Գրնեւսկին, եւ նրա առաջարկով երեկ փողոցն անվանել են Երեւան:
Մեր հարցին` հատկապես ինչո՞ւ են դեմ փողոցին հայկական անուն տալուն, պարոն Չալըքյանը պատասխանեց. «Եթե որեւէ հրապարակ անվանակոչվի Երեւան եւ Հայաստան, ընդունելի կլինի, քանի որ հրապարակը գոնե ճառագայթներ ունի, մուտք եւ ելք, իսկ այս փողոցի պարագային ենթատեքստ կա, այն է` Երեւանն ու Արմենիան ճանապարհ եւ ապագա չունեն, քանի որ փողոցը փակ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ