Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում գրեթե բոլորը գիտեն հայտնի «փուչիկների գործով» 1 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի մասին: Հիվանդանոցի աշխատակիցներն ասում են` նրա մոտ օրական այնքան լրագրող է գնում, որ իրենք արդեն մանրամասն տեղեկացել են գործից:
Սերոբ Բոզոյանին հանդիպում էի առաջին անգամ, թեև մեկ անգամ եղել եմ նրանց տանը: Այդ ժամանակ, սակայն, Բոզոյանները տան դուռը չէին բացում, ստիպված էի երկար նստել նրանց աստիճաններին՝ մինչև հանդիպեցի Սերոբ Բոզոյանի կնոջը` Մարինե Բոզոյանին: Հետո պարզվեց՝ տանը միայն երեխաներն էին: Այս պատմությունն այսօր հիշեցինք Սերոբ Բոզոյանի հետ, ում հուսահատ դեմքին այնքան ընդգծված էր բարությունը… Ս. Բոզոյանը միզապարկի քաղցկեղով հիվանդ է…
– Ինչպե՞ս եք:
– Ոչինչ, նորմալ: Շնորհակալ եմ բժիշկներին: Նայում են, քննում են, անալիզներ են վերցնում ու շուտով կորոշեն, թե ի՞նչ բարդության վիրահատություն են անում: Դեռ հստակ չի, թե ինչ վիրահատություն են անելու, որովհետև կարող է մասնակի վիրահատություն անեն` խոցերը հեռացնելով, կարող է ամբողջությամբ հեռացնեն: Դեռ որևէ բան հստակ չէ:
– Ե՞րբ իմացաք Ձեր հիվանդության մասին:
– Շուտ էր, մի 5 տարի առաջ էր, բայց հետազոտվելու գնացի ավելի ուշ` 3 տարի առաջ: Էդ ժամանակ նկարեցին՝ ասացին, որ պետք է վիրահատվեմ: 2009թ. ձմռանը վիրահատվեցի, ու էդ ընթացքում պիտի էլի գայի-գնայի, քիմիա-բան անեի, բայց բուժումը թանկ հաճույք էր, ու մեր թաղային օնկոլոգի հսկողության տակ սուտի-մուտի բուժվում էի: Շատ ուշադրություն չէի դարձնում առողջական վիճակիս, մինչև վերջերս ուժեղ պրիստուպ բռնեց, ու կինս` Մարինեն, տեսնելով վիճակս, ասաց` պետք է տեղափոխենք հիվանդանոց: Հետո զանգեցինք էստեղ, բայց չէին ընդունում, ասացին՝ շտապօգնությամբ հիվանդ չեն ընդունում: Էդ ժամանակ ասացի, որ իրենց հիվանդն եմ, էլի: Դրանից հետո գնացի «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ ինձ ասացին` «ձյաձ ջան, դու էստեղի հիվանդը չես»: Ես շնորհակալ եմ նաև էդտեղի բժշիկներին: Հետո եկա Ֆանարջյանի անվան հիվանդանոց, բայց էստեղ էլ էլի պրոբլեմ կար` անձնագիր չունեի: Իրենք ընդունեցին, տեսան, որ իրենց հիվանդն էի, բայց անալիզների կեսից էլ բան չէին անում` ասացին՝ անձնագիր չունես, երկրորդն էլ` գումարային հարցեր կային: Դե, վիրահատության գումարը դառել էր 164.000 դրամ, ու երբ լսեցի` պլշեցի-կանգնեցի: Էլի ապրեն բոլոր էն մարդիկ, ովքեր օգնել են, ու ապրեն նաև նրանք, ովքեր չեն օգնել: Մի խոսքով` կինս որ տեսավ՝ էդ մոմենտն ա, ասաց` էլ ճար չկա, գնանք վարկ վերցնենք: Բայց ոչ մի բանկում վարկ չտվեցին, որովհետև ո՛չ ոսկի, ո՛չ էլ մեքենա ունեի… Էդպես… Հետո գնացի դատավորի մոտ, բացատրեցի իրավիճակը, ասացի, որ պրիստուպներս բռնել են, ու հիվանդանոցում անձնագիր են պահանջում: Շնորհակալ եմ նաև դատավորին, որն ասաց, որ իր կնիքով տեղեկանք կտա: Ի՞նչ ասեմ…
– Իսկ պրիստուպները ինչի՞ց սկսվեցին՝ Ձեր հոգեկան ապրումների՞ց:
– Բա ի՞նչ ա… Էս աշխարհում ինչ կա-չկա՝ ներվերից ու սննդից է լինում: Մի քանի ամիս ա՝ տառապում եմ, ամեն վայրկյան քնած-արթուն մտածում եմ, մղկտում եմ: Էրեխեքն էստեղ էին` հենց էդ տուժված էրեխեքը, ասացին. «վայ, ձյաձ ջան, ո՞նց ես, ո՞նց օգնենք Ձեզ»: Ես էլ ասացի` էրեխեք ջան, ինչքան սաղ լինեմ, պատրաստ եմ ծառայել ձեր ուրախության համար:
– Քանի՞ տարի է` զբաղվում եք փուչիկների լիցքավորմամբ:
– Ցավդ տանեմ, ես հո փուչիկ ծախող չե՞մ եղել: Ես ինժեներ-տեխնոլոգ եմ, աշխատել եմ տարբեր գործարաններում: Հետո աշխատողներին կրճատեցին, որոշ ժամանակ ամսական 3000 դրամով պահակություն էի անում, դե, դրանից հետո էլ շինարարությունում սկսեցի աշխատել, հետո էլ սկսեցի մարոժնի ծախել, խաղալիք դուդուկ, գլխարկ էի սարքում՝ ծախում, կողքից էլ փուչիկ… Դե, ցիրկն էլ փակելուց հետո էդ խաղալիքներն էլ չէի սարքում, համ էլ՝ ժողովուրդը քիչ ա ուրախանում: Ասենք, սոկ, մարոժնի էի ծախում` ձեռի հետ էլ` կողքից, փուչիկ էի ծախում:
– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Հանրապետական կուսակցությունը Ձեզ հանձնարարեց փուչիկներ լիցքավորելու գործը:
– Եսիմ, մարդիկ էին, եկան՝ զրուցեցին, ես էլ ասացի` տեսնեմ, մի քիչ մտածեմ՝ կասեմ:
– Ովքե՞ր էին:
– Տո եսիմ:
– ՀՀԿ-ի՞ց էին:
– Չգիտեմ` իրենցից էր, իրենցից չէր… Մի հոգի էր, անունն էլ` Վալոդ, հեռախոսիս համարը վերցրեց, ես էլ ասացի՝ կտեսնեմ` մի հատ, երկու հատ փուչիկ չի:
– Իսկ ի՞նչ պայմանավորվեցիք:
– Պայմանավորվեցինք, տեսանք, որ կարող ենք անել էդ գործը, բայց ես զգուշացրեցի, որ պրոստո պիտի զգույշ լինեն: Ո՞վ կուզեր, որ էդպիսի բան կատարվեր:
– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնության եկաք և համաձայնեցիք մեթանով լիցքավորել փուչիկները:
– Ես հելիում գազ չեմ էլ ունեցել: Էդ թանկ գազ ա, ու դժվար ա գտնվում:
– Այսինքն` պատվիրատուն նախապես գիտե՞ր, որ մեթանով էիք լիցքավորելու փուչիկները:
– Հա, դե ես ասացի` իմն էս ա, ես սա կարամ անեմ: Ու հարցրեցին`վտանգավոր չի լինի՞, ասացի` վտանգավոր ա, պետք ա զգույշ լինել, իրարից հեռու պահել, բարձր պահել, և այլն:
– Եվ ի՞նչ ասացին:
– Ասացին`տեսնենք, էլի, կմտածենք: Վերջը զանգեցին-ասացին` արա՛ բեր, շուտ բաց թողնենք:
– Ո՞վ ասաց:
– Եսիմ, ես շատ գիտեմ… Ինձնից էն էր հասնում, որ մեքենաները լցրել ենք… Գրուզավոյ մեքենաներով տարան… Ես զոռով հասցնում էի, հետո հրապարակի պուլպուլակի մոտից էլ չթողեցին ներս մտնենք, ու ես մինչ էդ լենտերը երկար-երկար կտրում էի, տալիս էի էրեխեքին, ասում էի` իրարից հեռու պահեք… Էդ օրը շատ էի հոգնել: Գիշերվանից փուչիկ էի փչում: Դեպքից առաջ հենց ուզում էի ջուր խմել՝ մեկ էլ գմփոց լսեցի:
– Ի՞նչ զգացիք այդ պահին:
– Ես լրիվ անջատվեցի, լացելով ֆռռում էի քաղաքում, հետո հասա «Լունապարկ», որտեղ զանգեցին ինձ Ոստիկանությունից: Չգիտեմ, մենակ մղկտում էի, ոչ մի բան չէի զգում… Մենակ ուզում էի, որ ոչ մեկը տուժած չլիներ… (Հուզված շրջվում է դեպի պատուհանն ու խորը հոգոց հանում.- Մ.Մ.): Եթե էրեխես առողջ լիներ, սոված չլիներ, ես էդ գործը չէի անի: Ինձ կարիքը ստիպեց ռիսկի դիմել: Ես էլ ռիսկի դիմեցի: Վտանգ ամեն տեղ էլ կա, պիտի ամեն ինչում զգույշ լինես, հիմա մի բան պլստացել ա, չէին նախատեսել: Դրա համար մյուս անգամ պիտի հազար անգամ ավելի զգույշ լինեն:
– Ձեր կինը մեզ հետ զրույցում ասել էր, որ Դուք թաքցնում եք այն, ինչ տեղի է ունեցել իրականում: Ինչի՞ց եք վախենում:
– Գիտեք, իմ կինն ա, իմ սրբությունն ա, բայց ինքը պրոստո էմոցիաներով ա լցվել: Իրեն ասում եմ` էնքան բան կա, որ ես չեմ հասկանում, դու ո՞նց հասկանաս: Հիմա արել եմ էդ գործը, տուժվել են, պատասխան եմ տալիս…
– Ձեզ պարտադրե՞լ են, որ մեղքը վերագրեք Ձեզ:
– Չէ, չեն պարտադրել, ես էդ գործի մեջ չէի՞: Էդ էրեխեքն էլ ինձ կճանաչեին, կասեին` «հեն ա, էն ձյաձն էր»: Հո դեմքս չե՞մ փոխել: Եթե էդ դեպքը կատարվել ա, ուրեմն` մեղավոր եմ: Ինձ ոչ մեկը չի ճնշում, ինձ իմ ցավն ա ճնշում:
– Սպասո՞ւմ էիք, որ կատարվածի համար 1 տարի ազատազրկման կդատապարտվեք:
– Մտածում էի, որ մի մեծ գումար տուգանք կնշանակեն, ու մինչև կյանքիս վերջ կաշխատեի՝ կտայի: Մտածում էի նաև, որ հարկադիր աշխատանքի կուղարկեն: Կոպիտ ասած` բերդի ապրանք չեմ: 54 տարեկան եմ, որտեղ աշխատել եմ` աշխատել եմ ազնիվ ու մաքուր ձևով: Ես էլ չեմ պատկերացնում իմ ապագան, դե, պատկերացնելու բան էլ չի… (լռում է.- Մ.Մ.):
– Վախեր ունե՞ք:
– Ինչի՞ց:
– Անորոշությունից:
– Չէ, զգուշանում եմ ամեն ինչից… չգիտեմ… Դե երևի պիտի տանջվեմ, տանջվեմ՝ տեսնեմ` սա՞ղ դուրս կգամ, թե՞ չէ: Էսօր էլ ասացին, որ ճողվածք, այսինքն` գրիժա էլ ունեմ:
– Ի դեպ, ՀՀԿ-ն փուչիկների լիցքավորման համար գումարը տվե՞լ է:
– էդ գումարը տվել են, և ծախսվել-գնացել ա…
– Ձեր կինն ասաց, որ չեն տվել այդ գումարը:
– Կինն ի՞նչ գիտի… Գործի ժամանակ կողքի՞ս է եղել: Կինն էն գիտի, որ ինչ պետք է լինում, առնում՝ տանում եմ տուն…
– Դեպքից հետո ՀՀԿ-ից զանգե՞լ են Ձեզ:
– Հա, զանգեցին: Էն տղեն զանգեց, որ պայմանավորվել էր հետս… Ես էլ ասացի` էս ի՜նչ կատարվեց…
– Իսկ կշարունակե՞ք զբաղվել փուչիկների լիցքավորմամբ:
– Ուրախության համար` այո, երբ դատավորը թույլ տա: Իսկ մասսայական միջոցառումների համար` խնդրեն էլ, չեմ անի` երբեք… Էսքան ժամանակ մտածել եմ, թե ի՞նչ է կատարվել… Մենակ մի բան գտա` դժբախտ պատահականություն էր, որ միլիոնից մեկի հետ է լինում: Անհավատ չեմ, բայց ասում են նաև` 7-ը կախարդական թիվ է… Հիմա մտածում եմ` կարո՞ղ է դա էլ կապ ունի… (7000 փուչիկ էր փչել Սերոբ Բոզոյանը.- Մ.Մ.): Ո՞վ գիտի… Չգիտեմ… Ինձ տույժ պիտի տային, բայց ոչ ազատազրկում… Գոնե հարկադիր աշխատանքի ուղարկեին…
Հ. Գ. Մեր զրույցից հետո Ս. Բոզոյանը տխուր ժպտում էր, և նրա ժպիտի ետևում թաքնված էին կատարվածի մասին այն իրական պատասխանները, որոնք նա այդպես էլ թաքցնում է բոլորից: