Այսօր ՀայArt մշակութային կենտրոնում բացվեց Sevada Art Studio-ի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին:
Լրագրողների հետ զրույցում Sevada Art Studio-ի հիմնադիր, գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սեւադան ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 150 բազմազան աշխատանք. «Հեղինակները տարբեր տարիքի սաներ են: Իմ արվեստանոցն ընդունում է 5-105 տարեկան մանկական մաքրություն ունեցող «երեխաներին»: Անգամ 80 տարեկան աշակերտ եմ ունեցել, ով նկարչություն է սովորել: Շատերը սիրողական մակարդակում են սովորում` արվեստին հաղորդակից լինելու համար: Իմ արվեստանոցում միշտ դասական երաժշտություն է հնչում»: Գեղանկարիչը հավելեց, որ ցուցահանդեսը կտեւի 15 օր:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց, որ ցուցահանդեսը մասն է կազմում տարվա ընթացքում կազմակերպված այն միջոցառումների, որոնք ներկայացնում են ՄԱԿ-ի` հայ գործընկերների հետ ունեցած ձեռքբերումները. «Հաճելի է այն հանգամանքը, որ այսօր ներկայացված են Sevada Art Studio-ի սաների աշխատանքները: Այն փաստը, որ Սամվել Սեւադան շարունակում է տարածել հայ արվեստի ավանդույթները, բոլորին հայտնի է: Բացի այդ, նրա աշխատանքները միտված են ՄԱԿ-ի բազային գաղափարների` խաղաղության, ընկերության, Մարդու իրավունքների, բարության տարածմանը: Այդ գաղափարները նա փոխանցում է նաեւ իր աշակերտներին: Կարծում եմ` ապագայում նրանք քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ կլինեն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ