Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով «Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում քննարկված հիմնահարցերն ու բարձրացված խնդիրները, նշեց, որ 2 օր շարունակ քննարկվել է Հայաստանում, Եվրոպայում եւ նրանից դուրս, ցմահ դատապարտման, մահապատժից ցմահ դատապարտման անցման փորձը տարբեր երկրներում, եւ այն հիմնախնդիրները, որոնք առկա են այսօր Հայաստանում:
«Խոսեմ երկու կարեւորագույն խնդրի մասին. մեկը 2003 թվականին նախագահի հրամանագրի, որով ներում շնորհվեց մահվան դատապարտվածներին, նոր քրեական օրենսգիրք ընդունելուց հետո, որտեղ դե յուրե վերացվեց պատիժը եւ, իր հրամանագրով էլ նրանց տրվեց ցմահ բանտարկություն: Այստեղ կա իրավաբանական կազուս, որովհետեւ նախագահն իրավունք ունի ներում շնորհելու, իսկ դատապարտելու՝ ոչ: Եվ եթե ներում չլիներ, դատարանները պարտավոր էին նրանց գործերը վերանայել եւ բոլորին տալ ցմահ ազատազրկում, եւ մենք վիճելու հարց չէինք ունենա: Ներման դեպքում՝ պետք է գործեր հին քրեական օրենքսգիրքը, որտեղ հստակ գրված է, որ մահապատժի դատապարտված անձանց ներման դեպքում նրանց տրվում է 15-20 տարի ազատազրկում, որովհետեւ սա ավելի մեղմ է քան ցմահ ազատազրկումը»,- ասաց Իշխանյանը, շեշտելով, որ այս հարցը տեղից չի շարժվում, որովհետեւ մեր իշխանությունները չեն ուզում անդրադառնալ ցմահների խնդրին:
«Հաջորդը՝ անցյալ տարի մայիսին ընդունված օրենքն էր, որում 15 տարվա եւ ցմահ ազատազրկման համար սահմանվեց մինչեւ 20 տարի պատժաչափ ու սա պատճառաբանվեց նրանով, որ հաճախ դատարանները չեն կարողանում կողմնորոշվել՝ 15 տարի տալ, որը քիչ է, թե՞ ցմահ: Եվ հաճախ ցմահ են տալիս, որը սխալ է: Այստեղից հետեւում է, որ եթե այս օրենքը լիներ նախկինում, ապա ցմահ դատապարտվածներից շատերը կստանային 20-25 տարի եւ ենթադրվում է, որ սա պետք է ունենար մեղմացնող ուժ ցմահ դատապարտվածների համար»,- մեկնաբանեց Իշխանյանը, շարունակելով, որ դատարանները որեւէ կերպ այս հարցը չլուծեցին, համարելով, որ դա խստացնող ուժ ունի, սակայն ըստ նրա, խստացնող կարելի է ընդունել միայն 15 տարի դատապարտվածների դեպքում:
Իշխանյանը տեղեկացրեց, որ բարձրացվել են նաեւ վաղաժամկետ ազատվելու հետ կապված հարցերը, քննարկվել՝ այլ երկրների փորձեր, որտեղ օրինակ 21 տարին լրանալուց հետո են տալիս ցմահ ազատազրկում, կամ՝ եթե 18 տարին լրանալուց հետո է լինում, ապա մինչեւ 21 տարին լրանալը տվյալ անձը հոգեբանական փորձություն է անցնում, պարզելու համար, արդյոք նա չափահասի մտածելակերպ ունի՞, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Ի պատասխան մեր հարցի՝ Իշխանյանը ասաց, որ միշտ մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու կողմնակից է եղել, ու նրան այս առումով դուր է գալիս Նորվեգիայի փորձը, որտեղ ցմահ ազատազրկում չկա, բայց դա չի նշանակում, որ ծանր հանցագործություն կատարող անձը կարող է ինչ որ ժամանակ հետո ազատվել. «Այստեղ 21 տարուց հետո վերանայվում է գործը, պարզելու համար, թե նա արդյոք վտանգավոր չէ: Ամեն դեպքում մարդու մոտ միշտ պետք է հույս թողնվի»:
Իշխանյանը հավելեց, որ անդրադարձ է եղել նաեւ դատական սխալներին: Նրա տեղեկացմամբ՝ Եվրոպական երկրներում, որտեղ կա դատական իշխանություն, այնտեղ արդարացման որոշումները 10-25 տոկոս է լինում, իսկ մեզ՝ մոտ 2 տոկոսի էլ չի հասնում: Եվրոպական երկրներում նույնիսկ այս պայմաններում դատական սխալները բազմաթիվ են լինում ու մարդիկ չեն խորշում իրենց սխալներն ընդունելուց եւ վերանայում են գործը. «Մեզ մոտ՝ չեն ընդունում, որ ընդհանրապես դատական սխալ է եղել: Հայաստանում չկա դատական իշխանություն, ունենք դատական համակարգ, որը անկախ չէ»,-նշեց Իշխանյանը, ավելացնելով, որ քննարկումներին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, եւ համաձայնվել ցմահ դատապարտվածների հետ կապված օրենսդրական փոփոխություններ ու հկ-ների հետ համատեղ փաթեթ ներկայացնել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ