Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Բաքվում. «Հուսով եմ, որ կկարողանանք հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները» (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2012 23:32

Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում մասնակցել է «Ասիայի քաղաքական կուսակցությունների կոնֆերանս»-ին, որին հրավիրված է եղել՝ որպես «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հույս է հայտնել, որ հակամարտության կողմերը կկարողանան հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները:

Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին մեկնել էր Բաքու` մասնակցելու Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող «Ասիայի քաղաքական կուսակցությունների կոնֆերանս»-ին, որին հրավիրված է որպես «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սխալ է օգտագործել այնպիսի քաղաքական բառեր, ինչպիսին է «բռնազավթում»-ը:

«Նման տերմինաբանության համաձայն, հայկական հողերի մեծամասնությունը նույնպես բռնազավթվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,- հայտարարել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ արցախյան հակամարտության պատճառը եղել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակիչների դեմ:

«Հուսով եմ, որ կկարողանանք հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները: Դա տեղի կունենա, երբ կողմերից յուրաքանչյուրը սկսի հասկանալ, որ պատասխանատվություն է կրում ողջ տարածաշրջանի համար: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրավունք ունեն արտահայտվել և հայտարարել իրենց ինքնության մասին: Պետք է հարգել միմյանց, դիմացինի ինքնությունը և մշակութային ժառանգությունը», – ասել է Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդը անդրադարձել է նաև փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցին: « Ես հասկանում եմ 700 հազար ադրբեջանցի փախստականների խնդիրները և 400 հազար հայ փախստականների իրավունքները, որոնք վտարվել են Բաքվից և Սումգայիթից: Նրանք բոլորն իրավունք ունեն վերադառնալ իրենց հողեր, այդ թվում` ադրբեջանցիներն անկախ Լեռնային Ղարաբաղ, իսկ հայերը` Թուրքիա»,- ասել է Հովհաննիսյանը:

Եզրափակելով Բաքվում լրագրողների հետ հանդիպումը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել կոնֆերանսի կազմակերպիչներին ընդունելության համար և հույս հայտնել, որ կկարողանա այցելել հայկական եկեղեցի և հանդիպել Բաքվում բնակվող հայերի հետ:

Արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Բաքվում արված հայտարարություններին՝ Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմադովն ասել է, թե «Հայաստանի նախկին արտգործնախարարի կողմից արված հայտարարություններն անհիմն են»:

«Անկախ այն բանից, թե ինչ է ասել նախկին արտգործնախարարը, ՄԱԿ-ը, եվրոպական հեղինակավոր կազմակերպությունները և միջազգային հանրությունն ընդհանրապես, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն ու դրա համանախագահները բազմիցս շեշտել են Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված հողերի շուրջ առկա փաստերը և բացեիբաց հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին», – ասել է Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմադովը:

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930