Լրահոս
Օրվա լրահոսը

Լ. Տեր-Պետրոսյանի 5 տարբերակը

Նոյեմբեր 23,2012 11:27

Նախօրեին ներկայացրել էինք այն հինգ տարբերակները, որոնցով կարող է առաջնորդվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններում։

Թե ինչ է սպասվում նրան եւ նրա ղեկավարած ուժին այդ տարբերակներից յուրաքանչյուրն ընտրելու դեպքում, գնահատել էր քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։ Երեկ փորձագետը գնահատել է նաեւ այն հինգ տարբերակները, որոնք, քաղաքական գործոնների ներկայիս դասավորության պայմաններում, կարող է ընտրել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Տարբերակ աոաջին՝ Տեր-Պետրոսյանն անձամբ կառաջադրվի նախագահի թեկնածու։ «Տեր-Պետրոսյանը կառաջադրվի, թե չի առաջադրվի, բնականաբար, որոշելու է ինքը՝ իր թիմի հետ խորհրդակցելով։ Իհարկե, կան որոշակի խնդիրներ, որոնք, ամենայն հավանականությամբ, նա հաշվի կառնի։ Մասնավորապես, խնդիրներից մեկն այն է, որ եթե ինքն առաջադրվում է, ապա առնվազն նպատակը պետք է լինի նախագահ դառնալը, ոչ թե մասնակցելը կամ ինչ-որ երկրորդ պատվավոր տեղ զբաղեցնելը։ Իսկ հաղթանակի հասնելու համար պետք է հաշվես որոշակի պայմաններ, նախ՝ հասարակության պոտենցիալը եւ ընտրական գործընթացին արտաքին քաղաքական կենտրոնների միջամտությունը։ Հիմա կարող ենք ասել, որ այսօրվա հասարակությունը, բնականաբար, 2008 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին եղած հասարակությունը չէ՝ մի քանի պատճառներով։ Հասարակության թուլությունը ցույց է տալիս արտագաղթը, պոտենցիալի թուլացումը, տնտեսական վատ վիճակը, հասարակության աղքատացումը, քաղաքական ինտելեկտի ընդհանուր անկումը: Բնականաբար, այդ բոլորը եւ ոչ միայն՝ պետք է հաշվի առնվի առաջադրվելու դեպքում։ Այսպիսով, եթե քեզ համար շահավետ գործոններ չկան, իսկ դու մտնում ես գործընթացի մեջ, նշանակում է՝ դու գնում ես պարտության, սա է հարցը»։

Տարբերակ երկրորդ՝ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, այլ առաջադրում է Կոնգրեսից որեւէ մեկին։ «Բնականաբար, տվյալ դեպքում նույնպես, իհարկե, քննարկելու հարց կա, բայց պետք է նշենք, որ այլ թեկնածուի առաջադրելու դեպքում ՀԱԿ-ի թեկնածուի նախագահ դաոնալու հնարավորություններն էապես թուլանում են, եւ շատ հնարավոր է, որ տվյալ դեպքում ՀԱԿ-ի թեկնածուն վերածվի ընդամենը գործող նախագահի ընտրարշավի իր ձայնն ապահովող տարրերից մեկը։ Սա պետք է հաշվի առնել»։

Տարբերակ երրորդ՝ սատարում է այլ թեկնածուի, մասնավորապես ԲՀԿ-ի թեկնածուին։ «Սա, իհարկե, նույնպես քննարկվող հարց է, հնարավոր է այդ տարբերակը լինի, բայց այստեղ էլ կան որոշակի հարցեր։ Մասնավորապես, դու պետք է վստահ լինես, որ ԲՀԿ-ի թեկնածուն իրոք նպատակադրվել է եւ քայլեր է կատարում իշխանափոխության համար, եւ ԲՀԿ-ն ցանկանում է տեսնել իր թեկնածուին նախագահ։ Դա պետք է դու տեսնես, որովհետեւ, իհարկե, զուտ քաղաքական վերլուծության տեսակետից ելնելով, քաղաքական դաշտում քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ տվյալ դեպքում ԲՀԿ-ի թեկնածուն կարող է առաջադրվել ոչ թե հաղթելու, այլեւ ա՛յլ խնդիրներ լուծելու համար։ Երբ տեսնում ես, որ ԲՀԿ-ի թեկնածուն ոչ թե հաղթանակ է տեսնում, այլ ինչ-ինչ խնդիրներ է լուծում, եւ դու սատարում ես, տվյալ դեպքում դու դառնում ես ԲՀԿ-ի խաղալիքը, դրա համար պետք է ուշադիր լինել։ Իհարկե, ԲՀԿ-ի ներկայացուցիչները նշում են, թե իրենք ոչ մի դեպքում չեն սատարելու գործող նախագահին, ձգտելու են հաղթանակի, բայց, ամեն դեպքում դու պետք է ուշադրություն դարձնես քո քաղաքական փորձին եւ քո հոտառությանը՝ նրանք իրականո՞ւմ այդպես են ցանկանում, թե՞ ավելի բարձր մակարդակում այլ հարցեր են լուծվում։ Դա պետք է հաշվի առնես, հակառակ դեպքում՝ դու կդառնաս խաղալիք ԲՀԿ-ի ձեռքում եւ ոչ միայն ԲՀԿ-ի»։

Տարբերակ չորրորդ՝ ոչ մեկին չի սատարում եւ չեզոք դիրք է գրավում։ «Այս տարբերակի դեպքում, բնականաբար, ՀԱԿ-ին արդեն մնում է պատրաստվել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որ տեղի կունենան  2017 թվականին։ Բայց այդ ընթացքը նա պետք է օգտագործի ՀԱԿ-ում կազմակերպակառուցվածքային փոփոխություններ անելու համար եւ ավելի հստակեցնի որոշ հարցեր, մասնավորապես օրիենտացիոն հարցեր, ի վերջո՝ ՀԱԿ-ը որտեղ է պատկերացնում Հայաստանին՝ ԵվրԱզԷսի տարածաշրջանում, Եվրոպայի տարածաշրջանում։ Ինչպես նաեւ դրանից կախված որոշակի աշխատաոճային փոփոխություն պետք է անի եւ փոփոխություն մտցնի ՀԱԿ-ի կառուցվածքում, որովհետեւ հասկանալի է՝ ՀԱԿ-ն այլեւս բազմակուսակցական մարմին չէ, այլ փաստացի՝ մեկ կուսակցություն է։ Դա այլեւս շարժում չէ։ Պետք է հաշվի առնել այդ խնդիրները»։

Տարբերակ հինգերորդ՝ հայտարարում է քաղաքականությունից հեռանալու մասին։ «Դա էլ է տարբերակ. ՀԱԿ առաջնորդը կարող է հեռանալ քաղաքականությունից, բայց պետք է իմանանք, որ քաղաքական կյանքը 2013 թվականի նախագահական ընտրություններով չի ավարտվում, եւ եթե ՀԱԿ առաջնորդը հայտարարում է քաղաքական ակտիվ գործունեությունից դուրս գալու մասին, ապա ՀԱԿ-ը պետք է էլի կատարի որոշակի աշխատանքներ։ Նա պետք է կատարի այն նույն աշխատանքները, ինչ նշեցի նախորդ կետում, այսինքն՝ իր օրիենտացիայի հարցը պետք է հստակեցնի, կազմակերպակառուցվածքային փոփոխություններ իրականացնի, որովհետեւ եթե նա դա չարեց, ապա 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո՝ առանց հայտարարելու քաղաքականությունից դուրս կգա ոչ միայն ՀԱԿ առաջնորդը, այլեւ հենց բուն ՀԱԿ-ը»:

ԼՈԻՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930