Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուկայական-քաղաքական» հակամարտություն

Նոյեմբեր 22,2012 19:49

Իջեւանի քաղաքապետարանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի, որով պահանջում է  շուկայի հետ քաղաքապետարանի 2005 թ. մարտի 14-ին կնքած պայմանագիրը եւ որպես հետեւանք  նույն օրը իրականացված անշարժ գույքի պետական գրանցումը եւ  այդ  իրավունքի գրանցման վկայականը համարել անվավեր:

Դատավոր Արման Կուրեխյանը հոկտեմբերի 10-ին մերժել էր քաղաքապետարանի հայցը, քանզի քաղաքապետարանը 4000 դրամ պետական տուրք էր  մուծել, մինչդեռ իր երկու պահանջի համար  պետք է մուծեր 8000 դրամ, դատարան չէր ներկայացրել  նաեւ պետական տուրքի վճարման ժամկետը երկարաձգելու  կամ դրույքաչափը նվազեցնելու միջնորդություն: Քաղաքապետարանի կողմից պետական տուրքը պատշաճ  մուծելուց հետ  նոյեմբերի 13-ին կայացել է  դատական նիստ:

Երկրորդ նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին: Երկու նիստերին էլ  քաղաքային շուկայի տնօրենը կամ նրա ներկայացուցիչը դատարան չեն ներկայացել: Նոյեմբերի 20-ի նիստին  չի ներկայացել նաեւ քաղաքապետարանի շահերը ներկայացնող փաստաբան Խաչիկ Զաքարյանը: Որպես քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դատարան էին ժամանել քաղաքապետարանի  քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Արամ Մելիքսեթյանը եւ քաղաքապետարանի ճարտարապետ Մարզպետ Ալիխանյանը: Դատավոր Կուրեխյանը նրանց հարցրել է , թե արդյոք նրանք դատարան են բերել իր կողմից նախորդ նիստի ժամանակ պահանջված, քաղաքապետարանի  հայցը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը: Քաղաքապետարանի աշխատակիցները  հայտարարել են,որ այդ փաստաթղթերը փաստաբան Խաչիկ Զաքարյանի մոտ են գտնվում: Դատավորը դատը հետաձգել է եւ հաջորդ  նիստը  նշանակել նոյեմբերի 27-ին:

Հավելենք, որ շուկայի տնօրեն  Գառնիկ Օհանյանը նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հարեւանն ու մտերիմն  է, Գ. Օհանյանի որդին՝ Նարեկը,  լինելով ավագանու անդամ, չի ներկայանում ավագանու նիստերին: Քաղաքապետ Վ. Ղալումյանը շուկայի տարածքի ընդլայնումը համարում է  անօրինական, Գառնիկ Օհանյանն էլ համարում է, որ քաղաքային եկեղեցու հարեւանությամբ գյուղմթերքների առեւտուրը հակասանիտարական պայմաններում է կատարվում: Քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասում է, որ այդ տարածքում մթերքների առեւտուրը ավագանու որոշմամբ է սահմանված:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930