ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը չգիտի, ինչի համար է «Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանն իրեն դատի տվել: «Տեղյակ չեմ, դատավարությանը մասնակցել է մեր գերատեսչությունը: Ունենք ծառայություն, որը եւ մեր շահերը պաշտպանում է: Ինձ չի էլ հետաքրքրել, որ դատի են տվել ու չեմ էլ հասկացել՝ ինչի համար: Մամուլից եմ տեղեկացել, հետո պարզվել է, որ կապվել է ասուլիսներից մեկի ժամանակ իմ հայտարարության հետ: Հայտարարությունը կարդացել եմ, տեսել եմ՝ Հարթունյանի հետ կապված ապօրինի, նրա ինքնասիրությունը վիրավորող հայտարարություն չեմ արել: Ձգտում եմ ամենօրյա աշխատանքի մեջ չվիրավորել որեւէ մեկին ու չեմ հասկացել՝ որ պահին եմ վիրավորել»,- Aravot.am-ին ասաց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
Մեր դիտարկմանը, թե Ն. Հարթունյանը պնդում է, որ դուք ձեր՝ «Նարեկ Հարթունյանի գործը այն տիպիկ հայերի գործերից է , որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր, ու այս նորմալ երեույթը ուղեկցվում է հարկեր չվճարելով: Տվյալ անձի կողմից Ռուսաստանից ներմուծվել է մակարոնեղեն ու ալյուր՝ երեք տարի շարունակ, որի արդյունքում ամբողջ շրջանառությունը ցույց չի տրվել այն գնով, ինչ իրականում եղել է: Գոյություն չունեցող խանութի միջոցով միլիոնավոր դրամների յուրացում է կատարվել… ինչի հետեւանքով պետությանը հասցվել է մոտ 70 միլիոն դրամի վնաս» հայտարարությամբ խախտել եք նրա անմեղության կանխավարկածը, պարոն Ալավերդյանն ասաց. «Այդպիսի արտահայտություն չեմ արել: Այժմ էլ կարող եմ ասել, լինեն սփյուռքահայեր թե Հայաստանի քաղաքացիներ, նրանք, որոնք իրենց գործունեության ընթացքում սահմանված հարկերը ճիշտ ժամանակին չեն վճարում մենք միշտ էլ աշխատում ենք քննադատել: Առանց հիմքերի ոչ մի հայտարարություն չի արվում: Անձնական գործոնը այստեղ պետք է հանել, ես անգամ այդ սփյուռքահային չեմ էլ ճանաչում, կազմակերպության մասին է խոսք գնացել»:
Պարոն Ալավերդյանը նաեւ հավելեց, որ չի էլ ընդունում, որ իր հայտարարության մեջ անզգույշ արտահայտություններ է թույլ տվել. «Կարդացել եմ, վիրավորական ոչ մի արտահայտություն այնտեղ չեմ տեսել, եթե տեսնեի, հաստատ կանդրադառնայի դրան: Իմ գործունեության ընթացքում չեմ արժանացել, որ ինձ դատի տան: Պետական բյուջեի համար 22 տարի պայքարել, աշխատել ու աշխատում եմ եւ պետք չէ ինձ նման մարդուն դատի տալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ