Այսօր Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը սկսվեց քաղաքապետի ու ավագանու 21 անդամների երդման արարողությամբ, ովքեր երդվեցին հավատարիմ մնալ ՀՀ Սահմանադրությանը, ծառայել քաղաքացիների բարեկեցությանն ու մարդու իրավունքների պաշտպանմանը:
Ավագանու նիստը սկզբիցևեթ վերածվեց երկխոսության Գյումրու նորընտիր քաղաքապետի ու ավագանու անդամ ընտրված ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի միջև: Հայտնի լրագրողը ամեն հարցում իր առաջարկությունն ու առարկություններ էր ներկայացնում` ցույց տալով օրենքների իր գերազանց իմացությունը: Իսկ ավագանու մյուս անդամները, ապշած վերջինիս ակտիվությունից ու այդքան տեղեկացված լինելուց, 3-4 ժամ շարունակ առանց ծպտուն հանելու, սուսուփուս լսում էին:
Նշենք, որ ավագանու անդամների մեջ կային մարդիկ, որոնք չէին էլ պատկերացնում ինչու են եկել, ինչ են անելու, երևի իրենց կյանքում առաջին անգամն էին այդքան շատ թղթեր տեսնում: Ինչևէ, ավագանու կանոնակարգը, քաղաքապետարանի հաստիքացուցակը, երկրորդ քաղաքապետ ունենալ-չունենալը և այլ հարցեր քննարկելուց զատ, մի քանի ինտրիգային զեկույցներ հնչեցին` հանրահայտ «Չայկայի» ու մանկապարտեզներում տիրող մաֆիայի մասին:
Կրթության բաժնի պետ Արմեն Նախշքարյանը մի քանի բացահայտումներ արեց` խոսելով օրակարգում ընդգրկված 8-րդ հարցի շուրջ, որը կոչվում էր «Նոր Պարտեզ մանկապարտեզներ համայնքային ոչ առևտրային կազմակերպության բաժանման ձևով վերակազմակերպման մասին»: Նա առաջարկեց մանակապարտեզները կենտրոնացնող այս կառույցը, որը ստեղծվել է 1994 թվականին վերացնել, քանի որ այն անիմաստ գումարներ է տարել բյուջեից, տարեկան 11 միլիոն դրամի գումար է տարել, հաշվեհամարին եղել է 40 միլիոն դրամ է ծախսվել, լիքը հաստիքներ է ունեցել` առանձին գործադիր տնօրեն, մի քանի հաշվապահներ, սակայն նպատակին չի ծառայել , մանկապարտեզների համար ոչինչի չի արել, որևէ ներդրում չեն կատարել համակարգում: Մի խոսքով, դրա գոյությունը հակասում է «Հանրակրթության մասին» օրենքին:
Կարդացեք նաև
Ըստ կրթության բաժնի պետի, սա ավելորդ կառույց է, և այն վերացնելով խնայում են 13 միլիոն դրամ: Առաջարկն այն էր, որ մանկապարտեզները վերաձևակերպվեն որպես առաձին ՊՈԱԿ-ներ: Սամվել Բալասանյանը, լսելով մանկապարտեզների թեման, չդիմացավ գայթակղությանը ու սկսեց խոսել Վարդան Ղուկասյանի ատկատներից: « Ես մի հատ տրամաբանություն չեմ հասկանում` ինչո՞ւ են բոլորը ձգտում աշխատել մանկապարտեզի վարիչ, զարմանալի է , ես նախակրթարանների հետ կապված որևէ հանդիպում չեմ ունեցել, որովհետև ուզում եմ հասկանալ, նոր դրանից հետո հանդիպել: Ես պետք է վարիչներին անպայման մրցույթով նշանակեմ, ու դուք ինձ պետք է օգնենք:Էս հարցը գիտե՞ք ինչ հարց է , մենք պետք է նախակրթարանների հետ կապված ծրագրեր բերենք: Տեսքի պետք է բերենք, եթե կա մարդ, որը նախակրթարանը իդեալական տեսքի կբերի, թող իրա կինը վարիչ աշխատի, ես համաձայն եմ, բայց միայն երեխայի հետ կապված խնդիր չունենա, չգիտեm ինչ ասեմ: Մենք անելիք ունենք էստեղ բոլորս , էսպես չեմ թողնելու ձեզ, առանձին-առանձին պետք է աշխատենք և նախակրթարանների հետ և դպրոցների հետ , և մաքրության հետ,ամեն ինչ անելու ենք:Իսկ նախակրթարանները պետք է լինի թիվ մեկը, և ծախսել են ինչ-որ գումարներ, ինչ-որ միջոցառումներ, նայում ես 30 կամ 40 միլիոն , զարմանում ես, ասում ես , , լավ` էս ո՞ւմ վրա են էս տաշի տուշին արել , արա՛, չեղած բյուջեի՞, երբ որ 4 ամսի աշխատավարձ չեն տվել»:
Պարոն Բալասանյանը նաև զարմացած է, որ հացը մեկի մաֆիան է եղել, կարագը` մյուսի: «Խայտառակություն է, սրա մասին մենք կբաձրաձայնենք ուսումնասիրելուց հետո»,-եզարափակեց քաղաքապետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ