Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան. «Երկրորդ դատաքննությամբ ապացուցվել է Վ. Կոթոլյանի անմեղությունը»

Նոյեմբեր 23,2012 10:52

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԱԱԾ քննչական վարչության քննիչ Վլադիմիր Կոթոլյանի դեմ գործով այսօրվա նիստում սկսվեց ամբաստանյալի երեք պաշտպանների՝ Վաղարշակ Գևորգյանի, Կարեն Քամալյանի և Էմիլ Պետրոսյանի միացյալ պաշտպանական ճառի հրապարակումը:

Ըստ պաշտպանական կողմի, մեղադրանքը շինծու է՝ հիմնված սոսկ ենթադրությունների ու կասկածների վրա, գործը «բանսարկության և զրպարտության փորձ է» և նպատակ ունի վարկաբեկելով ամբաստանյալին՝ «մեղադրել մի արարքի մեջ, որը տեղի չի ունեցել»: Իսկ մեղադրանքը հիմնված է «թմրանյութերի ներկրմամբ զբաղվող, պրոֆեսիոնալ թմրամոլ», համապատասխան մարմիններից կախման մեջ գտնվող և նրանց կամքը կատարող Հովհաննես Գևորգյանի  զրպարտչական ցուցմունքների վրա առ այն, որ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար քննիչի պահանջով տվել է նրան 4000  դոլար կաշառք:

Վկա Գևորգյանի ցուցմունքներն անարժանահավատ է նաև այն պատճառով, որ քացախաթթվի անհիդրիդ ներկրելու համար նախատեսվում է տուգանք, ուստի անհեթեթ ու մերկապարանոց է այն պնդումը, թե քրեական պատասխանատվութունից ազատվելու համար քննիչին «վճարվել է»  4000 դոլար, առավել ևս, որ վկան այդ փողերը չուներ և գտնվում էր ֆինանսական ծանր վիճակում:  (Ըստ մեղադրանքի, քննիչն իր վարույթում գտնվող՝  «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Մ. Ավետիսյանի և Հ. Գևորգյանի մոտից  0.5 մգ քացախաթթվի անհիդրիդի հայտնաբերման գործով,  հիշյալ անձանցից ստացել է 2000-ական ԱՄՆ դոլար):

Պաշտպանական կողմը հիշեցրեց, որ  դատավճիռն  արդեն մեկ անգամ բեկանվել է, ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նորից քննելու, սակայն մեղադրող Աշոտ Նադոյանն իր մեղադրական ճառում հաշվի չի առել նոր դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, որոնք, ըստ պաշտպանական կողմի, ապացուցում են ամբաստանյալի անմեղությունը: Ավելին՝ մեղադրական ճառը 2010թ հաստատված մեղադրական եզրակացության կրկնությունն էր:

Հիշեցնենք, որ գործով առաջին դատավճռով  Վ. Կոթոլյանը դատապարտվել էր  7 տարվա ազատազրկման, դատավճիռը բեկանվել էր և ուղարկվել դատարան՝ նոր քննության: Մեղադրող Աշոտ Նադոյանը իր մեղադրական ճառում նորից միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 7 տարվա ազատազրկման և բռնագանձել անձնական գույքի 1/3-րդը:

Պաշտպանական կողմի  ստվարածավալ պաշտպանական ճառն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ, ճառի հրապարակումը կշարունակվի դեկտեմբերի 6-ի դատական նիստում:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930